ԴԺՎԱՐ Է ՀԱՎԱՔՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարները: «Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին եւ վերլուծվեցին այն խնդիրները, որոնք կարող են ցածր հավաքագրման պատճառ հանդիսանալ, ինչպես նաեւ՝ պարոն Տերտերյանը մանրամասն պարզաբանումներ տվեց 2012թ. ապրիլի 28-ից ուժի մեջ մտած «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ»,-հայտնեցին Տավուշի մարզպետարանից:
Գյուղապետերի վկայությամբ` իրենք խորհրդակցությունում մտահոգություն են հայտնել, որ «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքը հողի հարկի հավաքագրման համար խնդիրներ է ստեղծել: Համայնքների ղեկավարները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ այդ օրենքի ընդունումից հետո բարեխիղճ կերպով հողի հարկը մուծած գյուղացիներն իրենց խաբվածն են զգում: Վաչե Տերտերյանը, ի պատասխան գյուղապետերի մտահոգությանը, ասել է, որ  հողի հարկի պարտքի այն գումարները, որոնք ներվել են գյուղացիներին, գյուղապետարաններն օրենքով սահմանված կարգով չէին կարող գանձել:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքով չեղյալ են համարվել մինչեւ 2008թ. հողի հարկի  պարտքի գումարները եւ դրանց տույժ-տուգանքները, իսկ դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար` հողի հարկի պարտքի «մայր գումարները» մուծելուց հետո դրանց տույժ-տուգանքները չեղյալ են համարվում: Ի դեպ, այդ խորհրդակցությանը չեն հրավիրվել մարզի որոշ համայնքների ղեկավարներ, որտեղ ներկայում հողի հարկի հավաքագրման զրոյական ցուցանիշ կա:  Բանն այն է, որ այդ համայնքներում նախորդ տարի նույն ժամանակաշրջանում էլ հողի հարկի հավաքագրումը զրոյական մակարդակի վրա էր, եւ այդ պատճառով անցյալ տարվա համեմատ ցուցանիշը չէր կարող նվազել:
Գյուղապետերն ասացին, որ հողի հարկի գումարների մեծ մասը հավաքագրվում է աշնանը՝ բերքի իրացումից հետո: Աշնանը կերեւա, թե վերոհիշյալ օրենքի կիրարկումը հողի հարկի հավաքագրման առումով որքանով է արդյունավետ եղել: Նշված խորհրդակցության ժամանակ գյուղապետերն ասել են, որ օրենքի դրույթներին, դրա կիրառման մեխանիզմներին իրենք լավատեղյակ չեն, որպեսզի իրենց հերթին այն կարողանան բացատրել գյուղացիներին: Հողի հարկի հավաքագրման գործընթացը բարդանում է նաեւ նրանով, որ այս տարվա աշնանը  Տավուշի մարզի համայնքների զգալի մասում նախատեսված են  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սովորաբար գյուղապետերը ընտրություններից առաջ թերանում են հարկերը հավաքել, հարկ մուծող համագյուղացիների մոտ «լավամարդ են դառնում»՝ փոխարենն ակնկալելով ստանալ նրանց քվեները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս