Կարեն Կարապետյանը մեկ տարում 63 մլն է վաստակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մեծահարուստ պատգամավորների թվին է դասվում ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը: Նա իր եղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ միասին տարիներ առաջ հիմնադրել է «Տաշիր» ընկերությունը, որին են պատկանում մի շարք առևտրի կենտրոններ ինչպես Հայաստանում այնպես էլ՝ Ռուսաստանում:

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե ինչ կարողություն ունի Սամվել Կարապետյանը: Այսօր կներկայացնենք նրա պատգամավոր եղբոր ունեցվածքը:

Կարեն Կարապետյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում անշարժ կամ շարժական գույքի մասին տվյալներ բացակայում են: ՀՀԿ-ական պատգամավորը տվյալներ է ներկայացրել միայն իր եկամուտի և դրամական միջոցների մասին:

2012թ. մայիսի 31-ին պատգամավոր ընտրվելու կապակցությամբ նա ներկայացրել է այդ պահի դրությամբ առկա դրամական միջոցները, այն է` 150 մլն դրամ և 189 հազար դոլար: Վերջինիս մեկ տարվա եկամուտը կազմել է 89 մլն 216 հազար դրամ, որից տարեկան աշխատավարձը եղել է 2 մլն 417 հազար դրամ, իսկ շահաբաժինը՝ 86 մլն 798 հազար դրամ:

Պատկերը գրեթե նույնն է 2012թ. տարեկան հայտարարագրում: Նա այդ տարում հայտարարագրել 200 մլն դրամ և 170 հազար դոլար: Եկամուտը եղել է 66 մլն 321 հազար, որից աշխատավարձը եղել է 1 մլն 952 հազար դրամ, իսկ շահաբաժինը՝ 66 մլն 321 հազար դրամ:

Անդրադառնանք վերջին՝ 2013թ. տարեկան հայտարարագին: Նա ունի 210 հազար դոլար, 230 մլն դրամ: Մեկ տարում վաստակել է 63 մլն  554 հազար դրամ, որից 2 մլն 803 հազարը բաժին է հասել աշխատավարձին, իսկ 60 միլիոնը՝ շահաբաժնին:

Ընդգծենք, որ Կարեն Կարապետյանը պատկանում է այն պատգամավորների տեսակին, ովքեր խորհրդարանում երբևէ ելույթ չեն ունեցել, հարցերով հանդես չեն եկել և հաճախ բացակայել են նիստերից:

Նաիրա Հովհաննիսյան

Կարդացեք նաև՝ Ինչպես է հարստացել միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն




Լրահոս