ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: Ժամը 18:00-ից մինչ 23:00-ն Ազատության հրապարակում նախատեսվում է անցկացնել տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:  Իրենց դպրոցական տարիներն ու վերջին զանգը  մեզ հետ զրույցում հիշում են Գուրգեն Դաբաղյանը, Գրիշա Աղախանյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը:

ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Ավարտել եմ հայ-արգենտինյան դպրոցը 4 տարի առաջ: Վերջին զանգն այն օրերից է մարդու կյանքում, որ երբեք չի մոռացվում: Ի դեպ, մենք երկու խնջույք ենք արել, մեկը հենց վերջին զանգի օրը, մյուսն էլ շատ մեծ ու գեղեցիկ` ավարտական երեկո:
Հիշում եմ ավարտական երեկոս, շատ լավ է անցել, ինչպես բոլորի մոտ՝ շատ հուզված ու արցունքոտ աչքերով: Դասընկերներիս հետ կապ պահում եմ, նույնիսկ մի քանի ընկերուհիներ ունեմ, ովքեր իմ մանկության ընկերուհիներն են:
-Նախօրոք պատրաստվո՞ւմ էիր, զգեստ փնտրում:
-Այդ ընթացքում ես մեկնել էի արտասահման ու այնտեղից միանգամից գնեցի իմ շորը: Իսկ սանրվածքն ու դիմահարդարումն ինձ համար նորություն չէին, քանի որ ես բեմի մարդ եմ:
-Ի՞նչ կմաղթես շրջանավարտներին:
-Կյանքի մի փուլն ավարտվում է, մտնում են մեկ այլ փուլ, թող որ նրանք հաջողակ լինեն: Իսկ վերջին զանգի օրն էլ անցկացնեն միասին ու շատ ուրախ, դրանք անփոխարինելի հուշեր են: Ու նաեւ զգույշ լինեն այդ օրը, որ վթարներից ու այլ պատահարներից խուսափեն:

ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆ
-Գիտե՞ք՝ քանի տարի առաջ եմ ավարտել, 1985 թվին էր, մանրամասն չեմ հիշում, բայց հիշում եմ, որ համալիր` Ծիծեռնակաբերդ էինք գնացել, դա մեր ժամանակ պարտադիր էր: Չեխովի դպրոցն եմ ավարտել: Մերը լավ դասարան էր, ակտիվ քեֆեր էինք անում, բայց դե կրծողներ էլ ունեինք:  
-Ավարտական երեկո ունեցե՞լ եք:
-Հիշում եմ, որ ռեստորան գնացել ենք, եթե չեմ սխալվում` «Օջախ»-ում ենք նշել:
-Դպրոցական տարիներից ընկերներ մնացե՞լ են:
-Մեկ տարի առաջ մենք դասարանցիներով, ոչ բոլորն, իհարկե, մի 15 հոգով հավաքվեցինք: Ես Լոսից էի եկել, մյուս համադասարանցիս` Նյու Յորքից: Դե դասարանում միշտ մեկը լինում է չէ՞, որ կարողանում է բոլորին հավաքել: Վահանը՝ մեր դասընկերը, այդ ամեն ինչը կազմակերպեց եւ ում հնարավոր էր՝ գտավ: Հավաքվեցինք ռեստորանում, հիշեցինք դպրոցական տարիները, բոլորս արդեն մեծացած, քաչալացած, ամուսնացած-բաժանված, շատ հետաքրքիր վիճակներում:
-Ձեր մաղթանքը շրջանավարտներին:
-Որ ունենան արժեքներ ու հենց դրանցով ապրեն ու առաջնորդվեն: Վերջին շրջանում շատ առիթներ են եղել, առնչվել եմ երիտասարդների հետ, լավ էրեխեք նկատել եմ, թող որ շատ լինեն այդպիսիները:

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆ
-6 տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը, անկեղծ ասած՝ սպասում էի վերջին զանգիս, մանավանդ վերջին ամիսներին: Դպրոցից ընկեր շատ ունեի, մտածում էի՝ նույնիսկ ավարտելուց հետո մեր կապը կպահենք, կշփվենք, բայց այնպես ստացվեց, որ ամեն մեկս գնաց իր ճանապարհով, ու ավելի հազվադեպ սկսեցինք հանդիպել: Սակայն շատ հետաքրքիր ու գեղեցիկ հուշեր ունեմ՝ դպրոցի հետ կապված:
-Հիշո՞ւմ ես ավարտական երեկոն:
-Նախ՝ վերջին զանգն էր, հետո՝ ուրախություն, քեֆ, ռեստորան, պարել: Ինչքան հիշում եմ, մեր ավարտական երեկոն հենց վերջին զանգի օրը չէր, ոնց որ թե քննություններից հետո էր: Իսկ այդ օրը գնացինք մեր դասընկերներից մեկի տուն` Դավիթաշենի ձորում, սեփական մեծ տուն էր, ու շատ լավ ուրախացանք:
-Սովորաբար վերջին զանգի օրը դասընկերները միմյանց մաղթանքներ են գրում տետրերում, շապիկների վրա… Նման բաներ արե՞լ եք:
-Ես հիշում եմ, երբ մեր դպրոցի դահլիճում եղավ մեր վերջին զանգը, հետո հավաքվեցինք մեր դասարանում, շամպայն բացեցինք, իրար շնորհավորեցինք ու հենց այդ ժամանակ էլ գրեցինք մեր մաղթանքները: Աղջիկները մաղթանքներ են գրել մեր վերնաշապիկների վրա, ա՛յ հիմա չեմ հիշում՝ պահել եմ այդ վերնաշապիկը, թե ոչ:
-Մեր շրջանավարտներին ի՞նչ կմաղթես:
-Հիշե՛ք, որ նոր կյանք եք մտնելու, նոր շրջապատը շատ բան է փոխելու ձեր մեջ: Երբ հիմա հանդիպում եմ իմ դասընկերներին ու հիշում նրանց դպրոցական տարիներին, նկատում եմ, որ կյանքը շատ բան է փոխել նրանց մեջ, նույն բանն էլ իմ մասին են ասում: Ու թող ամեն նոր բան միայն ի նպաստ իրենց լինի, թող կյանքից միայն դրական բաները վերցնեն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս