ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ բանակի ամեն տարելիցի մի խումբ սպաներ արժանանում են բարձր կոչումների եւ մեդալների: Հասարակության մոտ այն կարծիքն է, թե «ով մուծում է, նա ստանում է պարգեւ»: Եթե դա ճիշտ չէ, ապա ինչո՞ւ Շուշիի ազատագրման պատասխանատու լեգենդար Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) ո՛չ պաշտոնն են բարձրացնում, ո՛չ նրան պարգեւի են արժանացնում:

Մելիք Նուրաբյան, 79 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Մելիք Նուրաբյանի հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանն արցախյան պատերազմում իր հսկայական վաստակի համար պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, ինչպես նաեւ ստացել է ՀՀ բանակի գեներալ-մայորի աստիճան (1992թ.), ԼՂՀ բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչում՝ պարգեւատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով (2009թ.): 1998-ին ստացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:
Արցախյան պատերազմի ավարտից հետո Արկադի Տեր-Թադեւոսյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ. ղեկավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունը, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնականը, զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: 2000թ.-ից «Կոմանդոս» հասարակական կազմակերպության նախագահն է:
Արկադի Տեր-Թադեւոսյանն իր ռազմական, ինչպես նաեւ մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը եւ իր անուրանալի դերն ունի արցախյան ազատամարտի հաղթանակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման գործում:
73-ամյա գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը 2001թ.-ից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահն է եւ իր կուտակած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքներն է փոխանցում հայոց բանակի ապագա զինվորներին:

ՀՀ պաշտպանության նախարարության
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողն ինքն իր հարցի երկրորդ մասով շեղում է նաեւ կանխատեսելի պատասխանը՝ այդպես էլ հնարավորություն չթողնելով տեղեկանալ, թե ինչ պետք է պատասխաներ ՊՆ-ն գնվող կոչումների ու պարգեւների վերաբերյալ:




Լրահոս