Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման նոր սակագին է սահմանել` 174.059 դրամ մեկ խորանարդ ջրի դիմաց:
Այս սակագինը գործելու է 2012-ի հուլիսի 8-ից: Ներկայումս սակագինը 174.065 դրամ է, իսկ հանձնաժողովին դիմած “Երևան ջուրը” ակնկալում էր 176.082 դրամ: Սպառողի տեսանկյունից սա, անշուշտ, իրադարձություն չէ: Յուրաքանչյուր խմ ջրի մատակարարման և ջրահեռացման սակագնի 1-2 լումա բարձրացումը որևէ բան չի փոխում: Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ Երևանի ջրամատակարարման համակարգը ֆրանսիական Veolia ընկերությանը վարձակալական հիմունքներով կառավարման հանձնելու մասին պայմանագրով սահմանված էր, որ արդեն այս տարի սակագինը պետք է 100 դրամից էլ ցածր լիներ: Իսկ ոյայմանագրով նախատեսված սակագնին հասնել չի հաջողվում, քանի որ գործող սակագնում ներառված է նաեւ չհաշվառվող ջրի ամբողջ ծավալը, որը կազմում է շուրջ 80 տոկոս, և այդ ցուցանիշը ոչ մի կերպ զգալիորեն չի նվազում: