Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ռ. Հայրապետյանն անդրադարձավ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղին՝ նշելով, թե դժգոհ է, որ հավաքականը երեք խաղերում ընդամենը 1 միավոր է վաստակել:
Այն հարցին, թե շարունակելու եք վստահել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդին, նա նշեց. «Եթե ես չվստահեի, ապա հիմա կհայտարարեի, թե նա հեռացված է: Ինչ վերաբերում է նրա մարտավարությանը և այլին, ապա չի բավարարում: Ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին: Բայց կարծիքս հայտնում եմ», – հայտարարեց նա:
Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու ռեալ շանսեր ունի: Լրագրողների այն դիտարկմանը, թե Մարսելի «Օլիմպիկ»-ում խաղում է հայ պաշտպան, ՊՍԺ-ում էլ կա երիտասարդ կիսապաշտպան, նա նշեց. «Եկե՛ք դուք ձեր գործով զբաղվեք, մենք՝ մեր: Եթե հայի ազգանուն ունի, ապա չի նշանակում, թե հայ է: Ովքեր ցանկություն ունեն, դռները բաց են: Ովքեր սկսում են «բազար» անել, ապա չեն կարող հանդես գալ հավաքականում: Մալոյանին 6 անգամ հրավիրել եմ, նույնիսկ «Պորշե» ուզեց, համաձայնվեցի, բայց չեկավ», – հայտարարեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե որն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը, ՀՖՖ նախագահը նշեց. «Վատ խաղը: Մենք ունենք պոտենցիալ: Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել: Սարկիսովը, Մարկոսը նստած էին պահեստայինների նստարանին», – հայտարարեց ՀՖՖ նախագահը: