Նալբանդյան 106/1-հասցե արդեն շինարարական տեխնիկա է մուտք գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեի բնակչներն արդեն մոտ մեկ տարի է պայքարում են ապօրինի շինարարության դեմ: Երեկ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ից վերսկսվել են այս հասցեում շինարարության հետ կապված խլրտումները: Ուստի այս մասին հաղորդագրություն է տարածել “Մեր քաղաքը” հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը, որում մասնավորապես ասվում է. “Բնակիչների փոխանցմամբ՝ երեկ տարածքի կառուցապատող “Ավագ Շին” ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որեւէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով՝ նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել Նալբանդյան 104 եւ 106 շենքերի գազատար խողովակի տեղափոխման համար, սակայն բնակիչներին որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Երբ աշխատանքները ընթացք են ստացել եւ խաթարվել է շրջակա շենքերի գազամատակարարումը, քաղաքացիները ահազանգել են քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, թե իբր խողովակաշարի տեղափոխման աշխատանքները իրականացվում են հրշեջ մեքենայի ելումուտը ապահովելու նպատակով, ինչը անվտանգության պահանջ է:
Այնուամենայնիվ, ինչպես եւ կանխատեսել էին բնակիչները, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում, “Ավագ Շին” ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ին ներբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա:
Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անցկացված գազատարի հանկարծակի տեղափոխումը պատվիրված էր հենց այս նպատակով, իսկ շինարարները, ինչպես եւ անցյալ տարի նույն բակում դեռեւս չկառուցված էլիտար շենքի կոյուղագիծ անցկացնելիս, կրկին խաբել են բնակիչներին՝ սեփական նպատակին հասնելու համար:
Համաձայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ “կառուցվող բազմաբնակարան շենքի” նախագծային փաստաթղթերը դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն:
Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բակի բնակիչները հունիսի 2-ին 12:00-ին Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի մուտքի մոտ, պատրաստվում են հերթական բողոքի ակցիան անցկացնել ՝ ընդդեմ իրենց համար խիստ անցանկալի կառուցապատման ծրագրի”:




Լրահոս