Ձեզ մեղադրում եմ որպես մարտունեցի. բանավեճ՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի քննարկման ժամանակ բարկացավ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցադրում էր արել, թե կենաց են ասում մայրերի մասին, մեծարում, բայց հղիները ստիպված ԱԺ դարպասների մոտ բողոքում են: Հակոբ Հակոբյանը վրդովվեց, թե հարցերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իբր մի հղիի գումար են վերցնում.

«Այնպիսի հարցադրումներ եղան, թե մայրերի փողերը կտրում եք, սեղաններին խմում եք: Խնդրում եմ, թող մեկը վեր կենա ելույթով ասի, թե հղի եւ ծննդաբերող ում փողն է կտրվում»: Ի պատասխան՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Տպավորությունն այն է, որ մեր դիմաց կանգնած է Լյուդովիկոս 14-րդը, որն ասում էր՝ պետությունը ես եմ: Ամբողջ սոցիալական ոլորտի հերն անիծեցիք: Պատգամավորները հարց են տալիս լրիվ այլ թեմայով, դուք լրիվ այլ բան եք ասում: Ըստ ձեզ՝ այս փոփոխությունները կբարելավե՞ն ժողովրդագրությունը»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սա հակաժողովրդագրական ու հակասոցիալական օրինագիծ է: Հակոբ Հակոբյանը հեգնեց, թե ինչքան գիրք որ կարդացել է, հիմնվել է Արծվիկ Մինասյանի սկզբունքների վրա՝ որպես «սոցիալական արդարության դոկտրինայի հայր»: Նա հայտարարեց. «Դուք և ձեզ նման մի քանի ցուցակային պատգամավոր, որոնք գալիս են ամբիոնի մոտ ու խոսում համամասնական ընտրակարգից, դուք ինձ կարող եք մեղադրել որպես իշխանության պատգամավոր, բայց այս հարցում ինձ մեղադրելն անհասկանալի է»:

Արծվիկ Մինասյանը զարմացավ, թե ինչ կապ ունեին այստեղ համամասնական ցուցակները. «Ընդամենը բացատրություն տվեք, թե ինչ եք ներկայացնում: Ձեզ մեղադրում եմ ոչ թե որպես մեծամասնական պատգամավոր, այլ որպես մարտունեցի, որն ինքն էլ դեմ է այս նախագծին: Դուք էլ ու ձեր կառավարությունն էլ կուտակային համակարգի հայրն եք», – ասաց վերջինս:

«Ես երբեք չեմ տխրել, երբեք չեմ վիրավորվել իմ ծննդավայրով: Հակառակը, շատ էլ ուրախ եմ: Ով որ չունի, թող նա մտածի, ես շատ էլ ուրախ եմ: Մեր խնդիրը՝ կապված օրենսդրական նախաձեռնության հետ, ակնհայտ է: Մենք առաջարկում ենք 30 հազար չաշխատող կնոջն օգնել, դա կլինի խթան՝ ծննդաբերությունը խթանելու համար», – հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Այս բանավեճին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ժողովրդի մասին կարելի է մտածել, բայց ժողովրդին շահարկման առարկա չի կարելի դարձնել: Ժողովրդին սիրում են հոգեպես, արյամբ, ներքին զգացումներով», – նշեց նա:




Լրահոս