Այսօր Երեւանում կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, “Հայաստան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էր խորհրդի 36 անդամներից 35-ը: Այս տարի լրանում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի կազմավորման 20-ամյակը: “Առանց “Հայաստան” հիմնադրամի անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, այն մեզ ուրախություն եւ ոգեւորություն է ներշնչում”,- ասաց Ս. Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է ստորագրել հոգաբարձուների խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետներին եւ գործադիր վարչության որոշ աշխատակիցներին հուշամեդալներով պարգեւատրելու մասին: Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արա Վարդանյանը: Սերժ Սարգսյանն առաջարկեց նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, որն առաջացրեց նիստին ներկա որոշ սփյուռքահայերի առարկությունը եւ մտահոգությունը: Մասնավորապես` առարկություններից մեկը վերաբերում էր նրան, թե Ջ. Մանուկյանին պետք է առաջարկի Սփյու՞ռքը, թե՞ Հայաստանը, կամ պետք է քվեարկի միայն հոգաբարձուների խորհբուրդը, թե՞ նաեւ տեղական մարմինները: Այս հարցի կապակցությամբ ստիպված էր մեկնաբանություն տալ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ասելով, թե հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվում են ճանաչված եւ ակտիվ գործունեություն ծավալող սփյուռքահայերը, իսկ ընտրության իրավունքը պատկանում է հոգաբարձուների խորհրդին: Այնուամենայնիվ` Ֆրանսիան ներկայացնող Վահե Ճազմատարյանը նկատեց, որ նմանատիպ ասոցիացիաները պետք է աշխատեն` առանց ակնկալելու հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելը, այլապես այլ ասոցիացիաներ նույնպես նմանատիպ ցանկություն կհայտնեն; Ի վերջո` քվեարկությամբ Ջ. Մանուկյանը ընտրվեց հոգաբարձուների խորհրդի անդամ` 2 դեմով:
կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ