Վաղը՝ նոյեմբերի 19-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մ. Սարոյանի նախագահությամբ, տեղի կունենա «Արթիկ» ՔԿՀ վարչական հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 30-ին կայացված որոշման դեմ հայցի քննությունը, այն է՝ նույն ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանին (Մանախ) պատժի պայմանական վաղաժամկետ ազատման մերժումը:
Armlur.am-ի խմբագրություն դիմած դատապարտյալի մայրը՝ Նինա Շահբազյանը, վստահեցրեց, որ վարչական հանձնաժողովի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի: Ն. Շահբազյանի փոխանցմամբ՝ որդին հոկտեմբերի 13-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել և 25 օր անց միայն դադարեցրել հացադուլը:
Տեղեկացնենք, որ վաղը Մանախը ևս ներկայացվելու է դատարան: Նրան սովորաբար դատարան չեն ներկայացնում, քանի որ, ինչպես վստահեցնում են դատապարտյալի հարազատները, Մանախը սպառնում է աղմկահարույց հայտարարություններով հանդես գալ: