Armlur.am-ը Արդարադատության նախարարությունից տեղեկանում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի», վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից Ա. Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Հիշեցնենք, որ «օրենքով գողը» ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: