Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 800 սաների առջև: Տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Զրուցելով աշխատակիցների ու դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր կրթամշակութային օջախներում: Քաղաքապետը նաև հավելել է, որ աստիճանաբար լուծում է ստանում գույքի թարմացման խնդիրը, որը ևս կլինի շարունակական:
Երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար. «1949թ. հիմնադրված դպրոցը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և պարապմունքների համար պայմաններն իսկապես հեռու էին բավարար լինելուց: Եվ այսօր կրթօջախների պայմանների բարելավման ուղղությամբ Երևանի քաղաքապետի կողմից տարվող ծրագրային հստակ այս քաղաքականությունն իսկապես ողջունելի է և շատ կարևոր քայլ է մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար»,- նշել է Անահիտ Գևորգյանը:
Տարոն Մարգարյանն ունկնդրել է նաև դպրոցի սաների կատարումները: