
Երեւանում, այսօր` մայիսի 30-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, եւ երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից 53-ամյա Ա. Բարսեղյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժած Ա. Բարսեղյանին տեղափոխել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Դեպքի վայրում են գտնվել Երեւանի փրկարարական վարչության եւ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: