Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երկուշաբթի ուշ երեկոյան Երևանի Ավան թաղամասում դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձինք հարձակվել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի վրա, կոտրել ապակին և գողացել պատգամավորի փաստաթղթերը:
ԲՀԿ մանուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ի՞նչ քաղաքական դրդապատճառներ է տեսնում Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայից նրա կուսակցական փաստաթղթերը գողանալու մեջ, ասաց. «Դրա պատասխանը կտան իրավապահ մարմինները, փաստերն ինքնին խոսում են իրենց մասին, ես չեմ ուզում ոչ երանգավորել, ոչ էլ այլ գնահատականներ տալ»:
Տ. Ուրիխանյանի դիտարկմամբ` եթե կոտում են ծառայողական մեքենայի ապակիները և որևէ արժեք ներկայացնող իր չեն տանում, այլ վերցնում են կուսակցական փաստաթղթեր, դա ինքնին երևույթ է: «Թող իրավապահ մարմինները տան իրենց գնահատականները, իսկ մենք բնականաբար պետք է հետևենք ընթացքին»,- եզրափակեց ԲՀԿ-ականը: