Իշխանությունները հայտնվել են բավական տխուր իրավիճակում: Սերժ Սարգսյանը դեռ չէր հասցրել ուշքի գալ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ-ի անակնալ որոշումից, երբ հայտնվեց արեւմուտքի քննադատության թիրախում:
Բանն այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի՝ Հայաստանի մասին զեկույցում լուրջ քննադատություններ կան երկրում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Մասնավորապես՝ զեկույցում ամրագրված է, որ առ այսօր չեն բացահայտվել մարտի 1-ի 10 սպանությունների հեղինակները: Անդրադարձ կա նաեւ բանակում, ինչպես նաեւ կալանավայրերում տիրող իրավիճակին, մարդու իրավունքների ոտնահարումներին, նաեւ՝ մամուլի եւ խոսքի ազատության վիճակին: Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ լրատվամիջոցները հաճախ ինքնագրաքննությամբ են զբաղված, քանի որ վախենում են, որ իրենց դատի կտան եւ կենթարկեն նյութական տույժի՝ նշելով, որ վերջերս զրպարտության համար ներկայացված դատական հայցերը լրատվամիջոցների դեմ ավելացել են:
Սրան երեկ գումարվել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի զեկույցը՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին: ԵԽԽՎ-ն անդրադարձել է ԱԺ ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքներին՝ լուրջ մեղադրանքներ ներկայացնելով իշխանությունների հասցեին: Մոտ 13-էջանոց զեկույցում անդրադարձ կա ընտրացուցակների ուռճացվածության խնդրին, քարոզարշավին, մամուլի ազատության վիճակին եւ այլն: Զեկույցում այնպիսի խիստ գնահատականներ են հնչել, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը դրանից, մեղմ ասած, զայրացել է: «Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, եւ անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»,-հայտարարել է նա՝ զեկույցում տեղ գտած շատ փաստեր որակելով մանիպուլյացիա: Սակայն Դավիթ Հարությունյանը ինքն էլ չի նկատել, թե ինչպես է ակամայից խոստովանել մի քանի ուշագրավ փաստ՝ անհարմար վիճակում դնելով իր կուսակցությանը: Օրինակ՝ խոսելով ընտրողների թվի մեծ լինելու մասին՝ նա ասել է, թե դա պայմանավորված է 1990-ից 1994 թվականների ընթացքում ծնվածների թվի մեծությամբ ու գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով: Իհարկե, այսքանից հետո ճիշտ կլիներ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանեին, թե ինչու պատերազմի, «ցրտի եւ մթի» տարիներին Հայաստանում ծնելիության թիվն ավելի շատ է, քան հիմա, երբ տարեցտարի այստեղ միայն անկում է արձանագրվում:
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ