ԸՆԴՈՒՆԵԼ Է
Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին: Ֆրանսիացի սենատորներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ իրենց տպավորությունները կիսել Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից: Նրանք բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին:
ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ադրբեջանում խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. այդ մասին ասված է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձեւում, որում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում դադարեցնել խոսքի ազատության եւ հավաքների ազատության դեմ ճնշումները եւ բարեփոխումներ իրականացնել օրենսդրական դաշտում: Եվրախորհրդարանի անդամները քննադատել են նաեւ հազարավոր մարդկանց տներից վտարման գործընթացը` Բաքվում Crystal Palace-ի կառուցման համար, որտեղ էլ տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
ՎԵՐԵՎԻՑ` ՆԵՐՔԵՎ
Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի համոզմամբ՝ վերջին շրջանում դպրոցահասակ աղջիկների ագրեսիվ դրսեւորումները պայմանավորված են ԿԳ նախարարության աշխատակիցների հակաօրինական գործունեությամբ: «Եթե գործում են ուժային մեթոդներ, եթե նախարարն իրեն թույլ է տալիս թքած ունենալ օրենքի վրա, եթե ստուգողները, նրանք վարչության պետեր են, պատահական մարդիկ չեն, համալսարանում իրենց պահում են բանդիտների պես, ապա դա պիտի գնա անգամ մինչեւ դպրոցահասակներ… Եթե տեռորի մթնոլորտ են ստեղծում, ապա վերեւից է գնում դեպի ներքեւ»,-Aravot.am-ին ասել է Զոլյանը:
ԵԽ-Ն ՀԻՇԵՑՐԵԼ Է
Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները՝ կապված նրանց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը երեկ հիշեցրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, որում նշված է ԼԳԲՏ համայնքի իրավահավասարության մասին:
ՉԵՆ ԶԻՋԻ
Henaran.am-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փոքրիկ խորհրդակցություն է անցկացրել թիմակիցների հետ: ՀԱԿ-ում օպերատիվ իրավիճակ է հայտարարվել. առաջնորդը հորդորել է պատրաստ լինել հավաքների: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասել է, որ չէր հավատում, որ Ծառուկյանն իր ուղարկած հանրահավաքային «մեսիջները» հասկացել է եւ ի վերջո, իրագործել: ՀԱԿ առաջնորդը ցրել է թիմակիցների այն մտայնությունը, որ ԲՀԿ-ն կդառնա առաջատար ընդդիմություն: «Մենք դաշտը չենք զիջի, եթե ուզում են, թող միանան մեզ, որոշակի հարցերում միասնական կլինենք»,-ասել է Տեր-Պետրոսյանը: Իսկ նրան, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիային չմիանալը գուցե իշխանության հերթական քայլն է, ՀԱԿ առաջնորդն արձագանքել է. «Դե հիմա մեզ էլ են ասում իշխանական պրոյեկտ, հո էդպե՞ս չէ»: