Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ազատելու համար: Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրությունում:
Հանձնաժողովը բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարի կամքի սկզբունքի և օրենքի գերակայության խախտում է և այն նախատեսված չէ իրենց հայրենիք վերադարձած դատապարտյալների վրա անհապաղ կիրառելու համար:
Նշենք, որ Ռամիլ Սաֆարովը 2007թ. Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ 2004թ. ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանելու համար: Իր պատիժը Հունգարիայում ութ տարի կրելուց հետո նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել և պարգևատրել: