Խաղողագործությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկն է: Խաղողի այգիների մշակության տեխնոլոգիական գործընթացների գերակշիռ մասը` այգեթաղ, այգեբաց, միջվազային տարածության մշակում, վազերի էտ, բերքահավաք և այլն, դեռևս գտնվում են մեքենայացման բավական ցածր մակարդակի վրա կամ իսպառ բացակայում են: Այդ տեսակետից հատկապես կարևորվում է խաղողի միջվազային տարածության մշակության տեխնոլագիական գործընթացը, որը հանրապետությունում դեռևս իրականացվում է բացառապես ձեռքի աշխատանքով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողների կողմից մշակվել և նախագծվել է խաղողի միջվազային տարածության մշակության ունիվերսալ բարձր արտադրողականության այգեփոր մեքենա, որը նախատեսված է 20-ից ավելի հեկտար տարածք ունեցող այգիներում աշխատելու համար: Մեքենան պատրաստվել է Վանաձորի «Չինվան» գործարանում:
Խաղողի այգու միջվազային տարածության երկկողմանի մշակության մեքենայի դաշտային փորձարկումները կազմակերպվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, ֆերմեր Անդրանիկ Վարդանյանի խաղողի այգում:
Այգեփոր մեքենայի դաշտային փորձարկումների ընթացքում որակական գնահատման նպատակով չափագրվել են այգեփորի տեխնոլոգիական գործընթացի ագրոտեխնիկական պահանջների ցուցանիշները, կատարվել է նաև մեքենայի բանող օրգանների երկրաչափական ու կինեմատիկական պարամետրերի հիմնավորում, հուսալիության և երկարակեցության ցուցանիշների որոշում և տեխնիկական պայմաններին բավարարման գնահատականի համապատասխանության գնահատում: