Կործանված ուղղաթիռի հրամանատարի ծնողները խնդրել էին նրան օդ չբարձրանալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել էր պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այն վայր էր ընկել շփման գծի չեզոք գոտում. հայկական կողմը, ըստ նախնական տվյալների, ունի 3 զոհ։

Կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամ ավագ լեյտենանտ Սերգեյ Սահակյանի մասին մտերիմներն անցյալ ժամանակով չեն խոսում. նա կա ու լինելու է: ՀՀ Զինված ուժերում Սերգեյը, 21 տարի է, ծառայում է՝ առանձնանալով իր օրինակելի պահվածքով և նվիրվածությամբ:

Armlur.am-ի հետ զրույցում Սերգեյի հարևանուհին՝ Արևիկ Խաչատրյանը, կիսվեց իր հիշողություններով՝ անընդհատ շեշտելով, որ Սերգեյ Սահակյանը հայ ժողովրդի և հայոց բանակի հերոսն է: Երկվորյակ որդիներին, հատկապես Արթուրին, ավագ լեյտենանտը մշտապես տարել է իր հետ զորավարժությունների և երազել նրանց զինվոր դարձած տեսնել:

Արևիկ Խաչատրյանը պատմեց, որ զորավարժությունից օրեր առաջ ծնողները խորհուրդ էին տվել Սերգեյին չմասնակցել՝ պատճառաբանելով, թե արդեն նրա թոշակի անցնելու ժամանակն է և իրավունք ունի հրաժարվել մասնակցությունից: Սակայն Սերգեյը հրաժարվել է՝ հայտարարելով, որ իր երազանքը՝ փոխգնդապետ դառնալ, պետք է իրականություն դառնա:

Հիշեցնենք, որ անձնակազմի մյուս անդամներից մեկն Ազատ Սահակյանն էր: Նա 24 տարեկան էր,  Չարենցավանից էր: Մյուս զինծառայողը՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, 25 տարեկան էր՝ Երևանից, ԶՈւ-ում էր 2006-ից:

Լուսանկարը Armlur.am-ին տրամադրել են Սերգեյի հարազատները:

Տաթև Հարությունյան




Լրահոս