«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ Հովակ Մարտոյանը, որը վրդովված պատմեց, որ ամիսներ շարունակ պայքարի մեջ է գտնվում գյուղապետ Միշա Դանիելյանի հետ: Նա նշեց, որ ինքը Կարմիրգյուղ համայնքում ցանկացել է աճուրդով մի հողակտոր գնել, որը, սակայն, գյուղապետն ապօրինաբար հատկացրել է ուրիշի:
«Ուրեմն պատմությունն էսպիսին ա, «Արմենտել»-ն ընդհանրապես տարբեր տեղերում վարձակալությամբ ինչ-որ հողատարածք ա վերցնում ու իր անտենան ա տեղադրում: Թերթերում ընդհանրապես հայտարարություն են տարածում, որ, ասենք, Կարմիրգյուղում էսպիսի մի հող կա, որն աճուրդի ա հանված, կարաք էտի գնեք ու վարձակալությամբ տաք էդ ընկերությանը: Բայց Կարմիրի գյուղապետն էդ հայտարարությունը նորմալ չի տալիս, ոչ մեկ չի իմանում, որ տենց աճուրդ կա, կարանք հող առնենք, էս անգամ էլ ա տենց բան արել: Առանց աճուրդ հայտարարելու արդեն էդ տարածքում «Արմենտել»-ն իր աշխատանքները սկսել ա, ու դրանից հետո մենք իմանում ենք, որ էդ հողը աճուրդի ա հանված»,-ասաց Մարտոյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ նման դեպքերը շատ են, քանի որ գյուղում ոչ ոք տեղյակ չի լինում, թե իրականում ինչ հողեր են վաճառվում, եւ ովքեր են դրանց սեփականատերերը. «Գաղտնի են անում ամեն ինչ, բայց էս դեպքում անգամ աճուրդ չէր եղել: Անտենան կառուցվում էր, հետո ես հայտարարություն տարա տվեցի, որ ցանկանում եմ մասնակցել աճուրդին, գյուղապետը զարմացավ ու խառնվեց իրար: Աճուրդը կայացավ, գյուղապետը հասավ մինչեւ 1 միլիոն դրամի, իսկ հետո իր դրածոներից մեկը հասավ մինչեւ 200 միլիոնի, ոչ մեկը չկարողացավ էտի առներ, ասեցին՝ մնում ա համայնքին»:
Մարտոյանն ասաց, որ ինքը դրանից հետո ուշիուշով հետեւել է, որպեսզի տեսնի, թե, ի վերջո, գյուղապետն այդ հողակտորն ում է «նվիրելու», քանի որ, նրա հավաստմամբ, համայնքի ղեկավարն «իր ուզած մարդկանց» գյուղի հողերը հատկացնելու սովորություն միշտ էլ ունեցել է: «Հաջորդ աճուրդի ժամանակ էլ մենք մասնակցեցինք աճուրդին, մեկ էլ մի ուրիշ մարդ էկավ, որ իրա մարդն էր ու բարձրացավ մինչեւ 10 միլիոն դրամի, մենք էլ ասեցինք` լավ, քեզ հալալ ա, եթե տենց ա, ուրեմն հողը վերցրո՛ւ քեզ: Ու գյուղապետը խաբար չէր, որ եթե առաջին աճուրդի ներկայացուցիչը չկարողանա էդքան գումար տա, աճուրդին մասնակցած երկրորդն իրավունք ունի այդ հողը գնել: Բայց ես արդեն ասել եմ, որ մինչեւ աճուրդի լինելը «Արմենտել»-ն արդեն էդ անտենայի շինարարությունը սկսել էր»,-պատմեց Կարմիրգյուղի բնակիչը:
Ըստ Հովակ Մարտոյանի՝ հերթական աճուրդի կայանալուց հետո է Դանիելյանը փաստաթուղթ ներկայացրել, որ այդ հողատարածքը վարձակալությամբ հատկացված է վերը նշված կազմակերպությանը. «Դրանից հետո գյուղապետն ինչ-որ թուղթ ա հետին թվով ներկայացնում, որ իրենք աճուրդն անվավեր են ճանաչում, իսկ տարածքն արդեն 25 տարով տրված է վարձակալության: Բայց մենք էլ՝ որպես երկրորդ առավելագույն գումար տվողը, կարող ենք գնալ, գումարը վճարել ու այդ հողը ստանալ»:
Այս ամենից հետո Մարտոյանը որոշել է դատի տալ գյուղապետ Դանիելյանին եւ դատարանի միջոցով ստանալ իրեն հասանելիք հողը, որն օրենքով սահմանված կարգով իրեն էր պատկանում: «Իսկ հիմա, երբ դիմել եմ դատարան, ասում են՝ մենք էդ տարածքը չենք տվել վարձակալության, ասում են` հարակից տարածքն ենք տվել, իսկ դա, ըստ գծագրի, ընկնում ա ճանապարհը, իսկ ճանապարհն աճուրդով չի վաճառվում: Հիմա, փաստորեն, «Արմենտել»-ի անտենան դրված է ճանապարհի վրա, ո՞վ է իրավունք տվել գյուղապետին հող տրամադրել հարակից տարածքից` առանց մրցույթի»,-նշեց մեր զրուցակիցը:
Մարտոյանն ասաց, որ դատարանում գյուղապետը հայտարարել է, թե հողն արդեն տալիս է, կարող են գնալ եւ վերցնել: «Հիմա ասում ա՝ հողը տալիս եմ, բայց «Արմենտել»-ի անտենայի ոտերից մեկը հողի մեջ ա, ասում ա՝ էդ էլ ենք տալիս, բայց եթե մենք հաշտություն կնքենք, մենք օրենք ենք խախտում, ու ընդհանրապես ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո, ինչի՞ ոչ մեկ սենց բաներից տեղյակ չի, ու էս ամեն ինչը մենակով գյուղապետն ա որոշում, ո՛չ մարզպետ, ո՛չ կառավարություն, ոչ մեկը բանից տեղյակ չի»,-վրդովված եզրափակեց Մարտոյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գյուղապետ Միշա Դանիելյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ այժմ որեւէ խնդիր չկա, դատարանում արդեն ամեն ինչ լուծվել է. «Դատարանը որոշումն արդեն արել ա, մենք «Արմենտել»-ին առանձին տարածք ենք տվել, իսկ ինքն աճուրդով էդի կարա վերցնի, մնացել ա՝ բերի, փողը մուծի ու վերցնի, հիմա էլ ի՞նչ խնդիր կա էդտեղ, ես չեմ հասկանում: Հիմա էլ ասում ենք՝ արի՛ վեկալ, չի վերցնում, դատարանն էլ տենց ա որոշել, ես էլ ի՞նչ ասեմ ձեզ»:
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԵՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ԿԱՅԱՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ