ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՝ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քաղաքացուց, որը դժգոհում էր, որ թիվ 184 ավագ դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառումներն անցկացրել են Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ծնողների մուտքը եղել է տոմսերով: Շրջանավարտների ծնողները ստիպված են եղել 1000-1500 դրամ վճարել՝ վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար:
«Ժողովուրդ»-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել հենց դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանից: «Այո՛, քանի որ մեր դպրոցը չունի դահլիճ, նույնիսկ ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, մանկապարտեզին հարմարեցված շենք է: Այդ պատճառով ենք միջոցառումն այնտեղ կազմակերպել: Իսկ տոմսերի վաճառքը եղել է այսպես. միայն ծնողներն են վճարել, իսկ երեխաները՝ ոչ: Ամբողջ գումարը վճարել ենք դահլիճի վարձակալման համար»:
Տնօրեն Հարությունյանին փոխանցեցինք, որ եղել են ծնողներ, որոնք չեն կարողացել տոմս գնել եւ ներկա գտնվել իրենց երեխայի միջոցառմանը: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Սուտ են ասում, նման բան չկա: Առաջինից մինչեւ երրորդ կարգն ամբողջությամբ եղել է անվճար: 1050 տեղ է, որի 240 տեղն անվճար բաժանել ենք: Ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Դա ճիշտ չէ, որ նման բաներ են ասում, ախր միջոցառումը լավ է ստացվել, բոլորը ուրախ են, ինչո՞ւ են փչացնում ամեն ինչ: Պետք չէ այդպես ցեխ շպրտել: Փորձում են նման լավ միջոցառումից հետո տրամադրություն գցել»:
Իսկ արդյո՞ք հավաքված գումարը բավարարել է դահլիճի ծախսերը հոգալու համար: «Այո՛, ամբողջությամբ: Կարող եք Սունդուկյանի թատրոնի տնօրինությունից ճշտել: Դահլիճում նստած են եղել ծնողկոմիտեի անդամները, ուսուցչական կազմը եւ հյուրերը: Հյուրերի համար եղել է հրավիրատոմս, իսկ ուսուցչական կազմի եւ ծնողկոմիտեի մուտքն անվճար էր, 240 երեխայի համար անվճար էր, տակը բան չի մնացել: Ինձ թվում է, որ 1000-1500 դրամը խնդիր չէ»: «Պարո՛ն Հարությունյան, իսկ ո՞ւմ համար էր մուտքը տոմսերով» հարցին էլ պատասխանեց. «Գումարով եկել են ծնողներ: Հայրը, մայրը եկել են, իրենց հետ բերել են հորքուրին, մորքուրին: Ես այդքան մարդու որտե՞ղ տեղավորեմ: Ես աշակերտին տվել եմ երկու անվճար տոմս, եթե նա ավել մարդ է բերել, ո՞ւր նստացնեմ նրանց: Ստիպված վճարովի տոմս է վերցրել ու մտել: Դրանով ենք տվել վարձը»:
Այսպիսով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումները, թե դպրոցներում դրամահավաքություն չի լինելու, վերջին զանգի արարողությունները «ճոխ» անցկացնելու համար հավելյալ գումարներ չեն հավաքվելու, դարձյալ մնացին «օդում կախված»: Արդյունքում՝ կրկին տուժեց շարքային քաղաքացին, որի գրպանի պարունակության դատարկմամբ դպրոցը թատրոնի շենքում միջոցառում կազմակերպեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս