ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայե՛ր, վերադարձե՛ք հայրենիք» կոչին  հետեւած եւ Գերմանիայից վերադարձած Նադյա Սարգսյանի իրավունքները հայրենիքում ոտնահարվում են: Կնոջ կենսաթոշակը դադարեցվել է սոցիալական ապահովության ծառայության անփութության պատճառով:
83-ամյա Նադյա Սարգսյանը կենսաթոշակի է անցել 1986թ-ին եւ մինչեւ 1995թ. սոցապ նախարարության Արաբկիրի տարածքային ստորաբաժանումից անձամբ է ստացել իր կենսաթոշակը:  Ընդ որում,  Ն. Սարգսյանը՝ որպես կերակրողը կորցրած, ամուսնու մահվանից հետո՝ 1994թ-ից, ցմահ «ժառանգել» է նաեւ ամուսնու` Խանիկ Խանոյանի կենսաթոշակը: 1995թ-ի գարնանը մեկնել է Գերմանիա, ինչից հետո նրա տղան` Էդվարդ Խանոյանը, լիազորագրով ստանձնել է մոր կենսաթոշակը ստանալու պարտականությունը: Սակայն 1997թ-ի ապրիլ ամսից սոցապ նախարարությունը դադարեցրել է որդուն լիազորագրով կենսաթոշակ վճարելը՝ պատճառաբանելով, որ կենսաթոշակառուի ներկայությունը պարտադիր է:
2011թ-ի հոկտեմբերի 1-ին ուղեկցող բժշկի հետ միասին Ն. Սարգսյանը  մեջքի վնասվածքով վերադարձել է Երեւան: Իր կուտակված կենսաթոշակը ստանալու նպատակով դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայության Արաբկիրի, ապա նաեւ Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժիններ: Տիկնոջը հայտնել են, որ չի հիմնավորվել իր կենսաթոշակառու լինելու հանգամանքը, ուստի կրկին կենսաթոշակ նշանակելու հարցով կարող է դիմել սոցիալական ծառայության տարածքային բաժին: Վերոնշյալ բաժնում քննության է առնվել տիկնոջ դիմումը, եւ նոր հիմունքներով նշանակվել է 13.000 դրամ կենսաթոշակ: Սակայն նրան սկսել են կենսաթոշակ վճարել ոչ թե 2011թ-ի հոկտեմբերից, այլ դեկտեմբերից, որը կինը հրաժարվել է ստանալ:
«Մինչեւ արտերկիր գնալս պահանջել եմ ինձ վճարել Հայրենական պատերազմի վետերան ամուսնուս կենսաթոշակը, ինձ ծեծել են եւ հրմշտելով դուրս վռնդել: Ես փախել եմ Գերմանիա: Վերադարձել եմ` հուսալով, որ ավելի բարվոք ու արդար ժամանակներ են Հայաստանում: Հիմա էլ 15 տարիների  կենսաթոշակս են յուրացրել: Ցավոք, սխալվել եմ, ուզում եմ այս տարիքում կրկին փախչել Գերմանիա»,-լացելով պատմում է զառամյալ կինը:
Իսկ ի՞նչ եղան հայրենադարձ Նադյա Սարգսյանի շուրջ 180 ամսվա կենսաթոշակի գումարները: Այս հարցը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը գնաց բողոքի հետքերով:
Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վարդուհի Գեւորգյանը մեզ ուղղորդեց պարզաբանումներ ստանալ սոցիալական ապահովության պետական ծառայությունից, քանի որ «ինքն իրավասու չէ պատասխանել լրագրողների հարցերին», այնուհանդերձ, հարկ համարեց կարծիք հայտնել՝ ասելով, որ «կնոջ պահանջն արդարացի է»:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Նադյա Սարգսյանի գործը կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից բացակայում է` կա՛մ կորելու, կա՛մ գործն անձամբ քաղաքացուն հանձնելու պատճառով: «Ինչ վերաբերում է վերջին երեք տարիների կենսաթոշակի վճարմանը, նշեմ, որ 1997թ-ից կենսաթոշակային գործը հաշվառումից հանելու եւ կրկին չհաշվառելու պայմաններում Ն. Սարգսյանը կենսաթոշակառու չի հանդիսացել, ուստի եղած տվյալներով կենսաթոշակը վերսկսելու եւ նախորդ 3 տարվա ժամանակահատվածի համար կենսաթոշակ վճարելու պահանջը բավարարելու հիմքեր չկան»,-պարզաբանեց Պարոնյանը:
Տարեց կինը դիմել է ՀՀ ոստիկանություն, որպեսզի ուսումնասիրվի եւ վերականգնվի  կենսաթոշակառուի իր նախկին կարգավիճակը: Սակայն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժնից նրան պատասխանել են. «Չի հաջողվել պարզել  Ն. Սարգսյանի  թիվ 13-773Ա կենսաթոշակային գործի կորստյան հանգամանքը: Նյութերով հանցագործության դեպք չի գրանցվել, որի հիման վրա, Ն. Սարգսյանի դիմումի համաձայն, գործ հարուցելը մերժվել է»:
Նախկին գործընկերների սխալների համար պատասխանատվություն չկրող սոցապ ծառայության ներկա պաշտոնյաները որքան էլ վստահեցնեն, որ ոլորտը բարեփոխման փուլում է, այնուամենայնիվ, ներկայացված դեպքն արդեն խոսում է բոլորովին այլ պատկերի մասին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս