Գյումրու բժշկության կենտրոնը կսկսի գործել արդեն հուլիս ամսից: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Հիմա առողջապահական հիմնարկը կահավորվում է եւ համալրվում նոր բուժտեխնիկայով:
Հիշեցնենք, որ բժշկական կենտրոնում գործելու են Գյումրու երեք բուժհաստատություններ՝ «Սամարիթեր», Մարզային եւ Վիրաբուժական: Գյումրիում էլ ակտիվորեն շրջանառվում են այն մարդկանց անունները, որոնք հավակնում են բժշկության նոր կենտրոնի տնօրենի պաշտոնին: Այս հարցը ամիսներ շարունակ քննարկվում է եւ որոշակի լարվածություն առաջացնում վերոհիշյալ հիվանդանոցների աշխատակիցների շրջանում: Նրանք նաեւ մտավախություն ունեն, որ կրճատումներն անխուսափելի կլինեն, եթե երեք հիվանդանոցի աշխատակազմ աշխատի նույն վայրում: Հիվանդանոցների միավորումից ստացվում է 400-հոգանոց աշխատակազմ: «Նրանց ո՞վ կղեկավարի» հարցին ի պատասխան՝ մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է. «Տնօրենի հրամանը տալու է մարզպետը: Ցանկություն հայտնողներ շատ կան եւ կլինեն»:
Ի դեպ, շրջանառվող անունների շարքում կար նաեւ վարչության պետի անունը, սակայն նա մեզ փոխանցեց, որ ինքը հրաժարվել է բժշկության կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելուց: Մյուս թեկնածուն Արթուր Ռոստոմյանն է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի երկարամյա տնօրենն է: Թեեւ նա ծնունդով Արթիկից է, սակայն տեղի բուժհաստատությունների ղեկավարներին չի գոհացնում մայրաքաղաքից տնօրեն բերելու միտքը: «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանի կարծիքով՝ մարզի առողջապահական հաստատություններում կան լավ մասնագետներ, եւ հարկ չկա մարզից դուրս փնտրել նորակառույց հաստատության տնօրենին. «Իսկ ինչո՞ւ Երեւանից: Ես չեմ կարծում, թե մեր առողջապահության կազմակերպիչներն իրենց գիտելիքներով կարող են զիջել մայրաքաղաքի առողջապահության կազմակերպիչներին»: Ռաֆիկ Խաչատրյանը շեշտեց, որ բժշկական կենտրոնի տնօրեն դառնալու համար ինքը որեւէ մեկի դուռը չի թակել: Ասում է՝ սպասում է մարզպետի եւ առողջապահության նախարարի որոշմանը:
Նշենք, որ Վիրաբուժական եւ Մարզային հիվանդանոցները կտեղափոխվեն ամբողջությամբ: Շենքերը կհանձնվեն, բայց Վիրաբուժականի տնօրենն ասում է, թե լավ կլիներ, որ դրանց տեղերում բացվեին մասնավոր հիվանդանոցներ: Խաչատուր Կարապետյանի կարծիքով՝ քանի որ մեր տարածաշրջանը վտանգված է աղետներով, ուստի մեկ հիվանդանոցը շատ քիչ է: Նա կարծում է, որ տնօրենի պարտականությունները շատ ավելին են, քան պատկերացնում են այդ պաշտոնին հավակնողները. «Ես ամենեւին էլ չեմ ձգտում, որ էնտեղ պարտադիր պետք է տնօրեն լինեմ: Ինձ համար ցանկալի է այնտեղ աշխատել` անգամ որպես շարքային բժիշկ»:
Հիվանդանոցների աշխատակիցները լավատես են եւ հավատում են Հարություն Քուշկյանի այն խոստմանը, որ կրճատումներ չեն լինի, սակայն, ըստ բժիշկ մասնագետների, բյուջեի մեջ չտեղավորվելու պատճառով, ի վերջո, կրճատումներն անխուսափելի կդառնան:
Գյումրի