ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվող բենզալցակայանի տերը միջպետական ճանապարհով երթեւեկող Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին հրապուրելու նպատակով իր օբյեկտի կողքին հայկական եռագույնի հետ բարձրացրել է այդ երկրների պետական դրոշները: Իմ լուսանկարելու ժամանակ  անհանգստացած  մոտեցավ բենզալցակայանի աշխատողը եւ հարցրեց, թե ինչու եմ լուսանկարում: Ասացի, որ կատարում եմ մասնագիտական պարտքս: Վրաստանը տարանցիկ երկիր է, այնտեղ լիցքավորվում են Հայաստանից Ռուսաստան եւ այլ երկրներ մեկնող եւ այնտեղից Հայաստան վերադարձող  հազարավոր մեքենաներ: Սակայն Վրաստանի ոչ մի բենզալցակայանում հայկական պետական  դրոշ չի ծածանվում: Ի դեպ, այդ երկրի բենզալցակայանների մի մասը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն է պատկանում: Կարող էին, չէ՞, ադրբեջանական ընկերության բենզալցակայաններին մրցակից լցակայանները  հայերին հրապուրելու համար հայկական եռագույն ծածանել: Կարող էին, բայց չեն արել: Իջեւան քաղաքի ծայրամասին՝ միջպետական ճանապարհի եզրին, «Քարարտ» ՓԲԲ-ի քարի վերամշակման ձեռնարկության մուտքին՝ հայկական եռագույնի կողքին, ծածանվում է Ռուսաստանի պետական դրոշը: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանի դրոշը, չէ՞ որ «Քարարտ»-ը հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն չէ: Նշենք նաեւ, որ վրացի հաճախորդներին գրավելու համար Ալավերդի-Վանաձոր ճանապարհին գտնվող  որոշ խորտկարանների տերեր մայրուղու եզրին տեղադրած ցուցանակներին իրենց ճաշատեսակների անունները նաեւ վրացերեն են գրել: Հայաստանի անկախանալուց ավելի քան քսան տարի անց Հայաստանում շատերը դեռեւս չեն ազատվել օտարին հաճոյանալու զգացումից:




Լրահոս