Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:
Վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքը և 49-րդ կետից բարձրացել 45-րդ կետ:
Կունիո Միկուրիան ողջունել է ՀՀ կառավարության քաղաքականությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ և նշել, որ 2009 թ. մեր երկիր կատարած իր առաջին այցից հետո, այս առումով, Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել: Պարոն Միկուրիան, մասնավորապես, բարձր է գնահատել մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրումը, կադրերի վերապատրաստումը, Մաքսային օրենսգրքի կատարելագործումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և այլն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Երկուստեք ընդգծվել է, որ մաքսային ծառայությունում տարվող բարեփոխումները պետք է նպաստեն գործարար միջավայրի բարելավմանը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը: Նշելով, որ ոլորտում դեռ բավական անելիքներ կան, և կառավարությունը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները, վարչապետը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության ամրապնդումը և խորացումը: