Ես շատ լավ գիտեմ` ովքեր են «Վանոյի Արտակի» մեջքը. Կարեն Բաբակեխյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է «ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին դատակոչված վկաներ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա որդին` Ռուբեն Բաբակեխյանը և վերջինիս մայրը` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի քույրը` Դոնարա Նազարյանը:

Ռուբեն Բաբակեխյանը դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Տարիներ առաջ մշտապես օգնել են նրանց, իսկ գործով վկա Արտակ Գալստյանին ճանաչել է վերջերս` որպես հայտնի վաշխառուի, լոմբարդ ունեցողի, բազմաթիվ մարդկանց հետ բնակարանային խնդիրներ ունեցողի:

Կարեն Բաբակեխյանն իր ցուցմունքում վստահեցրեց, որ սույն գործով տուժող, նախկինում մի քանի անգամ դատապարտված Արտակ Գալստյանն է իր համար մեկ թշնամին, ում հայտարարությունները, թե իր որդին հրազենով հարձակվել է Արթուր Անդրեասյանի տան վրա, զրպարտանք է:

«Ես շատ լավ գիտեմ` ովքեր են Վանոյի Արտակի մեջքը, որ լրագրողների հետ ա ինքը համագործակցում ու ժամանակը գա, բոլորն էլ պատասխան են տալու»,- ասաց վկա Կարեն Բաբակեխյանը` նշելով, որ ամբաստանյալի հորը` Վասիլ Անդրեասյանին ճանաչում է մանուկ հասակից, ընտանիքի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և չի կարողանում հասկանալ` ինչպես Արթուր Անդրեասյանը կարող էր հայտնվել նման պատմության մեջ:

Շիրակի մարզի ոստիկանապետի խոսքով` եթե ամբաստանյալը 2 մլն 700 հազար գողացած լիներ, նրա ընտանիքը ներկայումս սոցիալական վատ վիճակում չէր ապրի:

Մեղադրող դատախազ Երիցյանի հարցին` ովքեր են տուժողին հենարան կանգնում, Կարեն Բաբակեխյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կիմանան բոլորը: Ես ոստիկանության գնդապետ եմ, էդքան դեբիլ չեմ, որ խլած տունը կնոջս անունով գրանցեի»,- շարունակեց Կարեն Բաբակեխյանը: Նախագահողի հարցին` իրենք երբևէ տոկոսով գումար տվե՞լ են ամբաստանյալին, վկայակոչված ոստիկանապետը բացասական պատասխան տվեց` նշելով, որ ինքը լսել էր, որ Արթուրը պարտքեր է ունեցել, և նրա հայրն իրեն ավելի վաղ ասել է, որ որդու պարտքերի պատճառով, հնարավոր է, տունը ձեռքից խլեն:

«Ես տոկոսով գումար չեմ տվել, որդիս էլ, եթե տված լիներ, կիմանայի: Իսկ աներձագս տվել է, թե՝ ոչ, չգիտեմ»,- հավելեց Կ. Բաբակեխյանը:




Լրահոս