Կաետանա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտը, ով հայտնի է իբրև դքսուհի Ալբա, հինգշաբթի մահացել է իսպանական Սևիլիայում կյանքի 89-րդ տարում. տեղեկացնում է EFE-ն:
«Սևիլիան միշտ նրա սրտում էր, այդ պատճառով նա ընդմիշտ կմնա Սևիլիայի սրտում», – համացանցում գրել է քաղաքապետ Խուան Իգնասիո Սոիդոն:
Կիրակի օրը դքսուհի Ալբան տեղափոխվել էր հիվանդանոց գաստրոէնտերիտով, թոքերի բորբոքումով և սրտի առիթմիայով:
Կաետանա Ստյուարտն Իսպանիայի ամենահարուստ կանանցից էր և աշխարհի ամենատիտղոսակիր բարձրաշխարհիկ տիկինը: Նա նաև հայտնի հասարակական գործիչ էր: Ամուսնացել է երեք անգամ և 6 զավակ է ունեցել: Նա 18-րդ դքսուհի Ալբան էր և գլխավորում էր Ալբա տոհմը 1953-ից:
Նշենք, որ այդ նույն տոհմին պատկանող 13-րդ դքսուհի Ալբան՝ Մարիա Կաետանա դե Սիլվան, 18-րդ դարի մեծագույն նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի սիրուհին էր և մուսան: