Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուիի համատեղ ասուլիսը:
Լրագրողները Կիպրոսի ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե նա ինչ տեղեկություններ ունի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում օֆշոր ունենալու մասին: Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր այն տեղեկությունը, թե նախկին վարչապետը Կիպրոսում օֆշորային հաշիվ է ունեցել:
Կիպրոսի ներկայացուցիչը նախ պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ դեպքից և չի կարող պատասխանել: Գալուստ Սահակյանն էլ հորդորեց սկբում դրական և արժանապատիվ հարցեր տալ: Սակայն այս թեմայով հարցերն այդպես էլ չավարտվեցին:
Մեկ այլ հարցի, թե հնարավոր է արդյոք Կիպրոսում գրանցել օֆշոր մեկ ուրիշի անունով, առանց այդ մարդու իմացության, Կիպրոսի ներկայացուցիրը միայն նշեց, թե օրինականացված դաշտը երկրում բավական զարգացած է, և իրենք առաջնորդվում են եվրոպական երկրների օրենքներով: «Եթե որևէ անձ ցանկանում է պատասխան ստանալ, կարող է դիմել փաստաբանական գրասենյակներ, և այնտեղ կպատասխանեն: Նման հարցերը ՀՀ ներքին քաղաքականության հետ կապ ունեն: Ես այստեղ չեմ գտնվում ՀՀ ներքին քաղաքականությամբ զբաղվելու համար», – ընդգծեց նա, հավելելով, որ եթե համապատասխան հարցումներ եղել են, պատասխաններ անպայման կտրվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս գործով Կիպրոսի գլխավոր դատախազին էր փոխանցել օֆշորի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը: