ԴԵՌ ՎԱՂ Է ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երեւույթները, ինչպես նաեւ` ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների կողմից ՌԴ-ի դեմ ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության պատճառով հնարավոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա: Այս մասին խոստովանում են նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես, օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ դժվարացել է կոնկրետացնել` ինչ բացասական երեւույթների մասին է խոսքը:

-Ակնհայտ է, որ ռուսական ռուբլու արժեզրկումն իր հետեւանքները կունենա Հայաստանի տնտեսության վրա: Որպես ֆինանսների նախարար, կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ ինչ հետեւանքներ կարող են ունենալ:
-Առաջինը` կարծում եմ, որ ինչ տեղի է ունենում ռուսական ռուբլու գոտում, դրանք միայն ՌԴ-ում կատարվող իրադարձություններ չեն: Թուրքիայում եւ մի շարք այլ` զարգացող երկրներում եւս արժեզրկման շատ մեծ տենդենցներ են տեղի ունենում: Իհարկե, ՌԴ-ում այդ ամենը սրվել է` կապված ուկրաինական իրադարձությունների հետ: Բայց բոլոր զարգացող երկրների ընդհանուր տենդենցը կապիտալի արտահոսքն է դեպի զարգացած երկրներ: Թե ինչ ազդեցություն կունենա դա Հայաստանի վրա, ես կդժվարանամ որեւէ հստակ կանխատեսումներ անել: Կարծում եմ` սպասենք, եւ առաջիկա մեկ-երկու ամսում ամեն ինչ կայուն եւ կանխատեսելի կլինի:
-Ինչո՞ւ չեք ուզում խոսել հնարավոր ազդեցությունների մասին. կառավարությունը կանխատեսումներ չի՞ արել, թե՞ ճգնաժամի հայտնի պատմությունն է կրկնվում` մտածում եք Հայաստանին կշրջանցի:
-Այդպիսի բան չկա: Խնդիրն այն է, որ ինչ տեղի է ունենում զարգացող երկրներում` կապված ուկրաինական իրադարձությունների հետ, կարճաժամկետ երեւույթ է: Ու բնական է, որ դա շատ մեծ ազդեցություն չի կարող թողնել: Եթե այս ամենը շատ ավելի երկար ժամանակ տեւի, ունենա ավելի խորը հիմքային պրոցեսներ, ապա բնական է, որ դա կարող է մեզ վրա բացասական ազդել: Դրա համար դեռեւս կանխատեսումներ անելը, կարծում եմ, շուտ է:
-Իսկ կարճաժամկետ ազդեցության առումով քայլեր անո՞ւմ եք:
-Կարճաժամկետ քայլեր իրականացնում ենք ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականության, ե՛ւ դրամավարկային քաղաքականության առումով: Այս պահին մեր քայլերն ուղղված են նրան, որ կարճաժամկետ տատանումները ՀՀ տնտեսության վրա նվազագույն ազդեցություն ունենան:
-Պարոն Սարգսյան, եթե պարզվի` տնտեսական այդ խնդիրները երկարաժամկետ են, ձեր կարծիքով, հնարավո՞ր է վերանայվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
-Դա կապ չունի Մաքսային միության հետ: Չեմ կարծում, որ Մաքսային միությանն անդամակցելու խնդիրներն ընկած են այդ հարթության մեջ:
-Ուղղակի, եթե առաջիկայում ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատժամիջոցներ կիրառեն, ինչպես նախազգուշացրել են, հնարավոր է՝ սա իր հետեւանքներն ունենա Հայաստանի վրա, մանավանդ, եթե ՀՀ-ն լինի Մաքսային միության անդամ:
-Առաջին` եկեք դեռ չքննարկենք «եթե»-ները: Երբ պարզ դառնա` պատժամիջոցներ կիրառվում են, թե ոչ, այդ ժամանակ նոր քննարկենք այդ հարցը: Երկրորդ` եթե անգամ կիրառվեն, ապա դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, մանավանդ որ, այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այնպիսին էր, որ եկեք զգույշ լինենք ՌԴ-ի հետ կապված մեր գործողություններում:
-Բայց մյուս երկրները բավականին կոշտ դիրքորոշում են հայտնել, եւ կարելի է ենթադրել` պատժամիջոցներ, այնուամենայնիվ, կկիրառվեն:
-Ցանկացած պարագայում, կարծում եմ, դեռ վաղ է հեռու գնացող որեւէ հետեւություններ անել:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

 

 

 
ՕՂՈՒ ԳՈՎԱԶԴԸ ԳԻՇԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Երեկ «Գովազդի մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահից 20 րոպե ընդմիջում խնդրեց: Իսկ ընդմիջումից հետո էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանին, Կարինե Պողոսյանին, Հերմինե Նաղդալյանին Ա. Վարդանյանն առաջարկում էր գնալ տուն «լվացք անել, ընտանիքի ու երեխանների հարցերով զբաղվել» եւ ոչ թե մասնակցել քվեարկությանը: Սակայն ՀՀԿ կանայք չլսեցին Ա. Վարդանյանի հորդորը, վազքով մտան դահլիճ ու «կողմ» քվեարկեցին:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը «դեմ» է քվեարկելու օրինագծին, քանի որ գովազդի շուկան մոնոպոլացված է, այդ ոլորտը Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի մոնոպոլիան է: Զուրաբյանը չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անջատեն ընդդիմադիր պատգամավորի խոսափողը: Դրանից հետո Ա. Վարդանյանը ընդմիջում խնդրեց: Այդ ընդմիջման ընթացքում ԱԺ ոչ իշխանական ուժերը պայմանավորվեցին ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվորում չապահովվելու պատճառով նախագծի ընդունումը տապալվեր: Մանավանդ որ, ՀՀԿ ներսում էլ այս նախագծի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա:
Արդյունքում՝ ՀՀԿ-ին հազիվ հաջողվեց քվորում ապահովել. նախագիծն ընդունվեց 66 «կողմ», 1՝ «դեմ», 2՝ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ «դեմ» քվեարկել էր ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, ձեռնպահ` ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: ՀՀԿ խմբակցությունից Կորյուն Նահապետյանը, ինչպես նաեւ` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը պարզապես չմասնակցեցին քվեարկությանը:
Ավելի ուշ Դավիթ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ բացատրություն տվեց. «Ձեռնպահ եմ քվեարկել, որովհետեւ չէի կարող կողմ քվեարկել: Դա արել եմ միմիայն հասարակության շահից ելնելով ու առողջության նկատառումներով»: Ավելի ուշ, այս հարցը դարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի թեմա. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Ս.Սարգսյանի փեսան փորձում է մենաշնորհ հաստատել գովազդի շուկայում եւ հարցրեց՝ ինչ է այս ուղղությամբ ձեռնարկում կառավարությունը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց, ասելով, որ դա իրենց գործառույթներին չի վերաբերում. «Երբ որ ինչ-որ անուններ եք տալիս, ի՞նչ եք ուզում դրանով ասել, որ այնքան ուժեղ եք, որ կարող եք նման անուննե՞ր տալ»,- ասաց Թովմասյանը: «Ինձ մոտ էլ տպավորություն է, որ երբ կառավարությունը պատասխան կամ փաստարկներ չի ունենում, ամբիոնի մոտ է ուղարկում Հրայր Թովմասյանին»,- հակադարձեց Զուրաբյանը: Թովմասյանն էլ ասաց, թե իր տպավորությամբ, երբ ընդդիմությունն ասելիք չի ունենում, մի թուղթ վերցրած սկսում է Սերժ Սարգսյանին քննադատել: «Մի հատ փաստ ցույց տուր, փաստ բեր, հերքի ասածս, արա»,-արդեն տեղից արձագանքեց Զուրաբյանը:
Նշենք, որ այդ օրենքի ընդունումից հետո Հանրային հեռուստաընկերությունն իրավունք չի ունենա գովազդ հեռարձակել: Միայն մասնավոր հեռուստաընկերություններն իրավունք ունեն գովազդ հեռարձակել: Բացի այդ, այսուհետ կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդ հեռարձակել հեռուստաընկերությամբ:

Ա. ԳԱԼՈՅԱՆ
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց՝ 2013թ. 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու, հակառակ դեպքում հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականից հետո ի՞նչ են իրենք պատրաստվում անել, եթե 7 տոկոսի փոխարեն հազիվ 3.5 տոկոս է ԱՎԾ-ն արձանագրել:
-Այդ ամենի պատասխանը, կարծում եմ, լսել եք, եւ անհրաժեշտություն չկա, որ ես եւս մեկ անգամ անդրադառնամ դրան:
-Չե՞ք քննարկում կառավարության հրաժարականի հարցը։
-Ո՛չ:
-Ի վերջո, հանձնարարակա՞նն էր անիրականանալի, թե՞ կառավարությունը չկարողացավ իրականացնել դա:
-Դրա մասին բազմիցս խոսվել է, դրա մասին խոսել է նախագահը, կարծում եմ՝ իմ խոսելու անհրաժեշտությունը չկա:

 
ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆՈՒՄՆԵՐ
ՀՀ ՄԻՊ գրասենյակն այս տարի քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն: Նրանք ցանկանում են գնել 180 հատ փոշի մաքրելու կտոր, 30 հատ հոտազերծող միջոց, 15 աղբարկղ, 3 դույլ, 12 հատ կահույքի փայլեցման միջոց, 24 հատ մաքրող մածուկներ ու փոշիներ, 8 ավել, 199 սպունգ, եւ այսպես շարունակ: ՄԻՊ աշխատակազմը գնումների պլանով ամենաշատ գումար նախատեսել է հատկացնել բենզին գնելու նպատակով՝ 10 մլն դրամ, իսկ 1մլն 332 հազար դրամ էլ նախատեսել են ծախսել 9 հատ անհատկան համակարգիչ գնելու վրա:

 
ՀԱՑԱԴՈՒԼ
2008թ. մարտ 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինը՝ Աննա Էլոյանը, հայտնվել է անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր ներկայիս ամուսինը` Հովնանը, արդեն 20 օր է, ինչ հացադուլ է անում. «Ամուսնուս եւ նրա ծանոթներից մեկի միջեւ փոքրիկ վիճաբանություն էր եղել եւ Հովնանը նրան կարգի հրավիրելու համար ապտակել էր: Դրա համար Հովնանին կալանավորել են, իսկ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել»:
Հիշեցնենք, որ Աննա Էլոյանը 2013թ. «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում դանակահարել էր Հովնանին եւ այդ արարքի համար դատապարտվել երեք տարվա ազատազրկման. «Ճիշտ է, ազատ եմ արձարկվել համաներումով, բայց դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որ ինձ էլի կալանավորեն»:

 
ՊԱՐԱՊ ԵՆ
Մաքսային ծառայության շրջանակներում գործող 9 մաքսատները բավականին անտարբեր են դարձել ՀՀ ներկրվող եւ արտահանվող ապրանքների վերահսկողության հարցում: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ընթացքում միայն Արարատյան տարածաշրջանային մաքսատունը խախտումներ է արձանագրել ու տուգանել ընդամենը մի քանի անհատների: 9 կառույցներից միայն մեկն է հետամուտ եղել խախտումների հայտնաբերմանը, իսկ հունվարի 1-ին հաջորդող ժամանակահատվածում իրականացվել է ընդամենը 4 տուգանք: Դրանց չափն էլ խորհրդանշական է. 3 գործարարներ տուգանվել են 50, մեկը՝ 100 հազար դրամով:

 

 




Լրահոս