ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` օրվա երկրորդ կեսին, խորհրդարանը սկսեց քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հարցի քննարկման ժամանակ կրքերն այնքան թեժացան, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հարցն ուղարկվելու է նաեւ Վենետիկի հանձնաժողով` խնդրին լուծում առաջարկելու համար:

Նախագծում ընդգրկված է մի քանի փաթեթ՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատարանների նախագահների լիազորությունների դադարեցման հետ կապված: Ըստ նախագծի` այդ փոփոխություններն ուղղված են դատարանների թափանցիկության ապահովմանը, մինչդեռ իրականում կարծես թե նպատակներն այլ են: Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասություններ են առաջացնում:
Վիճահարույց հարցերից մեկը՝ հոդված 16-ն է, որն առնչվում է դատավորների նշանակման կարգին: Ըստ Դ. Հարությունյանի՝ դատավորների նշանակումը եւ նրանց լիազորությունների դադարեցումը ՀՀ նախագահի իրավասությունն է. «Սահմանադիրը չէր ենթադրում, որ նախագահին տալով նման բացառիկ լիազորություն՝ հնարավոր է հետագայում օրենք ընդունել, որով հնարավոր կլինի շրջանցել սահմանադրական այդ դրույթը»,- իր ելույթում հայտարարեց Դ. Հարությունյանը: Նա նշեց, որ դեսպանների նշանակումը նույնպես նախագահի լիազորությունն է ու օրենքով չի կարելի դա փոխել. «Իրավասու է արդյոք Ազգային ժողովն այդ աստիճանի մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Ես կարծում եմ՝ ոչ, եւ այս հարցում մենք ունենք տարակարծություն կառավարության հետ»: Դ. Հարությունյանն առաջարկեց նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որպեսզի ստուգվի այդ կետի սահմանադրականությունը: Այնուհանդերձ՝ նա հավելեց, որ այդ կետը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի օրենքն առաջին ընթերցմամբ չընդունվի:
Իսկ ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանն ու կոռումպացվածության մակարդակին, Հարությունյանն ընդգծեց, որ դատական իշխանությունը մեր հասարակության մի մասնիկն է եւ տառապում է նույն հիվանդություններով, ինչ ողջ հասարակությունը. «Այլ բան, որ Ազգային ժողովից եւ դատարաններից են սկսվում հասարակության փոփոխությունները, եւ ցանկացած հարցում այս մարմինները պետք է առնվազն մեկ քայլ առաջ լինեն»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր ելույթում կոնկրետ նշեց այն դրույթները, որոնք թերի են. «Սա դատաիրավական բարեփոխումների շրջանակում ներկայացված օրինագիծ է, որը պետք է ուղղված լինի դատարանների անկախությանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Սակայն հարկ է փաստել, որ այս փոփոխությունները արմատական հեղաշրջում չեն անելու, թեեւ դրական տարրեր պարունակում են»: Ըստ Ջհանգիրյանի` դրական տարրերից է, օրինակ, Վճռաբեկ բողոք ընդունելու չափորոշիչների հստակեցումը:
«Անգամ ՄԻԵԴ-ը նշում է, որ Վճռաբեկ դատարանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառույց չէ: Այն ընդամենը միջանկյալ օղակ է` բողոքը ՄԻԵԴ հասցնելու համար»,- նշեց Ջհանգիրյանը: Այնուհետեւ նա ասաց, որ ծանոթանալով ՀՀ կառավարության ներկայացրած նախագծին, ինքն այնպիսի տպավորություն է ստացել, թե կառավարությունը չի սիրում Սահմանադրությանը. «Փորձում է շրջանցել, խուճուճ ձեւակերպումներ անել»: Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե անընդունելի է տարին մեկ անգամ դատարանների նախագահներին ազատելու եւ կրկին նշանակելու դրույթը, որը, ըստ պատգամավորի, նվազեցնում է դատարանների անկախությունը եւ ավելացնում կոռուպցիոն ռիսկերը:
Կոռուպցիոն ռիսկերն ավելացնում է նաեւ նախագծում ներկայացված այն դրույթը, որով դատարանների նախագահների լիազորությունները կասեցնելու իրավասությունը փաստացի տրվում է Արդարադատության խորհրդին, որն էլ նախագահի հաստատմանն է ներկայացնում կասեցման որոշումը. «Արդարադատության խորհուրդն ամենամեծ գուրզն է դատարանների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 98-ից մինչ օրս անդամ են: Վճռաբեկ դատարանի խորհրդի անդամ դատավորները «սպիտակ» դատավորներ են. նրանք երբեւէ կարգապահական տույժի չեն ենթարկվել: Խորհուրդը պետք է ամբողջությամբ վերանայել»,- հայտարարեց Ջհանգիրյանը: Նախագծի առաջին ընթերցման քվեարկությունը կկայանա այսօր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին ՀՀՇ կարկառուն ներկայացուցիչներից էր, Չարենցավանի ՀՀՇ խորհրդի անդամ: Բայց 1998թ. իշխանափոխության ժամանակ նա եւս լքեց ՀՀՇ-ն ու այսօր իշխող ՀՀԿ-ի կազմում է: «Ժողովուրդ»-ը պարոն Այվազյանին հարցրեց՝ առաջիկա իշխանափոխության դեպքում ինքը կշարունակի՞ մնալ ՀՀԿ-ի կազմում, թե՞ կլքի այդ կուսակցությունը եւս, մանավանդ որ, ընդդիմադիրները պնդում են՝ կկարողանան ՀՀԿ-ից մաս պոկել:
-Ինձ, համենայնդեպս, թվում է, որ նման բան ասելով ընդդիմությունն ինձ նկատի չունի: Ես այդպես եմ կարծում: Իսկ եթե ինձ նկատի ունեն, ուրեմն՝ սխալվում են:
-Ո՞ր դեպքում հնարավոր կլինի Ձեզ նկատի ունենալ:
-Եթե խնդիրը չի կապված զուտ ազգային խնդրի, Ղարաբաղը տալ-չտալու հետ, ես ասում եմ՝ ոչ, ինձ նկատի չեն կարող ունենալ:
-Իսկ իշխանափոխությունից հետո քանի՞ հոգի կմնա ՀՀԿ-ում:
-Չգիտեմ… չեմ կարող ասել:

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մանր բիզնեսով զբաղվող առեւտրականների կյանքում նախորդ տարի անցկացրած բողոքի ակցիաներից հետո առանձնապես ոչինչ չի փոխվել:
Հիշեցնենք, որ Աբովյանում շուրջ 200 առեւտրականներ բողոքի ակցիա էին անցկացրել քաղաքի հարկային տեսչության շենքի մոտ` պահանջելով Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վահագն Սահակյանի հրաժարականը: Բողոքի ակցիաների ընթացքում բազմաթիվ խանութներ փակվեցին եւ մի քանի տասնյակ առեւտրականներ տուգանվեցին: Հիմա էլ՝ նույն պետը դեռ շարունակում է աշխատել, ավելին՝ ոչ մի աշխատակից էլ աշխատանքից չի ազատվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում առեւտրականներն անտարբեր ձեւով հայտնեցին, որ տեսչության աշխատակիցների նախկին «նենգ աշխատելաոճը» դեռ շարունակվում է: Ավելին՝ անցյալ տարեվերջին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը «ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց ծառայության համար» կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել էր: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

ԱՆԱԿՆԿԱԼ
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների եւ քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ: Թե ինչ է այդ նախաձեռնությունը եւ ինչ խնդիրներ է լուծելու, armlur.am-ը փորձեց պարզել վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանից, վերջինս, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, միայն ասաց. «Կհրապարակենք, կտեսնեք»:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ԱԺ-ում պարզաբանել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության ձգձգման պատճառները: Նրա ներկայացմամբ` հնգամսյա ձգձգման պատճառները տեխնիկական են. «Սկզբում իսպանական «Կորսան» ընկերությունը մտադիր էր ցեմենտը ներմուծել արտասահմանից` պատճառաբանելով գների տարբերությունը: Սակայն, մենք հասանք նրան, որ աշխատանքների ընթացքում շինարարական կազմակերպությունն սկսեց օգտագործել «Արարատցեմենտ»-ի արտադրած հայկական ցեմենտը: Աշխատանքների ձգձգման երկրորդ պատճառը շինարարական աշխատանքների նկատմամբ մեր պահանջներն էին, որը սահմանված է ՀՀ կառավարության չափանիշներով»,- ներկայացրել է Բեգլարյանը: Նա նաեւ կշտամբել է ԲՀԿ-ական պատգամավորներին` ձգձգման պատճառներն այլ լույսի ներքո ներկայացնելու համար:

 

15 ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը հրապարակել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով 15 տարվա ազատազրկման: Հ. Սարգսյանի հարազատները պատրաստվում են բողոքարկել վճիռը:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ԲՀԿ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:Նա նշել է, որ հանդիպման հրավեր եղել է, բայց առայժմ օրը եւ «Ժառանգություն»-ից մասնակիցների կազմը հայտնի չեն:

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ
Վարդան Պետրոսյանը եւ վթարի հետեւանքով երկու երիտասարդ կորցրած ընտանիքները դեռ չեն հաշտվել, քանի որ պաշտպանական կողմը կարծում է, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն է խոչընդոտում հաշտեցմանը, իսկ տուժող կողմն էլ կարծում է` որ մեղավորը Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն է: Այս մասին վթարի գործով առաջին դատից հետո երեկ լրագրողներին ասել է Ռուբեն Բալոյանը: Նա նշել է, որ անհարկի հոդվածներն ու փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցները ամեն անգամ թարմացնում են տուժողների զայրույթը:

 

 




Լրահոս