ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ սիրիահայերին առնչվող քրեածին միջադեպերի հետ կապված ինքն անմիջապես զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 27-ին Երեւանում սիրիահայ ընտանիքի հոր, եղբայրների եւ «Մանանդ» տաքսի ծառայության հիմնադիր Քաջիկ Կարապետյանի որդու միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Տաքսի ծառայության հիմնադրի որդին` Արթուրը, ընկերների հետ միասին դաժան ծեծի էր ենթարկել նույն հասցեում ավտոտեխսպասարկմամբ եւ պահեստամասերի վաճառքով զբաղվող Արմենակ Բրուտյանին եւ նրա երկու որդիներին: Խնդրի առնչությամբ Բրուտյանները նամակ էին գրել Սփյուռքի նախարարությանը եւ նշել, թե դժգոհ են հայաստանյան պայմաններից, ոստիկանության աշխատանքից:
Իսկ Արմավիրի մարզում էլ ինչ-որ մարդիկ հարձակվել էին ավտոմասերի վաճառակետի վրա ու սպառնացել սփյուռքահայ խանութպանին: Կռվի շարժառիթն ընդամենը 15 հազար դրամանոց կողպեքն էր եղել, որի հետեւանքով Միշել Սարկոյանն ու ընտանիքի անդամներն անասելի վախեցել էին, երեխան նույնիսկ գիշերները չէր քնում:
-Տիկին Հակոբյան, ի՞նչ է արել նախարարությունն այս ընտանիքներին աջակցելու համար:
-Նախ՝ եկեք ընդունեք, որ մենք ոստիկանական ծառայությունում չենք աշխատում եւ երկրի ներքին կարգուկանոնի խնդիրները, կարծեմ, մեր նախարարության վրա դրված չեն: Եթե ինչ-որ տեղ վիճում են կամ խոսում, մենք չենք կարող բոլորի կողքին կանգնել եւ հասկանալ, թե ով ինչ է անում: Սակայն ես պետք է խորին շնորհակալություն հայտնեմ մեր հայաստանցիներին, որոնք այդքան գրկաբաց ընդունեցին սիրիահայերին, չնայած իրենք էլ ունեն դժվարություններ, շատերը հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Եվ պատահական չէ, որ սիրիահայերը հաճախ խոսում են հայաստանցիների բարյացակամ վերաբերմունքի մասին: Սկզբնական շրջանում, երբ գործարարներին խնդրում էինք, որ սիրիահայերին աշխատանք տան, զգում էինք, որ լարվածություն կար ու նրանց աշխատանքի էին վերցնում պարզապես այն մղումով, որ տուժած են, պետք է օգնել: Այսօր արդեն գործարարներն իրենք են խնդրում, թե սիրիահայ կա՞, ուղարկեք, որ աշխատանք տանք, քանի որ սիրիահայերն աշխատանքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, նրանք աշխատասեր են, բանիմաց ու պատասխանատու:
Եթե հանցագործություն է կատարվել, ապա չէի ցանկանա, որ լրատվությունը սրի, եւ շեշտի հայաստանցի-սիրիրացի: Ի՞նչ տարբերություն: Բոլորս էլ հայ ենք: Ինչո՞ւ, չի՞ լինում այնպես, որ հայաստանցին հայաստանցու հետ կռիվ անի: Մյուս կողմից՝ այս դեպքերի մասնակիցները 2003, 2005թթ.-ից արդեն Հայաստանում են ապրում, եւ անհասկանալի է կատարվածը դիտարկել սիրիահայ եւ հայաստանցի հարաբերությունների հարթությունում:
Երկու դեպքի հետ կապված անմիջապես խոսել եմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ: Մեկին հիվանդանոց էին տեղափոխել, որից անմիջապես հետո մեր աշխատակազմի ղեկավարն այցելել է հիվանդանոց: Ինչեւէ, Բրուտյանների դեպքում կողմերը հաշտության ձեռք են մեկնել միմյանց, իսկ Արմավիրի դեպքը հսկողության տակ է:
-Տիկին Հակոբյան, ընդհանրապես նախարարական ինստիտուտի նկատմամբ վստահությունը մեր երկրում գնալով նվազում է. ինչո՞ւ եւ ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ իրավիճակը շտկելու համար:
-Ամեն մարդ իր տեղում պետք է լավ աշխատի: Նախարար լինելը մեծագույն պարտականություն է եւ հոգս: Դու պատասխանատվություն ես կրում ժողովրդի առջեւ, երկրի նախագահի, վարչապետի առջեւ, ունես քո պատասխանատվության բաժինը ԱԺ-ի առջեւ: Ցավոք սրտի, գրեթե ոչ մի երկրում ոչ մի ժողովուրդ իր իշխանավորից գոհ չէ, քանի որ միշտ ավելի լավին, նորին է ձգտում: Ես կարող եմ հաստատել, որ այսօրվա կառավարությունն առավոտից երեկո աշխատում է: Եղել եմ պառլամենտական, շատ եմ սիրում պառլամենտի աշխատանքը: Չեմ ասում, թե պառլամենտի աշխատանքը բարդ չէ, սակայն գործնական, օպերատիվ աշխատանքը, ողջ հոգսերը կառավարության վրա են դրված: Վերջին տարիներին շատ բան հաջողվել է անել, իհարկե կան նաեւ բացեր, թերություններ: Միշտ ցավ եմ ապրում՝ լսելով ԶԼՄ-ներին, մարդկանց, որ խոսում են միայն սխալների, թերությունների մասին: Ինչ է, մեր երկրում մի լավ գործ չի՞ արվում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձում ես արված գործը ներկայացնել, խոսել դրականի մասին, անմիջապես հակադարձում են, կասկածում, չարախնդում: Բայց պետք է օբյեկտիվ լինել՝ լավին լավ ասել, վատին՝ վատ:
-Ձեր պաշտոնական հայտարարագրում նշված տեղեկության համաձայն՝ Դուք խորհրդային տարիների ռուբլիներ ունեք: Ինչո՞ւ եք դրանք պահում:
-Արդեն 39 տարի աշխատում եմ եւ իմ վաստակածն իմ ազնիվ աշխատանքի արդյունք է, եւ ինչ որ կուտակել եմ, կուտակել եմ միայն իմ աշխատանքի արդյունքում: Ինչ ունեմ՝ իմ պատգամավորական, նախարարական, դասախոսական եւ գիտա-մանկավարժական աշխատանքից ստացված գումարներն են: Ապրում եմ համեստ կյանքով, խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով մի ոչ շատ հարմարավետ բնակարան է:
Ինչ վերաբերում է սովետական ռուբլուն, ապա եթե նույնիսկ այն չկա, ես դա փորձել եմ հայտարարագրել: Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից որոշակի փոխհատուցում սովետական ռուբլու դիմաց տրվում է տարեցներին: Վաղը- մյուս օրն էլ կասեին, որ ունեիր՝ ինչու չէիր հայտարարագրել:
-Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նախարարությունը Ղրիմի հայ համայնքի հետ կապ պահպանո՞ւմ է: Ի՞նչ է արվում անհրաժեշտության դեպքում նրանց աջակցելու համար:
-Ամեն օր: Ամեն օր մենք կապի մեջ ենք, մերոնցից լուր ենք ստանում, բոլորն էլ մտահոգ են: Մենք կարող ենք խորհուրդներ տալ, բայց հեռվից խորհուրդներ տալը հեշտ է: Ամեն մեկն ունի իր քաղաքական մոտեցումներն այս հարցի հետ կապված: Բոլորիս ցանկությունը մեկն է՝ հարցերը լուծվեն, խաղաղ ընթացք ունենան, արյունահեղություն չլինի եւ օրինական ճանապարհով լուծումներ գտնվեն:
-Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ երկու հայ զոհվեց, սակայն մինչ օրս հայ պաշտոնյաներից ոչ մեկը դեսպանատան մատյանում ցավակցական գրություն չի արել:Դուք ցավակցություն հայտնե՞լ եք:
-Մեր համայնքին անմիջապես ցավակցեցինք, համայնքի ղեկավարի հետ խոսեցինք եւ հոգեհանգիստը կազմակերպեցին:
-Իսկ ի՞նչն էր խանգարում դեսպանատան գրանցամատյանում գրություն թողնեիք:
-Ես չգիտեմ՝ դեսպանատան մատյանում գրություն անե՞լն էր էական, թե՞ համայնքին ցավակցելը: Մենք այդպես նպատակահարմար գտանք եւ համայնքին, հարազատներին ցավակցություն հայտնեցինք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նախորդ տարի օգոստոս ամսին նախարարությանը պատկանող 060 ԼԼ 11 Պեժո 406 մակնիշի մեքենայով ԳՆ իրավաբանական վարչության պետ Արսեն Ավետիսյանի հետ միասին մեկ շաբաթով մեկնել է Վրաստան` հանգստանալու: Սակայն այս մասին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վերջերս է տեղեկացել եւ խիստ զայրացել: Հետաքրքիր է, թե ինչ միջոցների հաշվին է պետական մեքենան շահագործվել եւ հասել Վրաստան: «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան ԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից փոխանցեցին. «Նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները համապատասխան իրավական ակտով ամրակցված են համապատասխան պաշտոնատար անձանց, ուստի շահագործվում եւ օգտագործվում են ըստ անհրաժեշտության վերջիններիս կողմից՝ պահպանելով շահագործման համար սահմանված նորմատիվները: Միժամանակ հայտնում ենք, որ նախարարությունը պետական բյուջեի հաշվին վառելիք է հատկացնում խիստ սահմանված չափաքանակներով միայն աշխատանքային օրերի հաշվարկով»:

 

ԲԼԹ

«Այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել… Ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ, իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները` ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»:

Գագիկ Ծառուկյան KentronTV

Մարդկանց մոտ առողջական խնդիրների առաջացման պատճառ կարող է լինել նաեւ նման իշխանություն եւ ոչ իշխանական ուժեր ունենալը: Օրինակ՝ մինչեւ նախագահական ընտրությունները ԲՀԿ-ին հավատացող եւ նրա հույսով սպասող մեծ ընտրազանգվածը երբ վերջապես ծանոթացավ ԲՀԿ նախագահի` ընտրություններին չմասնակցելու որոշման հետ, կարող էր առողջական խնդիրներ ունենալ` հիասթափության արդյունքում սթրեսի ենթարկվելով: Դե հիմա էլ մարդկանց մեջ կորել է հավատը, եւ Ծառուկյանի հանդիպումները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս. արդյոք այս անգա՞մ էլ նույն վերջաբանը չի ունենալու:

 
«Սթափվեք, եւ որ ամենակարեւորն է՝ ձեր այդ կայքերում վերջացրեք անվանարկել մարդկանց: Դուք շատ խոցելի եք, հաջորդ ելույթս կլինի ավելի դաժան»:

Արտաշես Գեղամյան armlur.am

Սթափվեք, կոչ է անում նախկինում ծայրահեղ ընդդիմադիր եւ ներկայումս` ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Սթափվեք, քանի որ բոլորդ անսթափ եք, սթափ է միայն անխոցելի Արտաշես Գեղամյանը` իր դաժան ելույթներով: Ի դեպ, ճամբարափոխությունից առաջ Գեղամյանի ելույթներն ավելի դաժան էին: Բայց նա, ի վերջո, սթափվեց, ճամբարափոխ եղավ, մտավ ժողգործիքների նվագախումբ: Իսկ ով դա դեռ չի արել, խոցելի է, ուստի պետք է ունկնդիր լինել Արտաշես Գեղամյանի հորդորին, սթափվել եւ շտապ կերպով անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, թե չէ բախտախնդրությունը լավ ապագա չի խոստանում:

 
«Իսկ ի՞նչ կա վախենալու կամ չվախենալու, հիմա իշխանությունն աշխատում է, երկիրը նորմալ է: Իշխանափոխության համար նախադրյալներ չկան»:

Վոլոդյա Բադալյան 168.am

Իշխանությունները միշտ էլ աշխատել եւ աշխատում են, պարզապես այլ հարց է, թե որ ուղղությամբ են աշխատում: Օրինակ՝ ներկայումս ՀՀ իշխանություններն ակտիվորեն աշխատում են ի վնաս ժողովրդի, նաեւ այն ուղղությամբ, որ ՀՀ-ում վերացվեն իշխանափոխության հնարավորությունները, իսկ մարդիկ, ովքեր կարող էին լինել իշխանափոխության նախաձեռնողներ, հայտնվեն իշխանության կազմում: Այ նման աշխատանքների մեջ ՀՀ իշխանություններն արհեստավարժ են, եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորն էլ (համատեղության կարգով Քոչարյանի խնամին) դա լավ գիտի, քանի օր ինքն էլ կուսակցությունից կուսակցություն անցնելու լավ փորձ ունի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս