ՀՈՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ «ԱԽՐԱՆԻ՞Կ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ընկերությունից խաբված քաղաքացիները, ովքեր արդեն 10 տարի է պայքարում են իրենց գնած բնակարաններին տեր կանգնելու համար, երեկ ճարահատյալ քայլի էին դիմել:

Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, մարդիկ վաղ առավոտյան հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատուն մտնող դարպասների մոտ՝ ակնկալելով գոնե այնտեղ հանդիպել նախագահի հետ, որպեսզի Սերժ Սարգսյանն անձամբ ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին:
Սակայն ապարդյուն: Սերժ Սարգսյանին տեսնել չհաջողվեց. փոխարենը՝ խմբված մարդկանց հանդիպեց Սարգսյանի տան մոտ, ըստ էության, հսկիչի դեր կատարող, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Թե որտեղի՞ց առավոտ շուտ նա հայտնվեց Սերժ Սարգսյանի առանձնատան դարպասների մոտ՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում, այդպես էլ անհայտ մնաց:
Ինչեւէ, տվյալ դեպքում դա չէր էականը: Հովսեփյանը խմբված անօգնական քաղաքացիներին պատասխանեց ճիշտ նույն ոճով, ինչ՝ նախորդ անգամ ցուցաբերեց Սերժ Սարգսյանը` դարձյալ իր տան մոտ խմբված խաբված քաղաքացիներին:
Հիշեցնենք` այս տարվա փետրվարի 6-ին Սերժ Սարգսյանը Կոնդի բնակիչներին ասել էր. «Ուրեմն որ ես եմ նախագահը, պիտի մեղադրե՞ք»: Ասել է թե՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստ չէ լուծելու ՀՀ քաղաքացիների խնդիրները եւ նրա այս անպատասխանատվությունն իջնում է նաեւ ենթակաների տիրույթ:
Երեկ էլ գրեթե նույնաբովանդակ պատասխան Հովիկ Հովսեփյանը տվեց բնակիչներին՝ համեմելով իր խոսքը լկտի արտահայտություններով` անմիջապես հեռանալով տարածքից. «Այսինքն՝ մե՞նք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել: Պարզ ասեմ՝ ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»: Այսպիսով` Հովհաննես Հովսեփյանը կատարեց իր գլխավոր առաքելությունը. մարդկանց համոզեց, որ Սերժ Սարգսյանի ազատ տեղաշարժի իրավունքը չոտնահարեն եւ թողնեն նա դուս գա դարպասներից:
Մարդիկ էլ, լսելով Հովսեփյանին, ստիպված վեցհոգանոց պատվիրակություն ձեւավորեցին եւ նրա հորդորով շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ իր առանձնատանը զրուցելու: «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիներից Armlur.am-ը փորձեց պարզել, թե նախագահականում ինչ փափուկ բարձ են դրել բնակիչների գլխի տակ: «Էնտեղ մենք պարզեցինք, որ էդ խնդիրներին լավ էլ տեղյակ էին, ամեն ինչ գիտեին: Ասացին՝ մեկ ամիս համբերեք, մինչեւ խնդիրները փորձենք կարգավորել»,-այսպես տեղեկացրեց նախագահականից դուրս եկած կանանցից մեկը, ում հետ դրսում կանգնածները չհամաձայնեցին:
«Մենք իզուր էլ էսօր նախագահին չտեսանք: Պիտի սպասեինք, տեսնեինք, մինչեւ մի բան կասեր: Մեր հարցին պիտի լուծում տար»,-ասաց բնակիչներից մեկը՝ առաջարկելով չընդառաջել նախագահական նստավայրից արված առաջարկին եւ շարունակել ամենօրա հավաքները: «Եղունգ ունես գլուխդ քորի: Սա է մեր երկիրը: Եթե մենք պահանջներ չներկայացնենք, մեզ կտրորեն կանցնեն»,-կարծիք հայտնեց երրորդը:
Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությունից բնակարաններ գնելու համար բազմաթիվ մարդիկ գումարներ են վճարել, սակայն այսօր այդ բնակարանները կամ գրավադրված են բանկերում, կամ էլ պարզապես շենքը կառուցված չէ: Իսկ ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի գտնվելու վայրն անհայտ է: Ահա Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանը». գործարարը չկա, բնակիչներն անտուն են:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԹԱՆԱՀԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՐՏԱԳԱՂԹԵԼ

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Թանահատ համայնքում այս պահին բնակվում է ընդամենը 4 ընտանիք: Թանահատում գերակշռում է ծերացող ընտանիքների թիվը, քան երիտասարդներինը: «Ժողովուրդ»-ն այս եւ այլ թեմաների շուրջ զրուցեց համայնքապետ Արսեն Օհանյանի հետ: Մեր այն հարցին, թե վերջին երեխան ե՞րբ է ծնվել գյուղում, համայնքապետը մեծ դադար տվեց ու պատասխանեց. «Երեք տարի առաջ»:

-Պարոն Օհանյան, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացումն ինչքանո՞վ է ազդել թանահատցու գրպանի վրա:
-Մեր բախտը բերել ա, գազ չունենք (ծիծաղում է-Ս.Հ.):
-Գազ չունեք, բայց լույս ունե՞ք:
-Էներգիայի հարցով խնայողության ռեժիմ է: Միայն լույս եւ հեռուստացույց: Վառելիքի հույսին են: Աթարով են տաքանում ու մյուս գործողություններն էլ դրանով են կատարում:
-Միտք ունեք գազաֆիկացնե՞լ գյուղը:
-Բացառվում է: Մեծ ծախսերի հետ է կապված: Համայնքապետարանը գումար չունի:
-Ինչո՞վ են զբաղվում մարդիկ, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Հիմնականում անասնապահությունն է: Բարձր լեռնային գոտում է գյուղը: Ճիշտ է, հրաշք բնություն ունի, բայց ցանքս չենք կարողանում անել:
-Գյուղում 4 ընտանիք է ապրում նախկին՝ 22-ի փոխարեն: Ինչո՞ւ:
-Երեւանն այդպիսի բարգավաճող մայրաքաղաք է, այդտեղից ավելի շատ են հեռանում, քան այս գյուղերից: Ուղղակի մեզ մոտ դա լավ երեւում է, իսկ Երեւանում՝ ոչ:
-Ի՞նչն է պատճառը:
-Երբ ընտանիքում երեխան մեծանում է, հեռանում են գյուղից, որովհետեւ դպրոց չկա: Երեւանի ճանապարհներն ամեն մեկը 5-6 տակ իրար վրա ասֆալտ են անում, անսահմանափակ քանակությամբ ծախսեր են անում՝ առանց հաշվի առնելու, որ ռայոններում հանրապետության սահմանները պահող գյուղերն ու ժողովուրդը բացարձակապես անտեսված են: Թե էս գյուղերը վերացնելով ուր են գնում, չգիտեմ:
-Եթե չեմ սխալվում, Ձեր համայնքում առաջիկայում գյուղապետի ընտրություններ են լինելու: Կցանկանա՞ք վերընտրվել:
-Գյուղապետի աշխատավարձը՝ 60-70 հազար դրամը, որ չլինի, լույսի վարձը որտեղի՞ց տամ, մյուս կարեւոր հարցերը ո՞նց լուծեմ: Գնալու եմ Ռուսաստան: Ընտրվեմ, թե ոչ, գնալու եմ: Լացելու է մեր վիճակը:
-Ընտանիքով եք գնալո՞ւ, թե՞ միայնակ:
-Ընտանիքին տանելը ռիսկային է: Ախր, տարիքս էլ էն չի, է: Մեծ եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Ինձ սնող, պահող հողից ո՞ւր փախչեմ: Բայց ուրիշ ելք չկա:
-Դպրոց չլինելու, մարդկանց հեռանալու, գյուղում ստեղծված վատ պատկերի հարցերով դիմել եք մարզպետին, կառավարությանը:
– Բոլորը անգիր գիտեն, թե որ գյուղում քանի մարդ է ապրում կամ ինչու չի ապրում եւ ինչ խնդիր ունի: Լավ կլինի: Էդ հույսով ենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջրաշեն համայնքում: Ըստ տարածված տեղեկությունների՝ երեք երեխաների մայրը՝ Անուշը, ցանկացել է իր նորածին որդուն ապօրինաբար զրկել կյանքից՝ նրան դիտավորյալ թողնելով տան զուգարանակոնքի մեջ: Սակայն նրա եղբոր կինը՝ Արմինեն, փրկել է իրավիճակը:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Անուշը նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն: Նորածնի կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչ է կատարվել իրականում եւ ինչո՞ւ է 40-ամյա Անուշը ցանկացել խեղդամահ անել իր որդուն: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց երեխային խեղդամահ անելու փորձ կատարած կնոջ՝ Անուշի հարսի՝ Արմինեի հետ, ով եղել էր դեպքի անմիջապես ականատեսը եւ նրա միջամտությամբ է կանխվել այդ հանցագործությունը:
Ըստ Արմինեի՝ իր տալը՝ Անուշը, չի ցանկացել սպանել երեխային. «Սուտ է, այդ ստի համար բոլորը պատասխան են տալու: Անուշի մոտ ժամանակից շուտ ծննդաբերության նշաններ են ի հայտ եկել, ինքը ցավերով մտել է զուգարան ու երեխան ծնվել է: Անուշն իր երեխային իր ձեռքերով պահել է: Այդ պահին մենք կանչել ենք մեր ծանոթ քրոջը ու նրա հետ միասին կարողացել ենք երեխային հասցնել հիվանդանոց: Մեր երեխայի վրա ոչ մի հետք, ոչ մի կապտուկ չկա: Ինչ ասես՝ չեն գրում, ոնց կարող է մարդը երեխային սպանի, այն էլ մայրը: Անուշն այս պահին հիվանդանոցում է: Ես այդ ամեն ինչին ներկա եմ եղել ու դատաբժշկին մենք կկարողանանք ապացուցել, որ նման բան չի եղել: Նորածին երեխան Անուշի երրորդ երեխան է: Նրա մեծ դուստրը 17 տարեկան է»:
Արմինեի խոսքերով՝ Անուշը դպրոց չի գնացել, եւ իրենց համար զարմանալի է, թե ով է նրա փոխարեն ցուցմունք գրել. «Մինչեւ հիմա զարմացած ենք, թե նրա փոխարեն ով է դա արել: Մենք կարող ենք ապացուցել, որ նա գրել-կարդալ չգիտի»:
Արմինեից տեղեկացանք, որ իր տալն ապրում է Դիլիջանում եւ այդ օրը հյուրընկալվել է իր եղբոր տանը:
Բայց չնայած սրան, ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ՕԳՆԵԼ Է
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրագրողներին ասել է, թե ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող դերասան Կարեն Մկրտչյանին, սակայն չգիտի, թե ինչպես: «Ես որտե՞ղ իրան գտնեմ։ Հասցեն տվեք, օգնենք իրան»,-ասել է պատգամավորը: Մինչ Aravot.am-ը փորձել է պատգամավորին փոխանցել դերասանի տվյալները, պարզվել է, որ Ալեքսանյանն արդեն հասցրել է գումարը փոխանցել Կ. Մկրտչյանին:

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որն այսօր կքննարկվի կառավարության նիստի ընթացքում: Նախատեսվում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթության համակարգից ՀՀ-ում անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթական համակարգի:

 




Լրահոս