ՄԵՂՐԻՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հանքարդյունաբերության հետեւանքով ավելացել է մարդկանց հիվանդությունների թիվը: Այս մասին ահազանգում են ոչ միայն բնապահպանները, այլեւ տարածաշրջանի բնակիչները: Մեղրիի ավագանու անդամ Կարեն Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ կրկնակի աճել է օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների թիվը: Սակայն այս խնդիրն ամենեւին էլ չի մտահոգում հայրենի իշխանությանը, քանի որ տարածքում հանքավայրերի շահագործման թույլտվությունները գնալով ավելանում են:

Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի ավագանին 2013թ. ուղերձով դիմել էր Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով հանքարդյունաբերության հետեւանքով տարածաշրջանում առաջացած խնդիրներին: Մեղրեցիներն առավելապես մտահոգված էին Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերին տրված արտոնագրերով: Նրանք նշում էին, որ այդ հանքավայրերի շահագործման դեպքում Մեղրիում է՛լ ավելի կսրվեն հիվանդությունները, անկում կապրի հողի բերրիությունը, կաղտոտվի եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնա Մեղրի գետը:
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ, բժիշկ Նվարդ Խաչատրյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չի առաջացել: «Ամեն դեպքում, այդքան էլ բարենպաստ տարածքում չենք ապրում: Եվ հանքարդյունաբերության ոլորտում տարբեր կազմակերպությունների աշխատանքներն ավելի են բարդացնում ստեղծված վիճակը: Մարդիկ ցանկանում են ունենալ համապարփակ վիճակագրական հետազոտություն, որը բացակայում է, տվյալներ, թե այժմ ինչ վիճակում է տարածաշրջանը: Ոչ բոլորն են իրազեկ այս խնդիրներին»,- ներկայացրեց Նվարդ Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հանքարդյունաբերության հետեւանքով տուժում է ոչ միայն տարածաշրջանի բնակչությունը, այլեւ գյուղատնտեսությունը. «Չէ որ տարածքում այն հիմնական ապրուստի միջոց է համարվում»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում Ն. Խաչատրյանը հայտարարեց նաեւ, որ Մեղրիի ավագանու անդամները, որոնք այս խնդրի հետ կապված ուղերձ էին հղել Սերժ Սարգսյանին, պատասխան չստացան: «Իրենք հետեւողական չեղան եւ պարզ չէ, թե ինչու ավագանին ընդհանրապես լռեց դրա մասին: Սա իսկապես լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանի բնակչությանը եւ շրջակա միջավայրին»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սակայն Մեղրի քաղաքի ավագանու անդամ Կարեն Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց. «Թող ՀՀ կառավարությունը մտածի, ինչ-որ քայլ ձեռնարկի: Մենք ավագանու անդամներով նամակ ենք գրել ե՛ւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ե՛ւ հանրապետության նախագահին: Սրանով փորձեցինք իրազեկել պաշտոնատար անձանց: Մենք՝ մեղրեցիներով, անհամբեր սպասում էինք պետական աջակցության: Մինչդեռ պատասխան նամակ ստացանք, ըստ որի՝ Մեղրիում 14 հանքի թույլտվություն է տրվել»:
Ավագանու անդամի ունեցած տեղեկություններով՝ Մեղրիում օնկոլոգիական հիվանդությունների թիվն ավելացել է: «Ես կասեի՝ կրկնակի է ավելացել: Ավելացել է նաեւ արյան բարձր խտություն եւ արյան բարձր ճնշում ունեցող հիվանդների թիվը: Արի ու տես, որ այս հիվանդություններն ունեցող մարդիկ գնում հասնում են Երեւան եւ իրենց լավ են զգում, այնտեղ ամենեւին էլ առողջական խնդիրներ չեն ունենում: Իսկ Մեղրիում ունենում են, դա կարող են բոլորն էլ հաստատել»,-ասաց Ադամյանը:
Իսկ ահա ավագանու մեկ այլ անդամ` Մակար Բեգլարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարակուսեց՝ հայտարարելով, որ ինքը հստակ տվյալներ չունի, թե հանքարդյունաբերությունն ինչքանով է վնաս հասցնում բնակչությանն ու շրջակա միջավայրին:
«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից հետաքրքրվեց` տեղյակ են մեղրեցիների եւ ավագանու անդամների այս դժգոհություններից, թե ոչ: Պարզվեց, սակայն, որ համապատասխան բաժինը տեղյակ չէ: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչքանով է ստեղծված պատկերը կապված հանքարդյունաբերության հետ: Լուրջ հետազոտություններ են պետք: Մենք չենք ունեցել նման բողոք: Ավելի շատ բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում եւ դա զուտ առողջապահական համակարգի խնդիր չէ: Մենք լուրջ ուսումնասիրություններ իրականացնելու համար հնարավորություններ չունենք եւ ոչ էլ լիազորված ենք»,-տեղեկացրեց բաժնի պետ Նունե Հարությունյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Իր ստեղծման օրվանից՝ 2008 թվականից առ այuoր, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար են աշխատել Արմեն Գրիգորյանը, Արթուր Պետրոսյանը, Հրաչյա Ռոստոմյանը եւ Յուրի Վարդանյանը (մինչ այդ գործում էր ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն, որի նախագահը 2003-2007թթ. եղել է ներկայումս ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը)։

Այդ ընթացքում ամեն մի նախարար ներկայացրել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման հիմնադրույթները, ծրագրերը, դրանց իրականացման համար պետական բյուջեից գումարներ են հատկացվել, սակայն հաճախ այդ ծրագրերը մնացել են անկատար: Այսօր մենք կանդրադառնանք մարզական ֆեդերացիաներին հատկացվող գումարներին` կոնկրետ թվերով: Նախ նշենք, որ 2010-2012 թվականներին մարզական ֆեդերացիաներին հատկացվում էր 884 միլիոն 967 հազար դրամ, 2013 թվականին այդ թիվը կազմել է 929 միլիոն 967 հազար դրամ, 2014 թվականին՝ 929 միլիոն դրամ։ Երբ համեմատում ենք նախորդ եւ այս տարվա հատկացումները, նկատում ենք, որ ֆեդերացիաներին հատկացվող գումարների փոփոխություններն աննշան են։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 220 միլիոն դրամ է հատկացվել ըմբշամարտի, 165 միլիոն՝ ծանրամարտի, 110 միլիոն՝ բռնցքամարտի ֆեդերացիաներին։ Չորրորդը (71 միլիոն դրամ) ձյուդոյի, հինգերորդը՝ շախմատի (57), վեցերորդը մարմնամարզության (35) ֆեդերացիաներն են։ Առաջիկայում մենք կփորձենք անդրադառնալ ֆեդերացիաների աշխատանքներին առանձին-առանձին՝ այսօր ներկայացնելով նաեւ ձմեռային մարզաձեւերին հատկացվող գումարները։ Դահուկային սպորտին հատկացվել է 12 միլիոն դրամ, գեղասահքին՝ 9 միլիոն: Լավ թե վատ, բայց ամեն դեպքում հայ դահուկորդները հանդես եկան Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում, իսկ ո՞ւր են մեր գեղասահորդները, ինչո՞վ են զբաղված… Տեղյակ ենք միայն, որ պատանիներն ինչ-որ մրցաշարերի են մասնակցել, սակայն սահադաշտի բացակայության պայմաններում ֆեդերացիայի գործունեությունն էլ դառնում է ինքնանպատակ (Մարզահամերգային համալիրի, առավել եւս՝ Կարապի լճի ժամանակավոր գործող սահադաշտերը խնդրի լուծում չեն)։ Ոմանք կարող են զարմանալ, բայց պարզվում է, որ մենք ունենք նաեւ կանոէի եւ ռեգբիի ֆեդերացիաներ, որոնց համապատասխանաբար հատկացվում է 9 եւ 5 միլիոն դրամ։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՐՈՒՑԵԼՅՈԶԻ ԴԵՊՔ
Օրեր առաջ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀ-ում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեպքեր: ՀՀ ԱՆ-ի կողմից կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն՝ վերը նշված համայնքի 17 տնտեսություններում: Արձանագրվել է բրուցելյոզով հիվանդ մեկ մարդ, ում տնտեսությունում եղել է հիվանդ կով եւ սպանդի է ենթարկվել: Ստացած բուժումների արդյունքում հիվանդն առողջանալուց հետո դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից:

 
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը հայտարարել է, որ տեղի հայ համայնքն անհանգստացած է Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակի առնչությամբ: «Չնայած այն հանգամանքին, որ Օդեսայում հանգիստ է, մարտի 16-ին Ղրիմում նախատեսվող հանրաքվեն լրջորեն մտահոգել է մեր համայնքի ներկայացուցիչներին, քանի որ մարդիկ հասցրել են հաստատվել, որոշ ընտանիքներ Օդեսայում են արդեն մի քանի տասնյակ տարի եւ չեն ցանկանում կորցնել իրենց կարգավիճակն ու գույքը»,-նշել է Տիգրանյանը: Ըստ նրա՝ այս պահին քաղաքի հայկական համայնքում կա շուրջ 40 հազար մարդ, եւ հիմնական մասը բավականին ապահով մարդիկ են, որոնք իրենց ունակությունները կիրառում են քաղաքի կյանքի բոլոր ոլորտներում:
Հիշեցնենք, որ մարտի 16-ի հանրաքվեով Ղրիմի բնակիչներն ընտրություն պետք է կատարեն Ռուսաստանի կազմում ընդգրկվելու կամ լայն ինքնավարության պայմաններով Ուկրաինայի կազմում մնալու միջեւ:

Ն. Պ.

 
ՄԻԱԿ ՎԱՐԿԱԾԸ
Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 եւ հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ գործարարի հարազատների մոտ սպանության միակ վարկածը Ճորոխյանի ֆինանսական հարցերով թշնամիների առկայությունն է: Հիշեցնենք՝ Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը մեր թերթին ասել էր, թե գործարարը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել եւ միլիոնավոր թշնամիներ. «Կարծում եմ` դեպքը պայմանավորված էր իր գործունեությամբ, եւ այստեղ ազգայինի հարց չկա»:

 




Լրահոս