ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ, ԲԱՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական վերջին իրադարձություններն իրենց հերթին եկան ապացուցելու, որ միջազգային հանրությունը ե՛ւ ժողովրդավարության, ե՛ւ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ է կիրառում:
Ինչպես հայտնի է, Ղրիմի գերագույն խորհուրդն այս շաբաթ որոշում կայացրեց Ուկրաինայից անջատվելու մասին: Ղրիմի ԳԽ 100 պատգամավորից 78-ը «կողմ» է քվեարկել ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլի անկախության մասին հռչակագրին: Մարտի 16-ին էլ նախատեսված է նրանց անկախության հանրաքվեն, որից հետո Ղրիմը ծրագրում է դիմել ՌԴ-ին` Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմում որպես նոր սուբյեկտ ընդունելու առաջարկով:

Կատարվածին անմիջապես արձագանքել է միջազգային հանրությունը. եթե արեւմտյան երկրները սպասվող հանրաքվեն անվանել են անօրինական, ապա ՌԴ-ն, ընդհակառակը, օրինական է ճանաչել մարտի 11-ին Ղրիմի խորհրդարանի կողմից ընդունված անկախության հռչակագիրը եւ հայտարարել, որ այն համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին: ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հռչակագրում ներառված է տվյալ քայլի միջազգային-օրենսդրական հիմնավորումը` հղում է արված ՄԱԿ կանոնադրությանը եւ բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, ինչպես նաեւ հիշատակված է ՄԱԿ միջազգային դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 22-ի որոշումը Կոսովոյի վերաբերյալ: «Հիշատակված որոշման մեջ Միջազգային դատարանը հաստատել է այն փաստը, որ պետության մի մասի անկախության հռչակումով չի խախտում միջազգային իրավունքի եւ ոչ մի նորմ,-հայտարարել է ՌԴ-ն ու հավելել,-ՌԴ-ն ողջ ծավալով կհարգի Ղրիմի ժողովուրդների կամարտահայտության արդյունքները, որոնք կգրանցվեն հանրաքվեի ճանապարհով»:
Տրամագծորեն տարբեր են ՌԴ-ի ու Արեւմուտքի դիրքորոշումները Կոսովոյի խնդրի վերաբերյալ: 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հայտարարեց Սերբիայից անջատվելու եւ անկախ պետություն հռչակելու մասին: 2010 թվականի հուլիսի 22-ին Միջազգային դատարանը ՄԱԿ ԱԽ հայցով խորհրդատվական վճիռ կայացրեց, համաձայն որի՝ «Կոսովոյի անկախության մասին հռչակագիրը» չի խախտել միջազգային իրավունքի նորմերը, իսկ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարությունը կոնսենսուսով բանաձեւ ընդունեց այն մասին, որ Կոսովոյի անկախության միակողմանիորեն հռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքին: Այս դեպքում էլ ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք երկրներ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, փոխարենն առ այսօր Կոսովոյի անկախությունը չի ճանաչել ՌԴ-ն:
Երկու դեպքում էլ, փաստորեն, կողմերը փորձել են օգտվել ազգերի ինքնորոշման իրենց իրավունքից ու հռչակել իրենց երկրի անկախությունը: Երկու դեպքում էլ գերտերություններից մեկն, այնուամենայնիվ, ճանաչել է այդ որոշումը: Մինչդեռ, Ղարաբաղի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. ո՛չ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ո՛չ էլ բարեկամ ԱՄՆ-ը չեն ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ու սա այն դեպքում, երբ ի տարբերություն մյուս դեպքերի, ԼՂՀ անկախությունն առավել քան հիմնավորված է միջազգային իրավունքի նորմերով ու փաստաթղթերով: Ավելին՝ տպավորություն է, որ գերտերություններին իրենց հերթին, ՀՀ ու Ադրբեջանի իշխանություններին իրենց հերթին հակված չեն ԼՂ խնդրում որեւէ հանգուցալուծման, քանի որ սա հրաշալի լծակ է՝ միմյանց դեմ պայքարի շրջանակներում: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի՝ ՀՀ-ում ԱՄՆ եւ ՌԴ դեսպանատներ ուղարկած հարցումները մնացին անպատասխան:
Իսկ մինչ այդ նկատենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ անում են՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երեկ էլ նրանք հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլին այցելելու են տարածաշրջան: «Համանախագահները շարունակել են աշխատանքը արտգործնախարարների հետ այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել էին 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում: Արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ լուծելու մնացած հարցերը եւ առաջ մղել գործընթացը»,-ասված է նրանց հայտարարության մեջ: Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախօրեին հանդիպում են ունեցել նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Ըստ ՌԴ ԱԳ նախարարության՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ խնդիրները: Ասել է թե՝ ՌԴ-ն դեռ իր ձեռքում է պահում ԼՂ խնդրի լուծման «բանալին»: Վերլուծաբանների պնդմամբ՝ պայմանավորված Ուկրաինական ճգնաժամով, նաեւ ԼՂ խնդրում զարգացումները կարող են խիստ անկանխատեսելի լինել: Մանավանդ որ, ապրիլին պարզ կդառնա նաեւ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջիկա հանդիպման օրը: Եվ համանախագահները տարածաշրջան են գալիս հենց դրա համար՝ հանդիպման օր որոշելու նպատակով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԵՍՏ ՊԱՅՔԱՐ
ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ յուրօրինակ պայքար է մեղում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ նկատել է, որ Վարդանյանը նաեւ իր բջջային հեռախոսի պատյանին է փակցրել «Դեմ եմ» շարժման պիտակներից: Ի դեպ, նշենք, որ Էլինար Վարդանյանն ԱԺ այն երիտասարդ պատգամավորներից է, ում վրա տարածվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

 

Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԵՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համոզված է, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը դրական արդյունք կտա: «Դրական արդյունքի պարտավոր է հասնել ժողովուրդը: Իսկ մենք ուր հասնելու ենք, ժողովրդի հետ ենք հասնելու»,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ասել է նա` հույս հայտնելով, որ համագործակցությունը գնալով կխորանա:

 

ՏԱՏԱՆՎՈՒՄ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Սամվել Ֆարմանյանը մեկ անգամ չէ, որ քննադատել է որեւէ օրինագիծ, սակայն հետո «կողմ» է քվեարկել դրան: Այդպես նա վարվեց ժամանակին նախորդ տարվա վերջին գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, այդպես վարվեց նաեւ օրերս` «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ հարցրեց` ինչու է նա այդպես վարվում. ««Քննչական կոմիտեի» օրենքի նախագծի մասին ելույթ ունենալիս քննադատել եմ ոչ թե բուն օրենքի գաղափարը, այլ` քննադատել եմ նախագծում առկա ավելորդությունները, առաջարկել, որ նախագիծը թեթեւացվի, ավելորդությունները դուրս բերվեն»:

 

ԵԹԵ ԼԻՆԵՐ
«Եթե մենք ապրեինք իրավական երկրում, ապա այս գործարքը կհայտնվեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»,- Որոտանի հէկ-ի գործարքին երեկ նման գնահատական է տվել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը: Վերջինս անընդունելի է որակել պետական սեփականություն հանդիսացող հէկ-ի ոչ հանրային վաճառքը, նաեւ մտահոգություն հայտնել, որ այդ գումարները չեն հայտնվել ՀՀ պետբյուջե: «Եթե այդ գումարը շուտով չհայտնվի բյուջեում, ապա պետք է պարզել, թե ինչու, իսկ եթե ընդհանրապես չհայտնվի, ապա պետք է դիմել համապատասխան իրավական մարմիններին»,-ասել է նա:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
The New York Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեկնելու է Լոնդոն, ուր հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ընդգծվում է, որ այդ հանդիպումը տեւելու է 11 ժամ, որի ժամանակ Քերրին փորձելու է Կրեմլին համոզել, որ վերջինս հետագա քայլեր չձեռնարկի Ղրիմի բռնակցման ուղղությամբ: Քերրիի ու Լավրովի հանդիպումը տեղի է ունենալու վաղը` Ղրիմում նշանակված հանրաքվեից երկու օր առաջ:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների հետ կապված խնդիրներն ու դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա:

 

ՆԱՏՕ-Ն ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է
ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում մարտի 12-ից եռօրյա այցով ՀՀ-ում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությանը նախօրեին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ողջունելով հյուրերին` նա նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ դրանց սատարելու հարցում ՀՀ ՊՆ եւ ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաեւ նախանշել փոխգործունակ կարողությունների ձեւավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:

 

ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով առեւտրական եւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչեւ 1.5 տոկոս: Կառավարությունը, սակայն, առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ԱԺ քննարկմանը ներկայացնելուց հետո:

 

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՆՈՐՄԱ՞Լ Է
Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության կողմից իրականացվող՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման եւ անձնագրավորման ծրագրին` Armlur.am-ին ասել է. «Գյուղացուն ես եմ մոտ, ոչ թե Սերգոն: Ասա Սերգոյին, ա՛յ աննորմալ, գյուղացուն դրանից ի՞նչ օգուտ»: Ճարճակիս համայնքի ղեկավար Թալաբանի Սադեյանն էլ Armlur.am-ին ասել է, թե հիմնականում գյուղացիները պահում են իրենց անասունները՝ վախենալով հետագայում հարկեր ու տուրքեր վճարելուց: Նշենք, որ մինչ այս միայն Վայոց Ձորում իրականացվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը երեկվանից կառավարության որոշմամբ կգործի Հայաստանի ողջ տարածքում:

 

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ
«Հայաստանը եւ Ադրբեջանը երբեք ընդհանուր հայատարարի չեն գա Ղարաբաղի հարցում: Դրա համար ամենաճիշտ լուծումը կլինի Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելը: Այդ դեպքում հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն համակերպվել այդ մտքի հետ, քանի որ այն չի մնա Հայաստանին, այլ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ»,-այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա կարծիք է հայտնել, որ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր տարածքները ցանկության դեպքում կարող են մտնել Ռուսաստանի կազմի մեջ. «Մենք 300.400,500 տարի ապրել ենք միասին»,-ասել է Ժիրինովսկին:

 

 




Լրահոս