ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեքո Ռեքորդս» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ է, ինչ զբաղվում է սկավառակների արտադրությամբ եւ վաճառքով, այժմ հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում: Ընկերության իրավաբան Տիգրան Մուրադյանի խոսքով՝ վերջին շրջանում «Ադամս» ՍՊԸ-ն իր անբարեխիղճ գործողություններով փորձում է այս ոլորտում ձեռքբերել գերիշխանություն եւ շուկայից դուրս մղել ոչ միայն «Ռեքո Ռեքորդս»-ին, այլեւ մի շարք այլ ընկերությունների: Խնդրի առնչությամբ «Ռեքո Ռեքորդս»-ը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որն առաջիկայում նիստ է հրավիրելու:

Բանն այն է, որ «Ադամս»-ը բազմաթիվ պատվիրատու ընկերությունների դիմումներ է ներկայացրել ու պահանջել, որ համապատասխան արտադրանքը պատվիրատուները ձեռքբերեն միայն իրենցից, հակառակ դեպքում նրանց հանդեպ քրեական հետապնդում կիրականացվի:
«Արդյունքում «Ռեքո Ռեքորդս»-ում առաջացել է տնտեսական ճգնաժամ, սրա հետեւանքով ընկերությունը գրեթե գործունեություն չի իրականացնում: Իսկ պատվիրատուները ահաբեկված են»,- ներկայացրեց ընկերության իրավաբանը:
Նրա խոսքով՝ անիմաստ է «Ադամս»-ի հետ բանակցել, քանի որ այս պահին հեղինակային իրավունքները խախտելու համար նրա դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված:
«Ռեքո Ռեքորդս»-ի տնօրեն Դավիթ Խանոյանի պատմելով՝ «Ադամս»-ը տասնյակից ավելի անձանց, այդ թվում նաեւ «Ռեքո ռեքորդս» ՍՊԸ-ի պատվիրատուներին եւ սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվողներին, իրականությանը չհամապատասխանող տվյալներ է ներկայացրել այն մասին, թե հանդիսանում է մի շարք հեղինակավոր ընկերություններին պատկանող ֆիլմերի եւ բազմաթիվ կատարումների բացառիկ գույքային իրավունքների իրավատեր: «Այնպես է ներկայացրել, կարծես ՀՀ-ում այդ շուկան միայն իրենն է, պահանջել է, որ գնումները կատարեն միայն իրենից, իսկ այլ արտադրողից ձեռքբերված սկավառակները ոչնչացնեն, հակառակ դեպքում` սպառնացել է, որ իր պահանջները չկատարողի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի»,-հավելեց Խանոյանը:
«Ռեքո Ռեքորդս»-ի տնօրենի խոսքով՝ «Ադամս»-ն իր այս դիմումին կից ներկայացրել է նաեւ ցանկեր, որոնց նկատմամբ չէր կարող բացառիկ իրավունք ունենալ: «Այդ ցանկերում նշված ֆիլմերի զգալի մասի նկատմամբ իրավունքներ ունի նաեւ «Ռեքո Ռեքորդս»-ը, ընդ որում՝ ցանկում նշված կատարումների մի մասը «Ադամս»-ը ժամանակավոր օգտագործման ոչ բացառիկ իրավունքով ձեռք է բերել հենց «Ռեքո Ռեքորդս»-ից»,- տեղեկացրեց Խանոյանը:
ՀՀ ՏՄՊՊՀ-ին ուղղված նամակում «Ադամս» ընկերության գործելաոճից դժգոհող տնտեսվարողը նշել է, որ ընկերությունը նման պարտադրողական գործողություններով, սպառնալիքներով ընդլայնել է իր իրացման ծավալները, ավելին` ընկերությունը դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն` այնպիսի գործողություններ է կատարել, որոնց նպատակը սկավառակների մանրածախ վաճառք իրականացնող անձանց կողմից «Ռեքո Ռեքորդս» ընկերությանը պատվերներ ներկայացնելու խոչընդոտումն է: Ինչը եւ տեղի է ունեցել, քանի որ տեւական ժամանակ է, ինչ պատվերներ չլինելու հետեւանքով «Ռեքո Ռեքորդս»-ը գործունեություն չի իրականացնում:
Մենք դիմեցինք «Ադամս» ընկերության տնօրեն Արշավիր Առաքելյանին` ներկայացնելու համար նաեւ նրանց պարզաբանումները: Ընկերության տնօրենը, սակայն, նշեց, որ ինքը «Ժողովուրդ»-ի թղթակցից է տեղեկանում այն մասին, որ «Ռեքո Ռեքորդս»-ը դիմել է ՏՄՊՊՀ: «Այս պատմությունը երկար ժամանակ է, ինչ կա: Բիզնես ա, մեկը մեկի ոտքի տակ… գիտենք՝ ոնց են անում: Հարցեր կան, որոնք չի կարելի հեռախոսով խոսել»,-ասաց «Ադամս»-ի տնօրենը` խոստանալով, որ կապ կհաստատի իր իրավաբանի հետ եւ անմիջապես զանգ կտա խմբագրություն: Ավելի ուշ զանգահարեցինք Արշավիր Առաքելյանին` պարզելու, թե երբ կարող ենք հանդիպել ընկերության իրավաբանի հետ եւ զրուցել այս խնդրի շուրջ, սակայն վերջինս կոպիտ տոնով կտրուկ պատասխանեց, թե չի կարողացել կապվել իրավաբանի հետ եւ անջատեց հեռախոսը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին ահազանգած տնտեսվարողը՝ «Ռեքո Ռեքորդս»-ի տնօրեն Դավիթ Խանոյանը, զայրացած նկատեց, որ «Ադամս» ընկերության գործունեությունը հովանավորում է ՀՀ ՊԵԿ-ի քննչական վարչության ավագ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: «Իրականում «Ադամս» ընկերության սեփականատերը պետական համակարգում աշխատող քննիչ է, նրա հովանավորությամբ իրենք ավելի վստահ են, քանի որ իրենց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց «Ռեքո Ռեքորդս»-ի իրավաբան Տիգրան Մուրադյանը: Զրուցեցինք նաեւ Ռաֆայել Մկրտչյանի հետ, ով «Ադամս»-ի հետ իր առնչությունը հերքեց. «Գիտեք ինչ կա, ես ոչ մեկի հետ ոչ մի առնչություն չունեմ: Դրա վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Ես ոչ մի առնչություն չունեմ»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ճանաչում է արդյոք «Ադամս»-ի տնօրենին, թե ոչ, նա պատասխանեց. «Ճանաչում եմ: Ուղղակի ճանաչում եմ: Ինչ գրել գրել են, ձեր իրավունքն է տպագրել այն, իմ մասին մի գրեք»: «Ադամս» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Առաքելյանը եւս նշեց, որ Մկրտչյանը կապ չունի իրենց ընկերության հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶԵՐ

ԹԱՓՈՒՐ ԱԹՈՌ
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Տավուշի մարզի դատախազությունում այժմ թափուր 4 հաստիք կա: Ազատ է նաեւ մարզի դատախազի աթոռը: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի շտապում Տավուշի մարզի դատախազ նշանակելու հարցում: Նախկին դատախազը` Աննա Մանթաշյանը, աշխատանքից ազատվել է 2013թ. նոյեմբերի 28-ին` իր դիմումի համաձայն: Նա մեզ ասաց, որ հրաժարական է տալիս առողջական խնդիրների պատճառով: Նկատենք, սակայն, որ նախկինում նա չէր գանգատվում առողջությունից եւ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում էր: Դեռ մինչեւ 49-ամյա Աննա Մանթաշյանի հրաժարականը, նրա տեղակալներ էին նշանակվել Ներսես Չիլինգարյանը, Արամ Դոլինյանը եւ Յուրա Բաղյանը: Վերջինս Տավուշի դատախազություն աշխատանքի էր տեղափոխվել Կոտայքի մարզից անցյալ տարվա նոյեմբերին: Նա այժմ ժամանակավորապես կատարում է ոչ միայն Տավուշի մարզի, այլեւ Իջեւանի շրջանի դատախազի պարտականությունները: Բացի այդ` Բաղյանը պաշտպանում է դատարան ուղարկված քրգործերով առաջադրված մեղադրանքը: Ներկայումս Տավուշի դատախազության աշխատակիցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով եւ սպասում, թե երբ կնշանակվի իրենց նոր ղեկավարը:

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞Ն
Տավուշի մարզպետարանի աշխատակիցներն անհանգստացած են: Նրանց շրջանում տեղեկություններ են տարածվել, թե 2 տարի հետո մարզպետարանները` որպես կառավարության տարածքային ստորաբաժանումներ, վերացվելու են: Տավուշի մարզպետարանում աշխատող մասնագետներ կան, ովքեր այդտեղ պաշտոնավարում են ավելի քան 15 տարի: Նրանք տագնապած են իրենց ապագայի համար: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրը հայտնեց, որ 2 տարի հետո մարզպետարանը չի վերացվելու, սակայն այնտեղ կատարվելու է հաստիքների էական կրճատում:

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Բերդի շրջանի Վերին Կարմիրաղբյուրի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ մարտի 12-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ադրբեջանում հանդիպել են մարտի 7-ին այդ երկրի տարածքում հայտնված Արսեն Խոջոյանի հետ, վերջինիս հանձնել նրա հարազատների գրած նամակը եւ Արսենից նամակ ստացել: Կ. Չոբանյանը տեղեկացրեց, որ Արսենի գրած նամակը նրա ընտանիքը դեռ չի ստացել, սպասում են: Գյուղապետի վկայությամբ` համագյուղացիները հնարավորինս օգնում են Ա. Խոջոյանի բազմանդամ, սոցիալապես անապահով ընտանիքին. «Գյուղապետարանը 2 պարկ ալյուր է տրամադրել այդ ընտանիքին, համագյուղացիներն էլ ով ինչով կարողանում, օգնում են»:
Վերջին երկու ամսում Կարմիրաղբյուրի 2 բնակիչներ` Մամիկոն եւ Արսեն Խոջոյանները, հայտնվել են ադրբեջանական տարածքում: Արդյոք hամագյուղացիների հետ բացատրական աշխատանքներ տարվում են հետայսու նման դեպքերից խուսափելու համար: Մեր այս հարցին ի պատասխան` Կ. Չոբանյանն ասաց. «Բանուգործներս դա է, գյուղացիների հետ այդ թեմայով ամեն օր զրույցներ ենք ունենում»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս