ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ Կառավարության շենքի մոտ հավաքվել էր քաղաքացիների հերթական խաբված խումբը՝ Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչները, որոնք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի: Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենաուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին: Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով: Այս տարի, բնակիչների խոսքով, վարձավճարները դեռ չեն փոխանցվել: Բորբոքված բնակիչները բղավում էին՝ «վարչապետ» եւ պահանջում հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ:

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը հաշմանդամ է, եւ անհրաժեշտ է վերափորձաքննություն անցկացնել, ապա ո՞ր դեպքում եւ ե՞րբ է իրականացվում նրա վերափորձաքննությունը:

Նարինե Բադալյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքում:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 193.836 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8171 երեխաներ են: Նրանցից 11.053-ը կամ 5,7%-ը 1-ին խմբի, 86.886-ը կամ 44,8%-ը՝ 2-րդ խմբի, իսկ 87.726-ը կամ 45,3%-ը 3-րդ խմբի հաշմանդամներ են: Ավելացնենք, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը կազմում է 89.265:

 

 
ՀԱՐՑ. Մատաղ անելը հեթանոսական սովորույթ է հիշեցնում: Եթե մատաղն արդարացվում է, ապա ի՞նչ կենդանի կամ թռչուն է ընտրվում այդ նպատակի համար:

Լիանա Մխիթարյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մատաղը շատերը սխալմամբ նույնացնում են հրեական զոհաբերության հետ, որը Քրիստոսի գալուստից առաջ ապրող մարդուն հնարավորություն էր տալիս մատաղացուի արյան հեղումով մեղքերից թողություն ստանալ: Սակայն Քրիստոս` որպես գերագույն Զոհ, Իր արյունը թափեց մարդկության մեղքերի համար, հետեւաբար կենդանու արյան միջոցով այլեւս մեղքերի թողության արժանանալու կարիք եւ իմաստ չկա: Մատաղը նախ՝ ընծա է Աստծուն, երկրորդ` աղքատասիրություն եւ ողորմություն, երրորդ` ննջեցյալների հիշատակի համար կատարվող հյուրասիրություն, չորրորդ` երախտիքի արտահայտություն Աստծուն` հիվանդությունից եւ փորձությունից ազատելու համար:
Մատաղի համար անհրաժեշտ են կենդանի եւ աղ: Մատաղ են անում արջառ, խոյ, աքլոր, եւ ընդունված կարգ է, որ միայն արու լինեն: Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ուրեմն այն պետք է լինի արդար վաստակի արդյունք, ընտիր եւ լավագույնը: Մատաղի հիմնական իմաստը ողորմությունն ու բարեգործությունն է, ոչ թե մատաղացուի մսով ուրախություն անելը, գինովնալն ու հարբեցողությունը: Մատաղացու կենդանու արյունը չի կարելի քսել տան դռներին կամ մարդու ճակատին ու ձեռքերին, ինչպես ոմանք անում են, որը հեթանոսական սովորույթ է եւ քրիստոնեական իմաստ չունի: Մատաղի միսը չի կարելի պահել տանը որպես ուտելիք, այլ նույն օրը պետք է բաշխել աղքատներին: Մատաղ չի կարելի անել չորեքշաբթի, ուրբաթ օրերին, շաբաթապահքերին եւ Մեծ Պահքի շրջանում:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մենք, լինելով քրիստոնյա ազգ, պարտադիր պետք է տեղյակ լինենք մատաղ անելու կարգին, ծագումնաբանությանը եւ հավուր պատշաճի անցկացնենք այն, այլ ոչ թե վերածենք խրախճանքի:

 

 

 

ՀԱՐՑ. Օրեր առաջ ավտովթար է տեղի ունեցել: Իմ մեքենային բախվել է մեկ այլ մեքենա, որի վարորդն ընդունում է իր մեղքը: Արդյունքում վնասվել է իմ մեքենայի հետեւի մասն ու պետհամարանիշը: ԱՊՊԱ-ն փոխհատուցում է վնասը, բացի պետհամարանիշի վնասից: Պատճառաբանում են, թե պետհամարանիշը պետության սեփականությունն է: Բայց չէ՞ որ ես պետհամարանիշի համար գումար եմ մուծել պետությանը: Խնդրում եմ ասեք՝ արդյոք ԱՊՊԱ-ն իրավունք ունի՞ նման կերպ վարվել:

Տիգրան Հայրապետյան (33 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 13.2 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է: ԱՊՊԱ պայմանագրով գույքին պատճառված վնասներից հատուցվում են տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը, կորուստը, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը: Քանի որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է դրա վնասվածքը չի հատուցվում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանալի տրամաբանությամբ են գործում ԱՊՊԱ ընկերությունները: Այն, որ մեքենաների ապահովագրությունն ուժի մեջ մտավ եւ միանգամից պարտադիր բնույթ կրեց` առաջացնելով հազարավոր վարորդների դժգոհությունը, բավական չէ, դեռ մի բան էլ` ոչ բոլոր դեպքերում է տրվում վնասի փոխհատուցում: Հետաքրքիր է, իսկ նախքան ԱՊՊԱ պայմանագիր կնքելը, քաղաքացիներին այդ բոլոր կետերի մասին մանրամասն տեղեկացնո՞ւմ են:




Լրահոս