Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից 2010-ին հանրապետության բոլոր դեռահասների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 15 տարեկան տղաների 8, իսկ նույն տարիքի աղջիկների 0.6 % ամեն օր ծխում է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սարգսյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նաև ասաց, որ 13 տարեկան տղաների 13 %-ը օգտագործել է ծխախոտ, իսկ 0.1%-ը` 11 տարեկանում: Բժշկի խոսքով երեխաները շատ զգայուն են ծխախոտի ծխի նկատմամբ: Վաղ մանկական տարիքում ծխի միջավայրում գտնվող երեխաների մոտ ավելի հավանական են սուր շնչառական հիվանդությունները:
“Երեխաները, որոնք գտնվում են ներտնային ծխի միջավայրում, արդեն ապացուցված է՝ հակված են հիվանդանալու սուր շնչառական հիվանդություններով”,- ասաց բժիշկը: “Շնչառական հիվանդացության տոկոսը ավելի մեծ է ծխի միջավայրում մեծացած երեխաների մոտ, քան նրանց մոտ ովքեր վաղ շրջանում չեն եղել ծխի միջավայրում”,- նշեց նա: Նրա խոսքով՝ պասիվ ծխողներ կարելի է ասել այլևս չկան: