Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ երեք ոչ իշխանական ուժեր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և իրենց կուսակցության միջև հակասություններ կան և կոչ արեց ժողովրդի առաջ գործել բաց և հրապարակային:
Նա նաև հայտարարեց, թե «Ժառանգություն»-ն առանձին՝ առանց եռյակի, քաղաքացիական հանդիպումների շարք կանցկացնի: Կուսակցության առաջնորդը տեղեկացրեց, որ հանդիպումներից մեկը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին Երևանում և դեկտեմբերի 6-ին՝ Վանաձորում և Գյումրիում:
Armlur.am-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է վերաբերվում «Ժառանգության» առաջնորդի հայտարարություններին: ԲՀԿ-ական պատգամավորը նախ նշեց, թե այդ հարցը հանրային կարևորություն չի ներկայացնում, ապա հավելեց.
«Եռյակի գործունեության մեջ պետք է փնտրել ռազմավարական կետին, այսինքն Հայաստանում սոցիալական, տնտեսական և իրավական ճգնաժամի հաղթահարմանն ու լուծմանն ուղղված գործողություններ և իշխանափոխությանն ուղղված գործողություններ: Մնացած ամեն ինչ երկրորդական է»:
Տիգրան Ուրիխանյանը նորություն չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե «եռյակի» ներսում տարաձայնություններ կան:
«Մենք միշտ ասել ենք, որ տարբեր մարտավարական մոտեցումներ միշտ թույլատրելի են և բնական են: Ու շատ լավ է, որ ժողովրդի առաջ է այդ ամենը տեղի ունենում»,- հավելեց նա: