«Ինչի՞ իմ ճակատին գրված է, որ միշտ պատգամավոր պետք է լինեմ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու հարցում հայրենի խորհրդարանում տարակարծությունները վաղուց են: Այս ընտրակարգի կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, մեծամասնական ընտրակարգով հիմնականում խորհրդարան են անցնում օրենսդիր աշխատանքի համար միանգամայն ոչ պիտանի գործիչները` հայտնի «ավանդական» մեթոդներով գործի դնելով ֆինանսական միջոցները: Ուստի դրանից խուսափելու եւ ավելի պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալու համար՝ անհրաժեշտ է համամասնական ընտրակարգի անցնել:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, սակայն, համակարծիք չէ վերն ասվածին եւ նաեւ որեւէ մտավախություն չունի ընտրակարգի փոփոխության հետ կապված:

-Պարո՛ն Մուրադյան, եթե առաջիկայում ընտրական օրենսգրքում կատարվեն համապատասխան փոփոխություններ եւ անցում կատարվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն կլինի:

-Ինչի իմ ճակատին գրվա՞ծ է, որ ես միշտ պետք է պատգամավոր լինեմ: Դե, եթե այդպես լինի, եւ անցում լինի հարյուր տոկոս համամասնականին, ես դրա դեմ որեւէ բան չեմ ասի ու չեմ անի: Նախ՝ թող տեսնենք՝ ինչ է լինելու, մնացած անելիքներն էլ թող մնան հետոյին:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Մնացական Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը համակարծիք կլինի կուսակցության ներսում կայացված որոշմանը:

-Պարո՛ն Մնացականյան, եթե ԱԺ-ն հաստատի լիարժեք համամասնական ընտրակարգին անցումը, Դուք ինչպե՞ս կվարվեք:

-Դա քննարկման խնդիր է, ընդամենն առաջարկ է ներկայացվել, 12 կետերում էլ ներառված է այդ պահանջը: Հանրապետական կուսակցության խորհուրդն էլ իր հերթին կուսակցության ներսում կքննարկի այդ հարցը: Ես կարող եմ իմ կարծիքն ու դիրքորոշումն ասել մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ: Կարծում եմ, որ այս ընտրակարգն այնքանով է արդյունավետ, որ ամեն մեկն իր տարածքից է ընտրվում եւ ներկայացնում է կոնկրետ տարածք: Այնպես չէ, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը ենթադրում է բոլոր ենթադրյալ եւ եղած խնդիրների միանշանակ լուծում:

-Եթե օրինագիծը բերվի խորհրդարան եւ դրվի քվեարկության, պատրա՞ստ եք ինքներդ Ձեր դեմ քվեարկել:

-Ես կուսակցության, ֆրակցիայի անդամ են: Ինչպիսի որոշում էլ կայացվի կուսակցության ներսում, ես էլ քվեարկության շրջանակներում կարտահայտեմ իմ կարծիքը, ավելի կոնկրետ՝ իմ համակարծիք լինելը: Եթե կուսակցությունը կողմ քվեարկի, ես էլ այդպես կվարվեմ: Ավելի լավ է առաջնահերթությունը տալ ընդհանուրի, քան անձնական շահերին:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս