Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվիստների մի խումբ էր գործուղել «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ» թերթերի խմբագրությունների առջեւ՝ դհոլներով ու անհասկանալի ցուցապաստառներով: Նրանք վիրավորական որակումներով փորձել են վարկաբեկել մեր գործընկերներին: Այս քայլով, Գագիկ Ծառուկյանն ապացուցում է, որ ժողովրդի մասին խոսելով ժողովրդավար գործչի իմիջ ձեւավորելու նրա ձգտումներն ամենեւին էլ ազնիվ չեն: Իրականում նա չի հանդուրժում իր հասցեին հնչած քննադատական ոչ մի խոսք եւ լրատվամիջոցների դեմ պայքարում է անհեթեթ ակցիաների միջոցով: Ընդ որում՝ այս քայլերը նա իրականացնում է այլընտրանքի կարգավիճակում. պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե նա իշխանության գա: Հավանաբար կրկին «արենա դուրս կգան» Ծառուկյանի տեսախցիկ կոտրող թիկնապահները: Ամեն դեպքում, քաղաքական ուժի համար այս պահվածքը լրատվամիջոցի դեմ, մեղմ ասած, զավեշտալի է՝ հատկապես, որ այդ քաղաքական ուժն էլ ունի լրատվության միջոցներ եւ կարող է քաղաքակիրթ պայքար տանել, եթե, իհարկե, մինչ օրս ԲՀԿ-ի լրատվական ահաբեկչությունը կարելի է քաղաքակրթության հետ համադրել:
Վերջին օրերին Սերժ Սարգսյանն «անհետացել էր» հասարակության տեսադաշտից: Նա Մարտի 8-ի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելուց հետո մարտի 10-ին ընդունել էր Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչին եւ վերջ: Դրանից հետո մեկ էլ երեկ հաղորդագրություն տարածվեց նախագահի պաշտոնը զբաղեցնողի ծավալած գործունեության մասին. Ս. Սարգսյանն այցելել էր Առողջապահության նախարարություն, խորհրդակցություն անցկացրել, հընթացս էլ` իր շնորհակալությունը հայտնել Շվեյցարիայի կառավարությանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ` 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշում կայացնելու մասին: Այնպիսի տպավորություն է, որ իրավիճակի նկատմամբ կորցնելով վերահսկողությունը, Ս.Սարգսյանն այլեւս չի ցանկանում որեւէ քայլ անել: Պատահական չէ, որ երեկ նա նախարարության աշխատակիցներին խորհուրդ է տվել. «Պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»:
Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները 2 օր առաջ հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը: Ըստ նրա՝ քննարկման ժամանակ հայ համայնքը կոչ է արել ղրիմահայերին միանալ Ռուսաստանի Դաշնությանը. «Ղրիմը Հայաստանի չափ տարածք է, ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել եւ ասել՝ սա արեք, նա մի արեք: Մենք միայն կոչ ենք արել՝ միանալ ՌԴ-ին»: Հայ համայնքի նախագահի խոսքերով՝ իրենց այս օրերին եւ, առահասարակ, Հայաստանի կառավարությունից որեւէ աջակցություն չի եղել. «Սփյուռքի նախարարությունից զանգահարում են երկու- երեք օրը մեկ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է զանգահարում, իր տեսակետն ասում, որ զգույշ լինենք: Աջակցություն ո՛չ այն ժամանակ է եղել, եւ ո՛չ էլ հիմա կա: Ընդամենը երեխաների համար գրքեր են տալիս ու վերջ»:
Հայաստանի դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ: «Ժողովուրդ»-ը Երեւանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է: «Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն: Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն: Իմ վրա են բարկանում»,- «Ժողովուրդ»-ին ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը: Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետեւանք չեն` «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»:
ՀԵՐԹԱԿԱՆԸ
Եվ այսպես` ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են: Երեկ կայացավ «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հանդիպումը: «Ժառանգություն»-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Իսկ հյուրընկալող կողմից հանդիպմանը եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը: Այսինքն` այս երկու ուժերի ներկայացուցիչները հանդիպել են գրեթե այն նույն կազմով, որն առկա էր ընդամենը մեկ տարի առաջ` ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Գրեթե նույն կազմով եւս մեկ հանդիպում էլ, հիշեցնենք, կայացել էր նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ԲՀԿ-ն դարձյալ հանդես էր եկել քաղաքական կոնսուլտացիաների նախաձեռնությամբ: Ավելին, «Ժառանգություն»-ն այդ փուլում հանդիպել էր նաեւ զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնող ՀՅԴ-ի հետ եւ հրապարակավ հայտարարել, որ ընդունում է առաջադրված օրակարգային բոլոր հարցերը, ինչը, սակայն, առանձնապես չնպաստեց նրան, որ ընդդիմադիր ուժերը գոնե ֆորմալ առումով հայտնեին իրենց աջակցությունը Սերժ Սարգսյանի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արդյոք անցած մեկ տարվա ընթացքում այս առումով շատ բան է փոխվել. վստահաբար` ոչ: Թերեւս միայն այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց արդեն «զադնի է դրել» եւ անվերադարձ կերպով փոշիացրել քաղաքական իր կապիտալը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա այստեղ եւս շատ մեծ փոփոխություններ չեն եղել: Ինչպես եւ նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդն, ի վերջո, չհամարձակվեց ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին եւ առաջադրել իր թեկնածությունը, այնպես էլ հիմա կոնսուլտացիաների օրակարգում ԲՀԿ-ն առաջ չի քաշում իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Եվ չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ առաջնորդի անձնական ամբիցիաների պարբերաբար սնուցմանը, Գագիկ Ծառուկյանն, այդուամենայնիվ, չի հատում կարմիր գիծը եւ առայժմ խոսքը գնում է «քաղաքական եւ հասարակական ուժերի լայն շերտերի միջոցով կոնսոլիդացիայի անհրաժեշտության եւ երկրում էական փոփոխությունների հասնելու մասին»:
Թե ինչով կավարտվեն «հրաշալի քառյակի» միավորման հերթական փորձերը` կերեւա առաջիկայում: Սակայն դատելով մեկ պարզ եւ շատ կոնկրետ հարցի` վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու շուրջ քառյակի` համաձայնության հասնելու անկարողությունից, ըստ ամենայնի, այս անգամ եւս արդյունքը շատ տարբեր չի լինի նախորդ փորձից: