ՔՈՒՇԿՅԱՆԸ ԿԲՈՒԺԻ ԱՐՑԱԽԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը երեկ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար: Նա արդեն ԼՂՀ-ում է ու երեկ ողջ օրվա ընթացքում բուռն խորհրդակցություններ էր անցկացնում:

Նշենք, որ Քուշկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել:
-Պարոն Քուշկյան, ինչպե՞ս է ստացվել, որ համաձայնել եք ԼՂՀ-ում աշխատել, իսկապե՞ս Բակո Սահակյանն է Ձեզ անձամբ առաջարկել զբաղեցնել նախարարի պաշտոնը:
-Առաջարկություն է եղել ու ես էլ ցանկանում եմ, որ իմ մասնագիտական բոլոր ունակությունները դնեմ առողջապահության ոլորտը զարգացնելու համար: Քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը լրջագույն ծրագրեր ունի առողջապահության զարգացման հետ կապված, իսկ ես էլ մեծ փորձ ունեմ, կհամատեղենք մեր ծրագրերը եւ լավ արդյունքների կհասնենք:
-Իսկ Հայաստանում հնարավոր չէ՞ր նման ծրագրեր իրականացնել, միթե ՀՀ-ում առողջապահության ոլորտում Ձեր կարիքը չկար:
-Ժամանակին ես Հայաստանում եմ գործունեություն ծավալել: Իսկ այժմ էլ արդեն ԼՂՀ նախագահի ներկայացրած ծրագրերի շուրջ եմ ցանկանում գործունեություն ծավալել: Իսկապես լրջագույն ծրագրեր կան:
-Դուք լքել եք նաեւ ԲՀԿ-ն: Ինչո՞ւ:
-Ես անցել եմ նոր աշխատանքի: Եկեք սահմանափակվենք այսքանով: Հետագայում էլի կխոսենք՝ արդեն կատարված աշխատանքների մասին:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է Հարություն Քուշկյանը լքել կուսակցության շարքերը:

-Պարոն Մարգարյան, ինչի՞ հետ է պայմանավորված Հարություն Քուշկյանի՝ կուսակցությունից հեռանալը:
-Ես, անկեղծ ասեմ, տեղյակ չեմ ու չեմ տիրապետում ինֆորմացիային:
-Իսկ երբվանի՞ց է Հ. Քուշկյանը լքել կուսակցության շարքերը:
-Տեղյակ չեմ:
-Բայց փետրվարի 15-ին ԲՀԿ համագումարի ժամանակ Հ. Քուշկյանը մասնակցել է համագումարին, գուցե դրանից հետո:
-Այո, ճիշտ եք ասում, մասնակցել է համագումարին, իսկ մնացածի առումով տեղեկություն չունեմ: Եթե քաղաքական մոտիվացիա լիներ ես տեղեկություն կունենայի, բայց, կարծես թե, քաղաքական մոտիվացիա չկա:
-Վերջին ժամանակահատվածում Հ. Քուշկյանի եւ կուսակցական անդամների միջեւ շփում եղե՞լ է: Նա կուսակցական աշխատանքներին խառնվե՞լ է:
-Համագումարից հետո ես իր հետ չեմ հանդիպել, շփում եղել է կուսակցության հետ, ակտիվ էր, առանձնապես որեւէ հատուկ բան չեմ նկատել, որ ասեմ, այո, ինչ-որ բան կար: Իսկ այս ամենը ես չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված:
-Գուցե լուրջ տարաձայնություննե՞ր են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Չէ, չէ, կարծում եմ՝ նման բան չկա իրականում:
-Այժմ Հ. Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար, ինչպե՞ս եք գնահատում նրա այս որոշումը:
-Ինքը բավականին կարող մարդ է, ու ես ենթադրում եմ, որ պայմանավորվածություն է եղել ու ինքը գնացել է: Հանուն Ղարաբաղի կարելի է ամեն ինչ հասկանալ, ես գտնում եմ, որ ճիշտ է գնալը, ինքն օգուտ կտա, սրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ: Ղարաբաղի դեպքում մի քիչ այլ է, փոխում է իրավիճակը: Ես գնալը նորմալ եմ համարում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Հարություն Քուշկյանը 2007-2012թթ. եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, իսկ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել իշխող կոալիցիայի կազմ, Հ. Քուշկյանը հրաժարական տվեց նախարարի պաշտոնից:

 

 

 

ԲՀԿ-Ի ՉՍՏԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ՝ ԴՀՈԼՆԵՐՈՎ

Երեկ մի խումբ երիտասարդներ դհոլի մասին մանրապատումային պաստառներով շրջում էին մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ գտնվում են «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի խմբագրությունները, իսկ վերջում էլ հանգրվանելով «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ մեխակ են դրել ու դհոլ նվագել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որն է եղել ակցիայի նպատակը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թվականին «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց անց էր կացվել նմանատիպ մի բողոքի ակցիա՝ ԲՀԿ երիտթեւի ակտիվիստների գլխավորությամբ: ԲՀԿ երիտթեւի առաջնորդ Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթն իր հրապարակումով վիրավորել է Վանաձորի ուսանողների պատիվն ու արժանապատվությունը, մեղադրելով վերջիններիս ԲՀԿ կազմակերպած միջոցառմանը մասնակցելու նպատակով կաշառք տալու մեջ: Հաշվի առնելով այս փորձը, հասարակական լայն շրջանակների մոտ կասկածներ կան, որ նշված ակցիայի հեղինակները հենց ԲՀԿ-ականներն են:
Երեկվա ակցիայի մասնակիցների թվում էին նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օգնականները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում այդ ակցիան, մասնակիցներից մեկն ասաց, թե իրենք փորձում են ցույց տալ, որ ՀՀ-ում Արտաշես Գեղամյանի նման «դհոլ երաժշտական գործիքները»՝ քաղաքական տեսքով, շատացել են՝ թերեւս նկատի ունենալով մեր գործընկերներին: Իհարկե յուրաքանչյուր ոք ունի իրավունք պաշտպանելու իրեն եւ քայլեր իրականացնել մինչեւ այնտեղ, ուր ավարտվում է սեփական իրավունքը: Բայց այն, ինչ իրականացրեց ԲՀԿ-ն ոչ ուղղակի ձեւով, ցույց տվեց, որ քաղաքական փոքրհոգիությունը վերջ չունի: ՀՀ Ազգային ժողովում իր անդամների թվով երկրորդ քաղաքական ուժը չի հանդուրժում իր նկատմամբ հնչող քննադատությունը: Եվ չբավարարվելով լրատվական պատերազմով, երեկ գործի էր դրել երաժշտական մի ողջ անսամբլի: ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի եւ իր կուսակիցների արարքը, մեղմ ասած, կարելի է զավեշտալի համարել, ակցիան էլ՝ անպտուղ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք հասկացե՞լ է, թե ինչ էր ակտիվիստների ուզածը: «Մարդիկ չեն կարողանում դիմանալ մեր աշխատանքի տեմպին, որակին, արդեն դիմում են անմեղսունակ բաների: Ես նորմալ եմ վերաբերվում: Վստահ եմ, որ ուղղորդված է եղել մեր աշխատանքային գործունեությանը: Ես ընդամենը քմծիծաղով եմ վերաբերվում այստեսակ գործողություններին: Մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մեր ճանապարհից չենք շեղվելու, մենք պայքարել ենք բոլոր արատավոր երեւույթների դեմ»:
Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի համարի պատասխանատու Հայկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ակցիայի մասնակիցները սկզբում դհոլներով անցել են խմբագրության կողքով, հետո հասկացել են, որ սխալ ճանապարհով են գնում ու հետ են վերադարձել, մի քանի րոպե կանգնել խմբագրության մոտ ու հեռացել: «Բավականին զվարճացրել են»,- հավելեց Հ. Գեւորգյանը:
Իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ չթաքցրեց իր վերաբերմունքը. «Թող նշված լրատվամիջոցներն իրենց այնպես դրսեւորեն, որ չառաջացնեն հասարակության զայրույթը»:
Մեզ մնում է հավելել, որ ԲՀԿ-ն առյուծային իր կերպարից վերածվեց դհոլի մակարդակի գործիչների ամբողջության:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆԻՍՏ ԵՂԱՎ
ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման ոլորտի խնդիրներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի կազմում առանձնացված աշխատանքային չորս խմբերը միասին քննարկել են ուսումնասիրվելիք հարցերի շրջանակներն ու պատկան մարմիններին ուղարկվելիք հարցաշարերը: Հանձնաժողովում որոշվել է հաջորդ շաբաթ արդեն համապատասխան մարմիններին ուղարկել հարցաշարերը: Մինչ այդ, սակայն, երկուշաբթի նրանք եւս մեկ նիստ կգումարեն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե որքան իրենք խորանում են այդ ոլորտում, այնքան շատանում են հարցերը: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել նաեւ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ նիստ, որի օրակարգում եղել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Միայն թե, երեկ եւս խմբակցությունները վերջնական որոշում չեն կայացրել ու այս հարցով շարունակելու են խորհրդակցությունները:

 
ԱՆԻՄԱՍՏ ՕՐԵՆՔ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ձեռնամուխ են եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում նոր փոփոխությունների: Բանն այն է, որ գործող օրենքը սահմանում է` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին կամ այդ աղբյուրը հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, փոխհատուցման պարտականությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը: Այլ կերպ ասած, գործող օրենքը թույլ չի տալիս իրականացնել տեղեկատվության աղբյուրների պատշաճ պաշտպանություն: Մարտի 31-ին այս կապակցությամբ նախատեսված են խորհրդարանական լսումներ, ու հավանական է` որոշվի ԱԺ ներկայացվելիք նոր նախագծից ընդհանրապես հանել այս դրույթը: Երեկ էլ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել` նշելով, որ այդ խնդրի վերաբերյալ իրենք սպասում են առաջարկների:

 
ՈՒԹԵՐՈՐԴ ԳԻՐՔԸ
Օրերս լույս է տեսել ՀՀ ՍԴ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանի «Սահմանադրագիտություն. նկատառումներ, հիմնախնդիրներ» գիրքը: Այստեղ Վալերի Պողոսյանը քննարկել է Սահմանադրության տեսությանը, սահմանադրականությանն ու սահմանադրական իրավունքին առնչվող որոշ հիմնախնդիրներ: Հեղինակն առաջին անգամ օգտագործել ու տվել է «սահմանադրագիտություն» տերմինի գիտական բացատրությունը. տերմին, որը դեռեւս չկա որեւէ բառարանում: Նշենք, որ սա Վ.Պողոսյանի 8-րդ գիրքն է:

 




Լրահոս