ՂՐԻՄԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուկրաինացիներն, ամենայն հավանականությամբ, կկորցնեն Ղրիմը. մարտի 16-ին տեղի կունենա հանրաքվե: «Ժողովուրդ»-ը Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանի հետ զրույցում փորձեց պարզել հայ համայնքի դիրքորոշումը:

-Ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքում: Ի՞նչ տրամադրություններ են գերիշխում՝ ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ:
-Ղրիմում ժողովրդի 65 տոկոսը էթնիկ ռուսներ են եւ նրանց մեծ մասը ցանկություն ունի միանալ Ռուսաստանին: Երկու օր առաջ Ղրիմի հայկական խորհուրդը ժողով անցկացրեց եւ մենք այդ ժողովի ժամանակ կարծիք հայտնեցինք, որ ժողովուրդը ցանկանում է միանալ Ռուսաստանին: Այսինքն՝ այսօր Ղրիմահայոց ընկերությունը կոչ է անում միանալ Ռուսաստանին: Իսկ հիմա նորմալ է ու առայժմ խաղաղ ենք:
-Կա՞ հայկական գործոնն օգտագործելու վտանգ` հաշվի առնելով, որ ունեցանք երկու հայ զոհ եւ, առհասարակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակվեց ազգությամբ հայ Արսեն Ավակովը:
-Մենք մինչ վերջերս այդ դեպքերի մասին ոչ մի կարծիք չէինք արտահայտել եւ ոչ մի կոչ էլ չէինք արել: Սակայն երբ Ղրիմը հայտարարեց իր անկախության մասին, մենք արդեն իրավունք չունենք լռելու: Իսկ հայկական գործոնը օգտագործելու վտանգ ես չեմ տեսնում:
-Այս օրերին ՀՀ իշխանությունները, մեր դիվանագիտական կորպուսը, Սփյուռքի նախարարությունը կապ պահպանո՞ւմ են Ձեր հետ, կամ աջակցություն ցուցաբերո՞ւմ են:
-Սփյուռքի նախարարությունից զանգահարում են մեկ-մեկ` երկու-երեք օրը մեկ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է զանգահարում ու իր տեսակետն ասում, որ զգույշ լինենք: Մենք այդպես էլ անում ենք: Անկախ պետություն է եւ մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մի խոսքով, շփում կա, սակայն գործնական աջակցություն չկա: Աջակցություն ոչ այն ժամանակ է եղել, ոչ էլ հիմա կա: Ընդամենը երեխաների համար գրքեր են տալիս, իսկ այլ աջակցություն երբեւէ չի եղել:
-Իսկ ինչո՞ւ, փորձե՞լ եք հասկանալ:
-Ի՞նչ իմանամ, դուք եք Հայաստանում, ի՞նձ եք հարցնում:
-Ղրիմում որքա՞ն հայ կա եւ որքանով են նրանք ազդեցիկ: Առհասարակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանց բիզնեսն արդյոք տուժո՞ւմ է:
-Այստեղ մոտավորապես 30 հազար հայ կա եւ ազդեցության տեսանկյունից ոչ մի ազդեցություն չունենք: Այս տասը տարիների ընթացքում ոչ մի հայ ոչ մի պաշտոն չունի եւ մեր ձայնը ոչ մեկ չի լսել: Հուսով ենք, որ անկախ Ղրիմում մեր ձայնը կլսեն եւ մենք կկարողանաք առավել ակտիվ գործունեություն ծավալել, մեր իրավունքները պաշտպանել: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսներին, բոլոր ազգերի բիզնեսներն էլ տուժում են, քանի որ Ղրիմը զբոսաշրջային կենտրոն է, եւ մենք ապրում ենք զբոսաշրջիկների հաշվին: Ձմեռը յոլա ենք գնում, գարնանը, աշնանը, ամռանը ժողովուրդն աշխատում եւ կարողանում է ապրել: Իհարկե, լարված իրավիճակի պատճառով բոլորս էլ անհանգստացած ենք, որ եթե զբոսաշրջիկները քիչ եղան, ֆինանսական վիճակը կվատանա, բայց հուսով ենք՝ դա չի լինի, քանի որ դեռ ամեն ինչ խաղաղ է գնում:
-Դուք՝ որպես Ղրիմի հայ համայնքի նախագահ, վտանգ չե՞ք տեսնում, որ Ուկրաինայի պառակտման արդյունքում Ղրիմի եւ Ուկրաինայի այլ մարզերի հայկական համայնքների միջեւ խնդիրներ կառաջանան:
-Եթե ուզենան գան կպնեն հայերին, ապա պատճառը միշտ էլ կա: Այսօրվա աշխարհում հնարավոր չի առանձին ապրել: Պետք է այնպես անել, որ մի թիմի մեջ լինենք: Պետք է մաքուր ապրենք, ուզում ենք խաղաղություն լինի: Հայերս պատրաստ ենք աշխատել, ստեղծել եւ ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում: Իսկ թե հիմար մարդը ինչ կասի մեզ, դա չի հետաքրքրում, մենք պետք է խելացի մարդկանց լսենք: Կրկնում եմ՝ մենք կոչ ենք արել միանալ Ռուսաստանին, իսկ թե ով ում հետ կցանկանա լինել, դա իր իրավունքն է: Ղրիմը Հայաստանի չափ է ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել եւ ասել՝ սա արա, այն մի արա: Մենք միայն կոչ ենք արել, ընդամենը կոչ:
-Ինչ եք կանխատեսում, անարյուն կանցնի՞ անջատման այս գործընթացը, թե՞ հնարավոր են բախումներ:
-Գիտե՞ք, Ղրիմի կյանքում ոչ մի բան չի փոխվել, երեխաները հանգիստ դպրոց են գնում ու ամեն ինչ կարգին է: Իսկ թե հետո ինչ կլինի, դա ոչ ոք չի կարող ասել: Այսքանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐԻ ԿԵՐՈՒԽՈՒՄԸ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց մինչեւ մարտի 19-ը: Նշենք, որ մինչ դատական նիստը «Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախորդ օրը երեկոյան Վահե Ղուկասյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ ղուկասյանները մի մեծ կերուխում են սարքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հավաստիացրեց, թե նման բան չկա.«Ես ձեզ վստահեցնում եմ. անձամբ եմ ընդունել Վահե Ղուկասյանին եւ նրան բացատրել եմ ՔԿՀ-ի կանոնները: Ավելին կարող եմ ասել, որ ղուկասյաններից ոչ ոք այստեղ չի եղել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանն էլ ասաց, թե իրենցից ոչ ոք դատական նիստին ներկա չի եղել, իսկ թե ինչու, չմանրամասնեց. «Ես դատարան չեմ գնում»:
Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 23-ին՝ Ժամը 13.00-ին, Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո), ով հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

 
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի քրեական անցյալին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց .«Գիտեք ինչ, շատ-շատերն են անդրադառնում անցյալներին: Մեր զինված ուժերի, մեր պետության զարգացման փուլում յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարությունը` թե ինչպես ենք մենք փորձում բարեփոխվել, ինչպես ենք մենք փորձում մեր ժամանակաշրջանին վայել գործունեություն ծավալել: Անցյալում ես ուսումնասիրել եմ, այդպիսի բան չկա, եւ պետք է նշեմ, որ ռազմական ոստիկանապետն այսօր լուրջ աշխատանք է տանում զորակոչի արդար իրականացման համար` իր տեղակալների հետ միասին: Հավատացեք, բանակում չկան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարում եւ մենք համարժեք միջոցներ չենք ձեռնարկում»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար։ Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, երբ նա աշխատել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում: Ըստ շրջանառվող լուրերի` նրա պատվերով կրակոցներ են արձակվել ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետ Տիգրան Եսայանի տան ուղղությամբ: Բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել կատարվածից, իսկ Ս. Ղուկասյանը որոշ ժամանակ անցկացրել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

 

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ
ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նիստից հետո «Դեմ եմ»-ի ակտիվիստ Գեւորգ Գորգիսյանը երեկ հայտնել է, որ նիստում քննարկել են մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված հարցեր: Նա ընդգծել է, որ չնայած դրան` շարժումը չի քաղաքականացվում: Անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` շարժումն ուղղորդելու մասին հայտարարությանը, ակտիվիստն ասել է. «Բացառվում է, քանի որ մեր շարժման նկատմամբ արդեն վախ կա, այդ պատճառով էլ փորձում են նման պիտակներով վարկաբեկել»: Իսկ ակտիվիստ Դավիթ Մանուկյանը նշել է, որ եթե մարտի 28-ին ՍԴ-ն չբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բացառման հայցը, իրենց պայքարը նոր կզգացվի:

 

 

 

ԲԼԹ

«Սերժ Սարգսյանն ինքը կարող է նախաձեռնել այս ամեն ինչը: Պետք է պատրաստ լինել նաեւ արմատական փոփոխությունների, պետք է այդքան ինքնասիրահարված կեցվածքով չգնալ ապահով Հայաստան կառուցելու»:

Ռուբեն Հակոբյան 1in.am

Փաստորեն, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը գրեթե պարզ հասկացնում է, որ «Ժառանգությունն» էլ ԲՀԿ-ի նման նախագահ փոխելու հարց բարձրացնել չի պատրաստվում եւ ԲՀԿ-ի նման սլաքներն ուղղելու է միայն վարչապետի եւ կառավարության դեմ։ Որպես քաղաքականության մեջ հմուտ մարդիկ՝ «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է որ վաղուց հասկացած լինեին, որ ձուկը գլխից են բռնում, եւ միայն կառավրություն փոխելով հարց չի լուծվում, քանի որ երկրի նախագահն է օրակարգ թելադրում: Հետեւաբար, նման մոտեցումից արդեն ԲՀԿ-ական խաղերի հոտ է գալիս, որը վստահություն չի ներշնչում:

 

 
«Կտրուկ հայտարարություններ են անում` ցույց տալու, որ իրենք էլ են կուսակցություն: Ընտրության արդյունքները տեսեք կհասկանաք՝ ով ինչքան հեղինակություն ունի»:

Մանվել Բադեյան armlur.am

Ընդդիմության գործունեությունով հիացած չլինելով հանդերձ՝ պետք է փաստել, որ գոնե ընտրությունների արդյունքները մեջբերելը ՀՀԿ-ականների կողմից առնվազն ծիծաղելի է: Ախր բոլորս էլ գիտենք, թե որտեղ եւ ինչպես են նկարվում այդ արդյունքները, եւ որ դա հեղինակության հետ որեւէ կապ ունենալ չի կարող: Այնպես որ՝ ՀՀԿ-ն չէ, որ պետք է խոսի հեղինակության մասին, քանի որ իր գործունեությամբ ժողովրդի աչքում վաղուց արդեն կորցրել է այդ հեղինակությունը: Մանվել Բադեյանն այսպիսի «հանճարեղ» մտքերով կրկին մատնում է Գալուստ Սահակյանին մրցակից դառնալու իր մտադրությունը:

 

 

«Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի կալորիականությունը համապատասխանում է ստանդարտներին եւ պայմանագրում ամրագրված չափանիշներին»:

Արմեն Մովսիսյան 168.am

ՀՀ-ում էլ կա երկնիշ թվերով տնտեսական աճ. Քոչարյանի օրոք էլ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություն էին անում, Սերժ Սարգսյանի օրոք էլ՝ նույն ոճի մեջ՝ ամեն ինչ լավ է, կառուցում ենք ապահով Հայաստան, բայց ժողովուրդը գնալով, չգիտես ինչու, սկսում է ավելի վատ ապրել: Բայց մեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, հետո ինչ, թե նույն թեյնիկը Վրաստանում ավելի երկար է եռում, քան Հայաստանում. դա չափանիշ չէ: Կարեւորն այստեղ էներգետիկայի նախարարի հեղինակային խոսքն է. եթե Մովսիսյանն ասում է, որ գազի կալորիականությունը ցածր չէ, ուրեմն լռենք եւ հնազանդվենք:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս