Մարտի 1-ի 6-րդ տարելիցին ընդառաջ` ընդդիմադիր ՀԱԿ-ը կրկին բարձրացրեց «Մարտի 1-ի» գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Իշխող ՀՀԿ-ն հերթական անգամ քվեարկությունը տապալեց` ընդդիմության փաստարկներին ի պատասխան նշելով, թե նման մի հանձնաժողով արդեն եղել է ու առավելագույնն է արել: Ստորեւէ փորձենք վերհիշել, թե ինչ է արել այդ հանձնաժողովը եւ ինչպիսին է եղել ներկայացված զեկույցի բովանդակությունը: Այս մասին պատմող փաստաթուղթը հանրայնացրել է «Վիկիլիքս»-ը: Դրա հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է, ով պատմում է զեկույցի առանցքային կետերի, դրա նպատակի ու քաղաքական ուժերի արձագանքի մասին:
Նախկին դեսպանը նախ արձանագրում է, որ 2009թ. սեպտեմբերի 16-ին 15-ամսյա աշխատանքների արդյունքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հրապարակել է մի զեկույց, որը պատմում է 2008թ. վիճելի ընտրություններին հետեւած իրադարձությունների մասին: Յովանովիչը հաղորդում է, որ ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, ուստի այն ընդամենը պրո-իշխանական օրենսդիրների խումբ էր: 138-էջանոց զեկույցը իրադարձությունների ողջ մեղքը բարդում է ընդդիմության վրա եւ սահմանափակ քննադատություն հնչեցնում իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ: Դեսպանի հաղորդմամբ՝ Մարտի 1-2-ի զոհերի հարազատները չեն ընդունել զեկույցը եւ մեղադրել են իշխանություններին` սպանությունների մեջ իրենց մեղավորությունը կոծկելու համար:
Փաստաթուղթն առաջին հատվածում քննարկում է նախընտրական փուլը եւ մեղադրում ընդդիմության առաջնորդ եւ նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ բռնություն հրահրելու, անհանդուրժողականության ու ատելության միջավայր ստեղծելու համար: Ավելին, ըստ այդ զեկույցի` Տեր-Պեետրոսյանի հաջորդ մեղքն այն է, որ նա երկրի դրական զարգացումն ու հաջողություններն անտեսել է եւ կենտրոնացել չլուծված խնդիրների վրա: Իշխանության մարմինների հանդեպ հանձնաժողովի հնչեցրած միակ քննադատությունն ուղղված է եղել հայաստանյան հեռուստատեսությանը, որը քաղաքական իրադարձությունները ներկայացրել է անհավասարակշիռ կերպով ու հասարակության մեջ ստեղծել անվստահության մթնոլորտ ընդդեմ իշխանությունների: Դեսպանը փաստաթղթում ամփոփված իր մեկնաբանության մեջ հատուկ արձանագրել է, որ Հայաստանի լրատվական դաշտի գերակշիռ մասը իշխանական է կամ էլ կրում է իշխանության ծայրահեղ ազդեցությունը:
Հանձնաժողովի վսհատեցմամբ՝ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրությունը լիովին օրինական է եղել, հակառակ դեպքում շատ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեին: Նիկոյանի հանձնաժողովը պնդել է, որ «ոստիկանությունը գործել է օրինականության ու ադեկվատության շրջանակներում՝ չնայած որոշ բացթողումներին»: Դրանցից մեկն այն է, որ ոստիկանությունն Ազատության հրապարակում զենք փնտրելու օպերացիան իրականացրել է սխալներով, քանզի «գտնված զենքերը չեն օգտագործվել որպես ապացույց՝ թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր»: Իրականում, սակայն, շատերի համար հստակ է, որ այդ զենքերը հրապարակ էին բերվել հենց դրանք «փնտրողների» ձեռամբ, ինչի նպատակն էր ընդամենը արդարացնել հրապարակի հարկադիր մաքրումը: Այլապես տարօրինակ է, թե ինչու դրանք չկիրառվեցին որպես իրեղեն ապացույց եւ իրավապահները ստիպված եղան կենտրոնանալ լոկ մի քանի փայտե ձողերի վրա:
Անդրադառնալով զեկույցի շուրջ քաղաքական ուժերի տեսակետներին՝ դիվանագետը տեղեկացնում է, որ դաշնակցականները հատուկ կարծիքով են այն ստորագրել, իսկ ԱԺՄ ներկայացուցիչն ու ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը չեն ստորագրել զեկույցը: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այն խիստ քննադատել էր զեկույցը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսը ժխտել էր դրա պարունակության արժանահավատությունն ամբողջությամբ: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ հանձնաժողովի նպատակն է եղել ծածկել Մարտի 1-ի հրեշավոր սպանությունները, ինչը եւ բարեհաջող կերպով Նիկոյանի հանձնաժողովն արել է: ՄԻՊ Արմեն Հարությունյանն էլ հայտնել էր, որ ինքը հիասթափված է զեկույցի այն պնդումներից, թե բացասական դերակատարությունը պատկանում է միայն ընդդիմությանը:
Փաստաթղթում Յովանովիչը պատմում է, որ նույն տարվա օգոստոսին Նիկոյանը հաղորդել էր դեսպանատան կոնտակտին, թե ինքը ներառելու է նաեւ միջազգային կազմակերպությունների զեկույցները՝ Human Rights Watch, ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ODIHR) եւ ՀՀ ՄԻՊ հայտարարությունները: Նա ավելացրել էր, որ նման խորհուրդ ստացել է Դավիթ Հարությունյանից: Վերջինս վստահեցրել էր Նիկոյանին, որ «եվրոպացիները սիրում են նման բաներ, եւ հաճույքով կընդունեն»՝ ավելացնելով, որ զեկույցում անհրաժեշտ բարեփոխումների մասին ընդհանուր մտքեր ավելացնելը կհանգստացնի եվրոպացիներին եւ հանձնաժողովին կազատի ճնշումներից:
Ամփոփելով՝ պետք է նկատենք, որ այսպիսի զեկույցը ոչ միայն առավելագույնը չէ, այլեւ նույնիսկ նվազագույնը չէ: Այն փաստացիորեն լիապես միտված էր միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ ներհայաստանյան լարվածությունը արհեստականորեն թուլացնելու նպատակներին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱՌՆՈՒ «ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ՍԿՍՎԱԾ ՉԷ»
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու որոշման հարցը: Սակայն երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է գտնվում, հստակ որոշում չկա:
Նշենք, որ դեռեւս 2013 թվականի դեկտեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարել էր, որ Գառնիի տաճարի հարակից տարածքում սրճարան է կառուցվելու եւ այն լինելու է Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ գտնվող բաղնիքի վերեւում: Սրճարանի համար 37 մ տարածք է տրամադրված:
-Տիկին Պողոսյան, ի՞նչ փուլում են գտնվում Գառնիի տաճարի հարակից տարածքում կառուցվելիք սրճարանի աշխատանքները:
-Չգիտեմ` ինչն էր պատճառը, որ այս թեմայի շուրջ այսքան մեծ աղմուկ բարձրացավ: Չկա մի դեպք, որ Մշակույթի նախարարությունը հնագիտական որեւէ շերտ ոչնչացնի: Գառնիի տաճարի տարածքում լանդշաֆտի ոչ մի խախտում չկա: Իսկ այն հենապատը, որ շարվում է, ուղղակի պետք է շարվեր: Զբոսաշրջիկների խնդիրն այսօր առկա է, եւ մենք այսօր քննարկում ենք նորմալ, հանգիստ, բնականոն ձեւով: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է նման ընթացք ստացել այս հարցը, երբ որեւէ աշխատանք չի կատարվում այնտեղ:
-Գառնիի տաճարի հարակից տարածքում եթե սրճարան կառուցվի, վտանգ կա, որ այն այլեւս չի համարվի մշակութային արժեք, ինչպես եղավ Նորավանքի դեպքում, անգամ այն հանվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկից՝ տարածքում կառուցված սրճարանի պատճառով: Մտավախություն չունե՞ք, որ նույնը կկրկնվի տաճարի դեպքում:
-Ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չի, Նորավանքը… սխալ տվյալներ ունեք, Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չի եղել, ինքը պատրաստվում էր ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը, այսինքն՝ պատրաստվում էր փաթեթին… իսկ այդ փաթեթը չպատրաստվեց, որովհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրները ուշադրություն դարձրեցին որոշակի հանգամանքի վրա: Իսկ ինչ վերաբերում է հետագա մյուս գործողություններին, որոնք կատարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող հուշարձանների հետ կապված, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը համաձայնեցված է կամ պետք է համաձայնեցվի նախապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:
-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է միջամտել սրճարանի կառուցման հարցին, ինչի համար էլ հիմա դադարեցվել են շինաշխատանքները:
-Քննարկվում է… քննարկվում է զուտ զբոսաշրջային գործընթացների հետ կապված… միջամտում են, ասում են, ես ասում եմ այն, ինչ ասում եմ: Եթե դուք ինձ հարց եք տալիս, եւ եթե ուզում եք լսել ճշմարտությունը, ես ասում եմ ճշմարտությունը, թե ինչ է իրականում կատարվում: Սրճարանի կառուցումը դեռեւս սկսված չէ, այսինքն՝ ոչ մի գործընթաց չկա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳԵԼՈՎ
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով Տավուշի սահմանագոտում գյուղացիների աշխատանքի եւ կյանքի համար լուրջ վտանգներ են ծագում: Ազերիների կողմից պարբերաբար գնդակոծությունների վտանգի պատճառով սահմանամերձ գյուղերի մշակովի հողերի զգալի մասը մատնվել է անտերության: Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ այս օրերին սահմանագոտում հանգիստ է, ազերիները չեն կրակում: Գյուղապետի խոսքերով՝ վերջին մի քանի օրը մառախուղ է, գյուղացիները դաշտ չեն գնացել: Սակայն այգեպարցիները տագնապով են սկսում գարնանային աշխատանքները, մտավախություն կա, որ ադրբեջանական զինուժը վերստին կրակ կբացի դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա: Այգեպարի գյուղապետն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության, վտանգների պատճառով Այգեպարում չի մշակվում 35 հա տարածք: Ներքին Կարմիրաղբյուր համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ադրբեջանական զինուժի կողմից առավել հրետակոծված համայնքներից է: Համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական վտանգի պատճառով գյուղի հողերի 80 տոկոսը չի մշակվում, 730 հա վարելահողերից վարուցանք է կատարվել միայն 120 հեկտարում: Ներքին Կարմիրաղբյուր համայնքում կա 33 հա խաղողի այգի: Սակայն սահմանամերձ լինելու վտանգի պատճառով 2 տարի առաջ գյուղացիները հրաժարվել են 5 հա խաղողի այգու մշակությունից: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժը հայկական գյուղերը գնդակոծելիս օգտագործում է խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնք գնդակոծման, թիրախները խոցելու համար բավականաչափ հեռահարություն ունեն: Մ. Կամենդատյանի խոսքերով՝ գյուղացիները գնդակոծությունից վախենալով հանդերձ՝ ապրում են իրենց սովորական առօրյայով: Իսկ սահմանակից Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղացիները մշակում են հողերը, էտում խաղողի այգիների վազերը: Ս. Սաղոյանը հայտնեց, որ Ադրբեջանին սահմանամերձ, վտանգավոր լինելու պատճառով չի մշակվում գյուղի հողերի շուրջ 70 տոկոսը, պահուստային հողերի հետ միասին՝ 400-500 հա: Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ հայտնեց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, մովսեսցիները, վտանգն անտեսելով, մշակում են իրենց հողերը: Գյուղապետի խոսքերով՝ սահմանամերձ գոտում գտնվելու պատճառով չի մշակվում Մովսեսի հողատարածքների 15 տոկոսը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ