ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո Հայաստանում սկսվեց թանկացումների ալիք. թանկացավ մթերքը, ծխախոտը, առաջիկայում կբարձրանա նաեւ ջրի սակագինը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ` առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ:

«Ժողովուրդ»-ը Երեւանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է: Այսպիսով, թանկացել են արյան բարձր ճնշումն իջեցնող, արյունը ջրիկացնող, կալցիում պարունակող, վահանաձեւ գեղձի համար նախատեսված, սրտանոթային, անոթային դեղերը, նաեւ` հակաբիոտիկները:
Մեզ հետ զրույցում Երեւանի դեղատներից մեկի աշխատակցուհին` Ռուզաննա Հարությունյանը, նշեց, որ բարձրացել են ձեռքբերման գները, ինչի արդյունքում էլ դեղատները հիմա դեղորայքը ստանում են արդեն թանկացած: Իսկ մեկ այլ դեղատան աշխատակից ասաց, որ այս թանկացումներին զուգահեռ ֆրանսիական «Սերվիեր» ընկերությունը նվազեցրել է իր դեղերի գները: «Կտրուկ ընկել են այս ընկերության դեղերի գները: Մարդկանց ուրախությանը չափ ու սահման չկա, բայց մյուս ընկերությունները` հակառակը` օր օրի 50-100 դրամի չափով թանկացնում են: Մի քանի օր` ու կսկսվի, մարդիկ կնկատեն այդ թանկացումը: Ճիշտ է, 100 դրամով է թանկացել, բայց միեւնույն է՝ այդ գումարը նրանց գրպանին մեծ հարված է: Չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն: Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն: Իրենք գիտեն, որ ես ամենեւին էլ մեղավոր չեմ, ընդամենը դեղագետ-վաճառող եմ»,-ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը:
Իսկ «Սանարե ֆարմ» ընկերության դեղագետ Գրետա Հովհաննիսյանից տեղեկացանք, որ թանկացել են ոչ միայն առաջին անհրաժեշտության դեղերը. «Հիմնականում ամեն ինչն էլ թանկանում է: Մենք ինքներս չենք հասկանում, թե ինչով է սա պայմանավորված: Մեզ համար էլ քաոսային վիճակ է: Որոշ մարդկիկ նորմալ են վերաբերվում թանկացումներին, իսկ մեծ մասը նեղվում է, չէ որ ոչ միայն դեղերի շուկայում է գնաճը: Հիմա խոսակցություններ կան, որ պամպերսներն էլ են թանկանալու: Չգիտես, թե ոնց է լինելու էս ժողովրդի վիճակը»,- մտահոգվեց դեղագետը:
Նշենք, որ դեղեր ներմուծող «Աստերիա» ընկերությունը նույնպես թանկացրել է իր դեղերի տեսականին: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն աշխատակիցները հրաժարվեցին մեզ հետ խոսել այս թեմայի շուրջ:
Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետեւանք չեն` «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց, որ այս ոլորտում կան գերիշխողներ. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»:
«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանի խոսքով՝ եղանակային այս փոփոխություններին ավելի դժվարությամբ են կարողանում հարմարվել հիմնականում սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդիկ: «Նորմալ, առողջ մարդը կարող է, բայց մյուսները` ոչ: Եվ իրենց մոտ դա արտահայտվում է ճնշման բարձրացումով, նույնիսկ մեկ-մեկ կարող է լինել ճնշման անկում, սրտի իշիեմիկ հիվանդության սրացում: Այսինքն` գարնան այս եղանակին սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ»,-ասաց նա:
Սրտաբանը խորհուրդ տվեց նաեւ կանոնավոր չափել զարկերակային ճնշումը: Իսկ եթե մարդը գլխապտույտ ունի, շնչարգելություն կամ որեւիցե ցավ կրծքոսկրի շրջանում, կրծքվանդակում, ապա պետք է անպայման դիմի բժշկի: «Դա կարող է լինել սրտանոթային հիվանդության սրացման նշան: Անհրաժեշտ է անպայման ընդունել այն դեղերը, որոնք նշանակել է բժիշկը, դա շատ ավելի կարեւոր է գարնանային այս փոփոխական եղանակներին»,-լրացրեց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

Մարտի 13-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Բացի Արոնյանից, ում վարկանիշն ամենաբարձրն է՝ 2830, աշխարհի Թագը Մագնուս Կարլսենի հետ հետագայում վիճարկելու իրավունքի համար պայքարում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2787), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2770), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2766), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2757) եւ Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան, 2709)։
Առաջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր, ում հետ վերջերս Ցյուրիխում կայացած գերմրցաշարում հայ շախմատիստը երեք պարտիաներում էլ հաղթանակներ էր տոնել։ Բայց այս անգամ, ցավոք, հայ գրոսմայստերը պարտություն կրեց։ Առաջին տուրում կայացած մյուս երեք հանդիպումները՝ Անդրեյկին-Կրամնիկ, Կարյակին-Սվիդլեր, Մամեդյարով-Տոպալով, խաղաղ ելք ունեցան։ Լեւոնի առաջին պարտիայի մասին խնդրեցինք կարծիք հայտնել գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանին։ «Հենց սկզբում Լեւոնը ոչ մեծ պրոբլեմներ ունեցավ, լավ չխաղաց, իսկ Անանդն այսօր շատ լավ էր խաղում»,- ասաց մեր զրուցակիցը։ Ապա ավելացրեց, որ հնդիկ գրոսմայստերն անցյալ տարի է մասնակցել աշխարհի առաջնության մրցամարտին, իսկ դրան նախապատրաստվելիս անպայման շատ տեսական նյութեր, պարտիաներ, նորություններ են ուսումնասիրում։ «Այնպես որ՝ նման հարուստ տեսական փորձ ունեցող գրոսմայստերի հետ մոտակա մեկ տարվա ընթացքում խաղալը սկբնախաղային առումով եւ ընդհանրապես շատ դժվար է։ Ինչ վերաբերում է նախկին հանդիպումներին, որոնցում մեր հայրենակիցը հաղթել է, ապա Անանդն, ի վերջո, մի քանի անգամ արդեն աշխարհի չեմպիոն է դարձել, այսինքն՝ առաջին անգամը չէ, որ առնչվում է նման թեթեւ հոգեբանական խնդրի»։ Մեր զրուցակիցը համոզված է, որ մի պարտությունը չի կարող ճակատագրական դեր խաղալ, ամեն ինչ կորած չէ, եւ Լեւոնը կարող է կորցրածը ետ բերել։
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովն էր։ Այնպես որ, մրցաշարի մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող եւ հաղթողի գլխավոր ֆավորիտ համարվող հայ գրոսմայստերի համար երեկվա մրցախաղը սկզբունքային նշանակություն ուներ՝ ձախողված մեկնարկից հետո։ Եվ մեր հայրենակիցը հաղթեց գեղեցիկ ոճով՝ ապացուցելով, որ ամեն ինչ դեռ առջեւում է։ Երկրորդ տուրի մյուս հանդիպումները նման ավարտ ունեցան. Տոպալով-Անանդ՝ 0,5։0,5, Կրամնիկ-Կարյակին՝ 1։0, Սվիդլեր-Անդրեյկին՝ 1։0։
Իսկ Երեւանում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնությանը կանդրադառնանք հաջորդ համարում։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 




Լրահոս