ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

Երեկ Արագածոտնի մարզի 7 գյուղի բազմաթիվ բնակիչներ նորից հավաքվել էին բողոքելու Ապարան-Երեւան ջրատարի վրա հէկ կառուցելու շինարարության դեմ: Իրենց նախորդ բողոքի ժամանակ գյուղապետերը խոստացել էին, որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կհանդիպի իրենց հետ եւ պատասխան կտա բոլոր հարցերին: Հիշեցնենք, որ մարտի 6-ին Արագածոտնի մարզի 7` Օհանավան, Կարբի, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երեւան ջրատարի վրա հէկ կառուցելու շինարարությունը:

 

 
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը հայաստանյան բուհեր հնարավո՞ր է կազմակերպել անվճար հիմունքներով, թե՞ ոչ:

Համեստ Միրզոյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ սփյուռքահայ դիմորդները վերջերս հնարավորինս շատ են հետաքրքրվում Հայաստանում գործող բուհերով: Բայց նրանց խրախուսելու եւ հայրենիքում ուսում ստանալու համար, անհրաժեշտ է ավելի լավ ուսումնական պայմաններ ստեղծել:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ եւ տարիներ շարունակ արձակուրդ չեմ գնացել: Հիմա իմ աշխատանքային պայմանագիրը չեղյալ է համարվում: Խնդրում եմ պատասխանել` վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարվա չօգտագործված արձակուրդի համար պետք է փոխհատուցում ստանամ:

Անի Հայրապետյան (35 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով 21.06.2005 թվականին ուժը կորցրած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածի այն պահանջից, որ աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել արձակման դեպքում վճարելու աշխատողին չoգտագործած արձակուրդի դիմաց, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար, եւ եզրահանգելով, որ գործող աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը չի կարող հետադարձ ուժ ունենալ, որոշեց. մինչեւ 21.06.2005թ. վաստակած ամենամյա արձակուրդների համար դրամական փոխհատուցման գումարը պետք է հաշվարկվի երկու տարվա համար, իսկ փոխհատուցման չափը պետք է որոշվի համապատասխան ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չափով:
Ցավոք, դատարանը չի հստակեցրել, թե չվճարված տարիներից որ երկու տարվա մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, դա կարող են անել գործատուն եւ աշխատողը` փոխադարձ համաձայնությամբ:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում իսկապես քաղաքացին հայտնվել է տհաճ իրավիճակում: Միգուցե նա աշխատել է 2 տարուց ավելի, բայց ստացվում է, որ նա լավագույն դեպքում կարող է ստանալ միայն 2 տարվա համար: Այստեղից հետեւություն. պետք է տեղում եւ ժամանակին բարձրաձայնել բոլոր հարցերի մասին:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե ՀՀ մաքսային սահմանով ապրանք է ներմուծվում, ապա ապրանքների համար վճարվելիք մաքսային վճարները մինչեւ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել:

Գարիկ Նահապետյան (32 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Նահապետյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 97Ա հոդվածի դրույթներով, համաձայն որի` մաքսային վճարները վճարվում են ՀՀ մաքսային օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը: Մասնավորապես` մաքսատուրքի եւ մաքսավճարի վճարման ժամկետները սահմանված են ՀՀ մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, ակցիզային հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, բնապահպանական վճարների վճարման ժամկետը` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով, ճանապարհային վճարների վճարման ժամկետը` «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի վճարման ժամկետը սահմանված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստ է, որ ապրանքների մաքսավճարների օրենքը գործում է եւ ցանկալի է, որ մինչեւ տուգանվելը մեր հայրենակիցները տեղեկանան գործող կարգին՝ գումարային խնդիրներից խուսափելու համար:




Լրահոս