Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանից առկա դժգոհության մասին «Ժողովուրդ»-ը գրել էր մարտի 10-ի համարում: Երեկ մենք Վարդենիս քաղաքում հանդիպեցինք ոստիկանապետ Բաղյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են քաղաքացիները դժգոհում ոստիկանապետից:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մի խումբ վարդենիսցիներ հավաքվել են Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհի մոտ՝ այն փակելու մտադրությամբ: Նրանց հատկապես զայրացրել էր այն փաստը, որ ոստիկանապետ Բաղյանն անհիմն կերպով բերման է ենթարկում քաղաքացիներին, եւ նշանակման առաջին օրերից գրեթե բոլորի տներում (անգամ` կրկնակի խուզարկությունների ճանապարհով) ոսկու հանքաքար է փնտրում:
«Մենք գիտենք, որ մեր գյուղացիք վատ բան են անում` Սոթքի ոսկու հանքից ոսկի հանելով: Բայց ի՞նչ անեն, ճար չունեն, ո՞նց ապրեն: Էս միլպետն էլ դրել, բոլորին տեռորի է ենթարկում: Էրեխեքը միլիցու ավտո տեսնելիս չորանում են վախից: Սենց ապրել չի լինի: Մարդկանց էլ տանում վախացնում են, թե չբողոքեք, ձեն չհանեք։ Սենց ո՞նց կլնի»,-դժգոհել էր հավաքված քաղաքացիներից մեկը:
Ու սա միակ միջադեպը չէ, որ արձանագրվել էր ոստիկանության Վարդենիսի բաժնի դեմ: «Ժողովուրդ»-ը նաեւ պարզել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3 բնակիչներ՝ հայր ու որդիներ` Գնել, Արամայիս եւ Արսեն Հայրապետյանները, դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժնում: Իսկ ահա Հատուկ Քննչական ծառայությունում այս փաստի առթիվ հարուցվել է քր.գործ ՀՀ քր.օր 309 հոդվածի հատկանիշներով՝ Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Եվ այսպես՝ ներկայացնում ենք մեր զրույցը Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի հետ:
-Պարոն Բաղյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վարդենիսցիների մի զգալի մասն օրվա ապրուստը հոգալու համար իրենց կյանքը վտանգելով Սոթքի ոսկու հանքից գիշերով հանքանյութ են հավաքում, բերում ձուլում են, մի քանի գրամ ոսկի հանում եւ ապրում: Ու թեեւ ոստիկանությունը փորձում է իրավիճակը հսկել, այդքան էլ… ձեր պայքարը:
-Իրենց գործողությունը գողություն է եւ քրեորեն պատժելի արարք: Մենք աշխատում ենք, որպեսզի մարդիկ գողության ճանապարհով ձեռք չբերեն իրենց ապրելակերպի միջոցը:
-Փորձե՞լ եք հասկանալ, թե որ հատվածից է հիմնականում կատարվում գողություն:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմնականում գողություն անում են այն հանքից, որը փակված է: Այսպես ասած, բաց հանքից հողը քանդում են, մտնում են թունելի մեջ եւ գողանում: Դա նաեւ իրենց կյանքի համար է շատ վտանգավոր: Այս ընթացքում մենք իրենց բացատրել, զգուշացրել ենք, որ չգնան, չգողանան: Որոշ մարդիկ հասկացել են, չեն գնում, որոշներն էլ չեն ընդունել մեր առաջարկը եւ գնացել են: Մենք իմֆորմացիայի ճանապարհով հայտնաբերել ենք, համապատասխան նյութեր են նախապատրաստվել եւ գործ է հարուցվել:
-Նշեցիք, որ տեղեկություն եք ստանում, եւ ըստ այդմ էլ ստուգումներ եք իրականացնում: Օրերս մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով հենց Ձեր գործողություններից, որ անհիմն կերպով մտնում եք իրենց բնակարանները, գրպանները եւ ստուգումներ անում։ Կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում:
-Իրենք դժգոհ են: Իրենք ուզում են, որ մենք թույլ տանք գնան եւ գողություն անեն, բայց դա քրեորեն պատժելի արաք է եւ մենք պայքարում ենք գողության դեմ:
-Դուք բացատրեցի՞ք այդ ամենը բնակիչներին:
-Այո, հանդիպում եղավ քաղաքապետարանում, անձամբ հանդիպեցի, խոսեցի, մարդիկ հասկացան: Այդ բողոքի ակցիայի հիմնական կազմակերպիչը մեկ հոգի էր ու նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված: Մինչ այդ, ում վրա քրեական գործ կար հարուցված, ինքը չէր հետաքրքրվում, բայց երբ հերթը իրեն հասավ, սկսեց այդ ամենը կազմակերպել:
-Մարդիկ նշում էին, թե իրենց ծեծում են: Երբ իրենց երեխաները ոստիկաններին տեսնում են վախից թաքնվում են:
-Ոստիկանությունում ընդհանրապես չեն ծեծում, դա մեր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահանջն է: Մեր վարչության պետի պահանջն է, իմ պահանջն է: Ոչ ոքի չեն ծեծում եւ չեն հայհոյում:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող տարածքներում հանքանյութ են հայտնաբերել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մենք իրեն պատկանող տարածք չենք մտել եւ իրավունք էլ չունենք մտնել: Ավելին, նման դեպք մեր բաժնի հետ կապված չի արձանագրվել:
-Վարդենիսցիները պահանջում էին իրենց հարազատ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Դուք հայտնե՞լ եք մարդկանց ցանկությունը Ձեր ղեկավարին, հնարավո՞ր է՝ նա այցելի Վարդենիս:
-Չէ, բայց Վլադիմիր Գասպարյանը ինչո՞ւ գա: Ես նպատակ չեմ տեսնում: Իրենց պահանջն այն է, որ գնան գողություն անեն, իսկ ես ասել եմ՝ դա չի լինի:
– Դուք ասացիք, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում ծեծ չկա, քանի որ դա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահանջն է, սակայն ՀՔԾ-ում ոստիկանության Վարդենիսի բաժնում գրանցված ծեծի մասով քրեական գործ է հարուցվել:
-Քննություն է գնում եւ կպարզվի, որ ամեն ինչ այդպես չի եղել:
-Այսինքն՝ Դուք մտավախություն չունե՞ք, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանի կարգավիճակում կհայտնվեք: Նա հանցագործությունը թաքցնելու համար կալանավորվել է:
-Ես վախենալու բան չունեմ եւ հարյուր տոկոս կարող եմ ձեզ ասել՝ ծեծ չի եղել եւ չի էլ կարող լինել:
-Իսկ Ձեզ ՀՔԾ հրավիրել են:
-Հարուցված է քրեկան գործ, ՀՔԾ հատկապես կարեւորագույն գործերով քննիչը եկել է ոստիկանություն, լսել է իրենց, քննչական գործողություններ է կատարել: Վերջում քննությունը կպարզի, թե ինչ է եղել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԹԱԼԱՆ՝ ՈՍԿՈՒ ԽԱՆՈՒԹԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարտի 16-ին Ստեփանավան քաղաքում օրը ցերեկով գողության դեպք է արձանագրվել, ինչի պատճառով ոստիկանները լուրջ ստուգումներ են իրականացրել քաղաք մտնող բոլոր մեքենաներում եւ հակառակը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երեկ 3 հոգի դիմակավորված մտել են Ստեփանավանի կենտրոնական փողոցում գտնվող հուշանվերների, ոսկու խանութ եւ ամբողջությամբ թալանել: Ըստ ստեփանավանցիների` խանութի աշխատող Բալասանն այդ պահին մենակ է եղել խանութում: Դիմակավորված անձինք կապել են նրա ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով՝ բերանը, որպեսզի խանութի աշխատողը չկարողանա օգնություն կանչել: Ինչեւէ, դիմակավորված անձինք թալանելով ողջ խանութը հեռացել են, իսկ մինչ երեկ երեկոյան քաղաքում լուրջ ստուգումներ են իրականացվել: Սակայն հանցագործները դեռ հայտնաբերված չեն:
ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ եւ այսօր ողջ հանրապետությունում 18-20 մ/վրկ ուժգնությամբ վտանգավոր քամիներ են եղել, ինչի արդյունքում մեծ վնասներ են կրել հիմնականում Արմավիրի մարզի այն համայնքները, որտեղ գործում են պոլիէթիլենային ջերմատներ: Ուժգին քամուց պոլիէթիլենային ծածկերը պատռվել են, իսկ բույսերի՝ լոլիկի, վարունգի, սմբուկի սածիլները՝ վնասվել: Երեկ ՀՀ մի քանի մարզերում կաթվածահար է եղել նաեւ էլեկտրահաղորդակցությունը:
Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ոչ մի փոխհատուցում էլ չի սպասվում քամու հետեւանքով կրած վնասների դիմաց: Ի դեպ, հիշեցնենք, որ անցյալ տարի էլ Արմավիրի մարզում ուժեղ կարկուտ տեղաց, որի հետեւանքով ավելի քան 40 համայնք խոշոր չափի վնաս կրեց:
ԲԼԹ
«Ահա ես կարամ լավ ծափ տամ… Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարակական գործունեությամբ»:
Բարսեղ Բեգլարյան armlur.am
Սա մոտավորապես համարժեք է նրան, որ Հայաստանի օլիգարխ-պատգամավորները կամ գործարար-նախարարները կարող են ասել, թե բիզնես չունեն: Բնականաբար, իրենց ասածին նույնիսկ իրենք չեն հավատա: Նույն հաջողությամբ ղարաբաղցի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը կարող է կապ չունենալ քաղաքականության հետ: Սա այն երկիրն է, որտեղ քրեաօլիգարխիան եւ քաղաքականությունը սերտորեն շաղկապված են միմյանց հետ, եւ Ֆլեշի Բարսեղի նման մարդկանց կապը քաղաքականության հետ նորություն չէ, հատկապես որ խոսքը գնում է ղարաբաղյան կլանի ներկայացուցչի մասին՝ որպես գորշ կարդինալ:
«Ինչ վերաբերում է խմիչքին, եթե ընդունում ենք գովազդելու հնարավորությունը, ապա պետք է հավասարության, արդարության սկզբունք կիրառենք, բոլոր ԶԼՄ-ներին տանք այդ հնարավորությունը… թերթերն ու կայքերն էլ պետք է կարողանան փող աշխատել»:
Հովհաննես Մարգարյան «Առավոտ»
Իբրեւ թե երկրում կամ երկրի քաղաքական դաշտում կարողացել են հավասարության եւ արդարության սկզբունք կիրառել, հիմա էլ անցան լրատվամիջոցների՞ն: Կամ այդ երբվանի՞ց ՕԵԿ-ական պատգամավորը սկսեց մտահոգվել թերթերի եւ կայքերի եկամուտներով, եթե միայն հաշվենք, թե քանի հայց է այս կուսակցությունը ներկայացրել միայն «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, արդեն բավական է պատգամավորի անկեղծությունը կասկածի տակ դնելու համար: Նա մեր թերթից գումար պոկելու ակնկալիք ունի: Գուցե պատգամավորի մտահոգություններն առնչվում են Արթուր Բաղդասարյանին պատկանող լրատվական կայքերի՞ն:
«20 միլիոնից ամենաշատ գումարները՝ շուրջ 11 միլիոն դրամը, բաժին է ընկնել ռուսական համայնքի «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հ/կ-ին»:
Վաչե Գաբրիելյան «Առավոտ»
Լավ, հասկացանք՝ Մաքսային միություն ենք մտել, Ռուսաստանի հետ ճորտատեր-ճորտ հարաբերություններն արդեն օրենքով կամրագրենք, բայց միթե դա նշանակում է, որ բոլոր ոլորտներում պետք է ռուսապաշտություն դրսեւորենք: Եթե կառավարությունը պետական բյուջեից մեր երկրի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացնում է 20 միլիոն դրամ՝ նրանց կրթական ու մշակութային խնդիրները լուծելու համար, ապա ինչո՞ւ այդ 20 միլիոնից 11 միլիոնը պետք է գնա ռուսական համայնքին: Ազգային այլ փոքրամասնություններ չունե՞նք: Թե՞ ռուսի փայլը մթնեցրեց բոլորին:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ