ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՔՈՂԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների միավորումը կառավարության փոփոխության պահանջի ներքո կարծես սկում է թափ հավաքել: Այդ համատեքստում ուշագրավ է, թե ինչպես Տիգրան Սարգսյանին հաջողվեց ամրանալ իշխանության մեջ եւ արդեն 6-րդ տարին բոլորել վարչապետի պաշտոնը: Նրա նշանակման ու ՀՀԿ-ին անդամակցելու փաստի շուրջ բավականին ծավալուն վերլուծական է հեղինակել ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ով հանրայնացված է «Վիկիլիքս»-ի կողմից:

Անդրադառնալով 2008թ. նոյեմբերի 17-ին Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրմանը, Փենինգտոնը տեղեկացնում է, որ 1990-ական թվականներին նա եղել է ընդդիմադիր ԱԺՄ-ի ներկայացուցիչ, բայց իր կապերը խզել է կուսակցության հետ, երբ դարձել է Կենտրոնական բանկի նախագահ: Փաստաթղթի հաջորդ հատվածը, որն ամերիկացին վերնագրել է «Ծածկիր ինձ, ծածկեմ քեզ», ներկայացնում է Սերժ Սարգսյանի դիտավորությունը՝ վարչապետի կուսակցականացման խնդրում: Մեջբերելով քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը՝ դիվանագետն արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի նպատակն է ներիշխանական դիրքերում պակաս խոցելի դառնալը: «Կուսակցական քողի տակ ներկայանալով՝ Սարգսյանները նվազ խոցելի կլինեն պալատական դավադրություններին ընդառաջ»: Այդ համատեքստում ամերիկացի դիվանագետը հիշատակում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացները, որտեղ «ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել, ինչից խուսափելու համար պետք է իշխանությունն ավելի ամրապնդել: Այդ համատեքստում հիշարժան է նաեւ 2009թ. ՀՀ տնտեսության 18 տոկոս անկումը, որը ոչ միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, այլեւ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի բացակայության արդյունք է»:
Ջ.Փենինգտոնն այնուհետեւ նշում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետ դառնալու հավակնորդը Հովիկ Աբրահամյանն է, ով միգուցե մտածում է նաեւ նախագահի աթոռին բազմելու մասին: «Գլխավորելով Սերժ Սարգսյանի ընտրական շտաբները 2007 եւ 2008թթ. (ապա եւ՝ 2012թ. եւ 2013թ.,-հեղ.) Աբրահամյանի նկրտումներն ավելի ակնհայտ են դարձել՝ հատկապես Հայաստանի ամենահայտնի ու միգուցե ամենահարուստ բիզնես մագնատ Գագիկ Ծառուկյանի հետ խնամիանալու արդյունքում»:
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի շարժառիթները՝ Փենինգտոնը նախ եւ առաջ նշում է, որ «երբ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին նշանակեց ՀՀ վարչապետ, շատերը կանխատեսում էին, թե վերջինս երկար չի մնա այդ պաշտոնում՝ քաղաքական տերերի բացակայության պատճառով: Եվ նրա պաշտոնավարման սկզբում քաղաքական շշուկներ էին տարածվում, թե Տիգրան Սարգսյանի հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում օլիգարխիան պատրաստվում է նրան հեռացնել պաշտոնից: Սակայն վարչապետը, հիմնվելով նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի աջակցության վրա, անարձագանք էր թողնում այդ բամբասանքները: Մենք հավատում ենք, որ վարչապետին եւ նրա աջակիցներին տեղավորելով ՀՀԿ-ի պաշտպանական տանիքի ներքո, եւ Տիգրան Սարգսյանին մտցնելով կուսակցության գործադիր կոմիտեի մեջ, Սերժ Սարգսյանը հասկացրեց շատերին, որ վարչապետի դեմ հանդես գալը նշանակում է իր դեմ հանդես գալ»:
Փենինգտոնի կարծիքով՝ այդ մեսիջը ուղղված էր այն մարդկանց, ովքեր աչք ունեին վարչապետի աթոռի կամ էլ նույնիսկ ավելի բարձր պաշտոնի վրա: Դիվանագետի համոզմամբ՝ այս մեսիջը քիչ հավանական է, որ ուղղված լիներ օլիգարխներին, «քանզի Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունը չեն կարող թույլ տալ, որ վտանգի ենթարկվի օլիգարխների ֆինանսական ու կազմակերպչական աջակցությունը, որը կարեւորվում է հատկապես ընտրությունների ժամանակ՝ անկախ նրանից, թե ինչ ունի իր մտքում Տիգրան Սարգսյանը: Քանի որ նորմալացման գործընթացներն էլ բավականին վատ են ընթանում, ուստի Սերժ Սարգսյանը, որի հեղինակությունը դրա արդյունքում զգալիորեն նվազում է, կարիք ունի տարբեր շրջանակներին վստահեցնելու, որ իր իշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ ներքին ռիսկերը վերահսկողության ներքո են»: Սա անելու լավագույն եղանակը, ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատարի համոզմամբ՝ «իր (Սերժ Սարգսյանի,-հեղ.)՝ վարչապետին ուժեղ քաղաքական դերակատար դարձնելու գլխավոր նպատակն է, որը կպաշտպանի իր թիկունքը խորդուբորդ ճանապարհի ընթացքում: Այս գործընթացում վարչապետն ինքն է դառնում ավելի վտանգավոր խաղացող, որն ավելի մեծ արտոնություններ կպահանջի իր վերափոխումների օրակարգը հաստատելու համար»:
Վեցամյա հեռավորությունից կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ու իր կառավարական թիմը կարողացան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը՝ խույս տալով պալատական հնարավոր հեղաշրջումից: Դրան զուգահեռ, սակայն, երկրի տնտեսա-քաղաքական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլեւ ավելի վատացավ: Նման իրավիճակում հնարավոր ելքը կարող է դիտվել վարչապետի փոփոխությունը: Այս տարբերակը միեւնույն ժամանակ կարող է ռիսկային լինել անձամբ Սերժ Սարգսյանի համար, հատկապես որ նա ԵԿՄ վերջին համագումարում հրապարակայնորեն սատարեց վարչապետի «բարեփոխումները»: Արդ, եթե ԱԺ չորս խմբակցությունները լրջորեն տրամադրվեն կառավարության փոփոխության հարցում, ապա հանրապետության ներքաղաքական կյանքի սրումը, կարծես, անխուսափելի կդառնա:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՕԹԵՎԱՆՈՒՄ ԴՊՐՈՑ ՉԿԱ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթեւան համայնքի միջնակարգ դպրոցն աշակերտների թվաքանակի պատճառով երկու տարի առաջ է փակվել: Ժամանակին օթեւանցիները զբաղվում էին ոչխարաբուծությամբ, հիմա՝ ոչ, քանի որ գյուղացիների խոսքերով՝ այն եկամտաբեր չէ: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Օթեւանի համայնքապետ Բրո Ֆատոյանի հետ: Օթեւանի բնակիչներն ընտանիքի կարիքները հոգալու համար հիմնականում մեկնում են Ռուսաստանի Դաշնություն:

-Պարոն Ֆատոյան, ի՞նչն էր դպրոցի փակվելու պատճառը:
-Չորս աշակերտ ունեինք, դրա համար էլ փակվեց: Եթե երեխաները շատանան կբացվի:
-Հիմա գյուղում երեխա չկա՞:
-Կան, քիչ են: Հաճախում են հարեւան գյուղերի դպրոցներ:
-Ինչո՞ւ է նվազել աշակերտների թիվը:
-Երիտասարդները հեռացան գյուղից: Մի քանիսն էլ իրենց երեխաներին տարան գյուղից դուրս, ու այդպես կամաց-կամաց հեռացան: Նվազեց նաեւ երեխաների թիվը, հետեւաբար, դպրոցի գործունեությունն էլ կասեցվեց:
-Այս պահին, գյուղում քանի՞ բնակիչ է ապրում:
-14 ընտանիք: Իսկ նախկինում՝ տարիներ առաջ գյուղն ուներ 360 բնակիչ: Ստեղծված իրավիճակի պատճառը գյուղում առկա արտագաղթն է: Դժվար է: Գնում են: Ի՞նչ անեմ, որ կանխեմ: Ասում ենք՝ մի գնացեք, ձեր պապերի գյուղն է, էստեղ սրբություն ունեք, մնացեք, բայց դե մարդիկ պետք է երեխա պահեն:
-Օթեւանցիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Դե, անասնագործությամբ են զբաղվում, բայց դրանով ի՞նչ ընտանիք պահեն: Գյուղացի են, եկամուտի մասին արդեն չեն էլ մտածում: Չեն աշխատում, աշխատատեղ չկա: Դրա համար էլ բնակիչների մեծ մասը Ռուսաստանի Դաշնություն են մեկնում՝ արտագնա աշխատանքի: Էն էլ հետ պիտի գան:
-Ասում են՝ հեշտացրել են, ինչո՞ւ են հետ գալիս:
-Չէի ասի: Եթե հեշտացրել են, ոնց են հետ գալիս: Մեր գյուղում մարդիկ գլուխները կախ աշխատում են, որ դժգոհեն, ո՞վ է բերելու ինչ տա իրենց: Գյուղապետարանի աշխատանքն էլ եկամտաբեր չէ, բայց ինչ արած:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՆԱԵՎ  ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
Երեկ կեսօրից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ գիտաշխատողներ դուրս էին եկել բողոքի՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի: ԳԱԱ շենքի առջեւ հավաքված գիտաշխատողները ստորագրահավաք էին անցկացնում, որին կցել էին նաեւ դիմում-բողոք՝ ուղղված ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Մի խումբ գիտաշխատողներ ակադեմիայի նախագահին հասցեագրված իրենց նամակը հանձնեցին ընդհանուր բաժին: Նամակում մասնավորապես ասված էր. «Հայտնում ենք Ձեզ մեր մտահոգությունը եւ անհամաձայնությունը կենսաթոշակային պարտադիր վճարները գանձելու որոշման վերաբերյալ: Խնդրում եւ պահանջում ենք այդ հարցը քննարկել եւ բողոքարկել պատկան մարմիններում»:
Աշխատակիցների համոզմամբ՝ եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա գիտությունը Հայաստանում կկանգնի լարվածության վտանգավոր մակարդակի եւ անդառնալի կորուստների առջեւ, էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ: Իսկ երիտասարդ գիտնականներն էլ ստիպված կլինեն կամ հեռանալ գիտությունից, կամ էլ՝ երկրից:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հանդիպել ակցիայի մասնակիցների հետ՝ փոխանցելով, որ ինքը տեղում չէ, սակայն ավելի ուշ, երբ լրագրողները բարձրացան շենք, նա ընդունեց լրագրողներին:
Անդրադառնալով «կուտակայինի» մասին օրենքին՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Դա մի օրենք է, որը կա բազմաթիվ երկրներում եւ այն իր դրական ազդեցությունը կունենա հետագայում»: Լրագրողների դիտարկմանը, թե երիտասարդ գիտաշխատողները պնդում են, որ օրենքը կստիպի իրենց չզբաղվել գիտությամբ՝ առանց այն էլ ցածր աշխատավարձով, եւ, ի վերջո, կհանգեցնի արտագաղթի, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման բան չկա, ոչ մի արտագաղթ էլ չի լինի»:
Ավելի ուշ երիտասարդ գիտնականները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան:

Ն. Պ.

 

 




Լրահոս