ԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴՊՐՈՑ ՉԻ ՀԱՃԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվեն, մեր հանրապետությունում բազմաթիվ աշակերտներ զրկվում են պարտադիր կրթություն ստանալու հնարավորությունից: Այսպիսի մի օրինակ է նաեւ Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկի` Մարգարայի խճուղի հասցեում բնակվող 23-ամյա Քրիստինե Ալոյանի 7-ամյա դուստրը: Վերջինս, սակայն, գումար չունենալու պատճառով չի հաճախում դպրոց:

Էջմիածին քաղաքից 4կմ հեռավորության վրա գտնվող թաղամասը` Մարգարայի խճուղին, նախկինում կոչվել է Խոզաբուծական: Հենց այստեղ էլ ապրում է 23-ամյա Քրիստինեն` իր 7-ամյա դստեր, մոր եւ երկու եղբայրների հետ: Նախկինում այս թաղամասը կցված է եղել հարեւան Գրիբոյեդով համայնքին, սակայն այն այժմ գտնվում է Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ: Նշենք, որ այս բազմանդամ ընտանիքը չունի եկամտի եւ ոչ մի աղբյուր: Քրիստինեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ամաչելով պատմեց, որ գումար աշխատում է միայն գարնան եւ ամռան ամիսներին, երբ մարդիկ իրենց հողատարածքներում աշխատանք են ունենում: Քրիստինեի եղբայրներն ամուսնացած չեն եւ չեն էլ պատրաստվում, քանի որ ընտանիք կազմելու պայմաններ չկան:
Ծանր վիճակում հայտնված բազմանդամ այս ընտանիքը ձմռան ամիսները մի կերպ է անցկացրել: Նրանք ապրուստի ոչ մի միջոց չունեն, չեն օգտվում նաեւ «Ընտանեկան» նպաստից, «Օգնության» ցուցակից, «Փարոս» համակարգից: «Օր կա սոված ենք` առանց մի կտոր հացի, օր էլ կա` մի կտոր հացով: Աշխատանք լինում է` աշխատում եմ, չի լինում` տանն եմ նստում: Եղբայրներս էլ կամ աշխատում են կամ էլ ոչ: Իսկ մայրս հիվանդ է: Այս տարի` ձմռանը աշխատանք չունեինք. էդ ձյանը հազիվ էինք կարողանում փայտ գտնել: Ես եմ հիմնականում գնացել հարեւան համայնքների հողատարածքներից փայտի կտորներ հավաքել ու բերել, որ տաքանանք»,-ներկայացրեց երիտասարդ կինը:
Սակայն միայնակ մոր մտահոգության գլխավոր խնդիրը 7-ամյա դստեր` Աննայի դպրոց չհաճախելն է: «Հնարավորություն չունեմ, որ շորեր, կոշիկ ու տետրեր գնեմ: Ոչ մի բան չունեմ դպրոց ուղարկելու համար: Փող չկա: «Փարոս» համակարգից օգտվելու համար դիմեցի Էջմիածնի համապատասխան բաժին, բայց ասացին, որ պետք է երեխայի հետ միասին առանձին ապրեմ, որ ստանամ: Բայց ո՞ւր գնամ, տեղ չունեմ գնալու: Աշխատանք չունեմ, որ ունենայի, գոնե վարձով կապրեի»,-հուզված ձայնով ասաց Քրիստինեն: Ի դեպ, Քրիստինեի մայրը` տիկին Հասմիկը, ով ունի առողջական խնդիրներ, թոշակ չի ստանում:
Մեր զրուցակցի խոսքով՝ Աննան շատ է ցանկանում դպրոց հաճախել: «Ամեն առավոտ, երբ պատուհանից տեսնում է, թե մյուս երեխաները ոնց են դպրոց գնում, ինքն էլ է ուզում, լաց է լինում ու պահանջում: Տեսնեմ, եթե էս տարի ամեն ինչ լավ լինի, կուղարկեմ, բայց գիշերօթիկ դպրոց, թե չէ այլ տեղ հնարավորություն չունեմ»,- ասաց Քրիստինեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 7-ամյա Աննան անկեղծացավ` ասելով, որ շատ է ուզում մյուս աղջիկների նման դպրոց գնալ. «Մաման ասեց, որ փող չկա: Բայց ես շատ եմ ուզում գնամ, որովհետեւ ուզում եմ սովորել ու ատամնաբույժ դառնալ»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ-ում 2012-2013 ուս. տարում դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թվաքանակը կազմում է 754, որից 165-ը սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով Է դուրս մնացել, 271-ը` ցանկության բացակայության, 127-ին ծնողները չեն ուղարկում, 3-ը` խուլ են, 5-ը` կույր, 3-ը` ֆիզիկական, 10-ը` մտավոր անկարողություն ունեն:
Ի դեպ, գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախել է 144 հազար 864 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 39.3%-ը, որից 76 հազար 342-ը կամ 52.7%-ը` տղա է: Ըստ ԿԳՆ-ի` աճել է տարբեր պատճառներով ուսումն անավարտ թողած եւ դպրոցից հեռացած սովորողների թվաքանակը` նախորդ տարվա 758 սովորողից դառնալով 1070: Աճը կազմել է շուրջ 40.8%:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ միայն 2010թ. Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից: Մասնագետները բարձրաձայնում են, որ դպրոցներից դուրս մնացած աշակերտների թիվը նվազելու փոխարեն աճում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵՐԵՔ ՀՈԳԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարտի 14-ին ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնությունը՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

Չեմպիոնի կոչումը 9,0 միավորով նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը, արծաթը բաժին հասավ իսպանացի Դավիդ Անտոն Գարիխարոյին, բրոնզը՝ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին: Նրանք երկուսն էլ վաստակել էին 8,0 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից հավասար արդյունք՝ 7,5-ական միավոր, ցույց տվեցին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, ով եզրափակեց լավագույն տասնյակը, Գաբրիել Սարգսյանը՝ 16-րդ, եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ 22-րդ հորիզոնական: Նրանք երեքն էլ Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին:
Եվրոպայի առաջնության արդյունքների վերաբերյալ զրուցեցինք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ, ով, մասնավորապես, ասաց.
-Եվրոպայի առաջնությունը կազմակերպչական առումով լավ անցավ. մասնակիցների համար ստեղծվել էին անհրաժեշտ պայմաններ, եւ բոլորը գոհ էին այդ աշխատանքներից։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչների ելույթներին, ապա, ամեն դեպքում, մեր լավագույնները՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, իրենց լավ դրսեւորեցին։ Ցավում եմ միայն, որ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջին երկու պարտիաներում անսպասելի պարտություններ կրեց՝ զիջելով դիրքերը։ Շատ լավ խաղացին պատանի մեր շախմատիստները, որոնցից Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի, իսկ մի քանիսը՝ միջազգային վարպետի նորմա լրացրեցին։
-Երեք հոգի իրավունք ստացան ներկայացնել Հայաստանը շախմատի աշխարհի անհատական առաջնությունում, այդ թվում՝ Սամվել Տեր-Սահակյանը, ով սկզբում, կարծես թե, ոչնչով աչքի չէր ընկնում։
-Նա ընդհանրապես վատ չէր խաղում, իսկ վերջին մի քանի պարտիաներում կարեւոր հաղթանակներ տարավ եւ իրավունք ստացավ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը։
-Որքան գիտեմ, եկող տարի Հայաստանում անցկացվելու է կանանց եւ տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը։
-Այո, այդպես է, բայց դեռեւս ժամկետը որոշված չէ։ Շատ խոշոր մրցաշար է լինելու։
-Բնական է, հետեւում եք հավակնորդների մրցաշարում հանդես եկող Լեւոն Արոնյանի խաղին։ Ի՞նչ նախնական տպավորություն եք ստացել։
-Կարելի է ասել՝ մրցաշարը նոր է սկսվել։ Առաջին պարտիայում ես զգացի, որ Լեւոնը, կարծես թե, չէր սկսել մտնել պայքարի մեջ։ Երկրորդ պարտիան, կարծում եմ, մի քիչ, այսպես ասած, եղավ ոչ ամբողջական, որովհետեւ Մամեդյարովը կոպիտ սխալ թույլ տվեց։ Երրորդ պարտիայում ե՛ւ Լեւոնը, ե՛ւ Տոպալովը ակտիվ գործողություններ էին ծավալել, բայց, ի վերջո, դա ավարտվեց հավերժական շախով։ Այսօր էլ (երեկ-Ռ.Թ.) Լեւոնն է ակտիվ խաղում, ֆիգուր է զոհաբերել, բայց դեռ դժվար է ասել, թե ինչ կլինի…
Լեւոն Արոնյանը հաղթեց եւ, վաստակելով 2,5 միավոր, կիսում է 2-3-րդ հորիզոնականները Կրամնիկի հետ։ Երեք միավորով առաջատարը Անանդն է, ով ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ։ Մյուս հանդիպումներն այսպիսի ելք ունեցան՝ Մամեդյարով-Անդրեյկին՝ 1։0, Կարյակին-Տոպալով՝ 0,5։0,5։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ՄԱՍՆԱԳԵՏ ՉԿԱ՞
Տավուշի մարզպետարանի 112 հոգանոց աշխատակազմում ընդգրկված կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության՝ թվով 5 աշխատակիցների մեջ միայն մեկն է զբաղվում մշակույթի ոլորտով: Նա էլ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, մշակութային ուսումնական հաստատություն չի ավարտել: Մարզպետարանի աշխատակազմում վարորդի 4 հաստիք կա, սակայն մշակութային ոլորտը համակարգում է ընդամենը մի աշխատող, այն էլ՝ ոչ ոլորտի մասնագետ: Իսկ մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար պետության կողմից քիչ գումարներ չեն հատկացվում: Օրինակ՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարտի 3-ին ընդունել է թիվ 26-Ա որոշումը, որով 2014թ. ՀՀ պետական բյուջեի «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների կայացմանը» ծրագրով Տավուշի մարզպետարանի համար նախատեսված գումարներից 550 հզ. դրամ է ուղղել «Կանանց տոն» միջոցառման կազմակերպման համար: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը ոչինչ չի հաղորդում տվյալ միջոցառման մասին: Մարզպետարանի կին աշխատողներից մեկի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարում երեւում է, որ մարզպետը մարտի 8-ի առթիվ խորհրդակցությունների սենյակում ընդունել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների մոտ 20 կին աշխատակիցների, որոնց ձեռքին մեկական վարդ կա:

 

ԾԱՌԵՐԸ  ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի այգիներն ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2մմ տրամագրծով: Այն ուժեղ վարակում է դեղձենին, խնձորենին, տանձենին, ծիրանենին, շլորենին: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ, «Հայկական միրգ» ՓԲԸ Տավուշի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալիֆոռնիական վահանակրի էգը 2000-4000 հատ ձու է արտադրում եւ ձմռանն իր մարմնով փակում, պաշտպանում է դրանք: Այդ կերպ ոչնչանալով՝ այն կյանք է տալիս մեծաքանակ սերնդի: Եթե ժամանակին դրա դեմ բուժումներ չեն կատարվում, ծառն ամբողջությամբ պատվում է վնասատուներով եւ մեկ տարվա մեջ չորանում: Ս. Զաքարյանը հայտնեց, որ վահանակրի դեմ պայքարի առաջին փուլը պետք է իրականացնել ծառերի բողբոջներն ուռչելու ժամանակ, երկրորդ փուլը` մայիսին, ծառերի ծաղկաթափից հետո, երրորդը՝ հուլիսին: Թուրանական վահանակրի էգն ավելի փոքր թվով ձվեր է արտադրում: Ս. Զաքարյանի վկայությամբ՝ պտղատու այգու մեկ հեկտար տարածքում այդ վնասատուի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է 30-40 հզ. դրամի բուժանյութ: Արդյունավետ են գերմանական եւ ճապոնական բուժամիջոցները: Սակայն նոյեմբերյանցի շատ այգեգործներ, սոցիալական վատ վիճակում գտնվելով՝ օգտվում են շուկան հեղեղած պարսկական եւ թուրքական էժան բուժանյութերից, որոնք անարդյունավետ են: Նա հայտարարեց, որ եթե տարածաշրջանի համայնքապետերը գյուղերում այգեգործներին հավաքեն, ինքը պատրաստ է անվճար մասնագիտական խորհրդատվություն անել: Հուսանք, որ մասնագետի այս առաջարկը կողջունվի եւ կօգտագործվի համայնքապետերի կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս