ԴՈԼԱՐԻ ԱՃԸ ԿԲԵՐԻ ԳՆԱՃԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դարձել է դրամի արժեզրկումը: 1 դոլարն արդեն գնում են 407, վաճառում՝ 409-410 դրամով: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կատարվածը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ դա կհանգեցնի գնաճի:  
«Կարծում եմ, որ 2012-ի ընթացքում դրամի արժեզրկման միտումները կգերակայեն դրա արժեւորման միտումների նկատմամբ: Ուզում եմ հուսալ, որ կլինի սահուն արժեզրկում, 2012-ին գահավիժում չի լինի: Գահավիժում կամ ավելի տեմպով արժեզրկում սպասում եմ 2013-ին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ հերթական ընտրակաշառքի արդյունքում փողի (դրամի) բազան կավելանա, ինչպես նաեւ հարկ կլինի վճարել շուրջ 500 մլն դոլարի արտաքին պարտք: Անշուշտ, վերը նշվածը կարող է ի չիք դառնալ, եթե հանկարծ նավթի գները սկսեն աճել, եւ դոլարը արժեզրկվի, կամ էլ մեկ էլ տեսար կառավարությունը կամ ԿԲ-ն նորից պարտք վերցնեն եւ խնդիրը մի քանի տարով հետաձգեն: Դրամի արժեզրկումը կբերի լրացուցիչ գնաճի: Տնտեսության առանցքը ներմուծումներն են, իսկ այս դաշտը մոնոպոլ կամ օլիգոպոլ դաշտ է: Դատելով նրանից, որ մենաշնորհ օլիգարխները գրեթե առանց փոփոխության անցան ԱԺ, ՀՀԿ-ն ստացավ («գնեց») էլ ավելի «մեծ» մեծամասնություն, հակամենաշնորհային քաղաքականությունը բացառված է: Այս պայմաններում դրամի ցանկացած արժեզրկում ավտոմատ բերելու է գնաճի»,-գրել է նա: Ըստ Բագրատյանի՝ այսքանից հետո պետք է հետեւյալ քայլերն իրականացվեն. «Բոլոր խնայողությունները պահել դոլարով (ծայրահեղ դեպքում ռուսական ռուբլով, իսկ էլ ավելի ծայրահեղ դեպքում՝ եվրոյով): Հասկանում եմ, որ սովորական մարդիկ խնայողություն քիչ ունեն կամ բոլորովին չունեն: Է, ինչ որ ունեն: Չգայթակղվել դրամի վրա բանկերի կողմից տրված բարձր դեպոզիտներով: Աշխատել ապրանքների ու ծառայությունների գնման պայմանագրերը անել դրամով, վաճառքինը՝ դոլարով: Չհրապուրվել երկարաժամկետ դեպոզիտների բարձր տոկոսներով: Հնարավորության սահմաններում ստեղծել առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ»:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս