ՀՐԴԵՀԻ ԱՀԱԶԱՆԳ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրին՝ 13:00-ին, երբ Աբովյան քաղաքի կենտրոնից «Պազ» մակնիշի ավտոբուսը շարժվել է Երեւան, ներսում եղել է 11 ուղեւոր: Մի փոքր ընթանալուց հետո ավտոբուսը սկսել է չաշխատել: Վարորդը ուղեւորներին զգուշացրել է, որ իրենք պետք է «վուլկանիզացիա» մտնեն, քանի որ նման ձեւով չեն կարող Երեւան հասնել: Ու հենց «խոսքը բերանի» մեջ»՝ հանկարծակի ավտոբուսը սկսել է այրվել:
«Ժողովուրդ»-ին զանգահարած ուղեւորներից մեկը պատմեց, որ, բարեբախտաբար, իրենց բոլորին հաջողվել է դուրս գալ ավտոբուսից: Նրանց օգնության են հասել ականատեսները՝ փորձելով մեկուսացնել կրակը: Ավելին, զգուշացվել է, որ «այստեղ-այնտեղ» չպատմեն դեպքի մասին:
Երեկ լուրեր էին շրջանառվում, որ այս անգամ եւս Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, առնչություն է ունեցել այդ «բռնկման» հետ, սակայն վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այդ ամենի մասին առաջին անգամ է լսում ու որեւէ տեղեկություն չունի:
Հրդեհի հետ կապված որեւէ ահազանգ չէին ստացել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել մարտի 2-ին Երեւան-Չարենցավան երթուղու «Պազ» մակնիշի ավտոբուսներից մեկում: Այդ ժամանակ էլեկտրալարերի կարճ միացումից էր հրդեհ բռնկվել: Բանն այն է, որ այս ավտոբուսներն արդեն կիրառությունից դուրս են եկել, սակայն անվճար հիմունքներով նրանք «յոլլա են տանում» Աբովյանի բնակիչներին:
Ի դեպ, բարեգործական այս ավտոբուսները սկսել են աշխատել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ եւ կշարունակեն գործել մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները:
Հրդեհի մասին երեկ փորձեցինք տեղեկություն ստանալ նաեւ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս